2019.06.19,

Նյուսրում

Ֆեյսբուքում որոնելը ավելի է բարդացել

author_posts/gegham-vardanyan
Գեղամ Վարդանյան
twiterfacebook

Կրթությամբ ֆիզիկոս, մասնագիտությամբ՝ լրագրող:

Ֆեյսբուքը երբեք էլ բովանդակություն որոնելու համար լավագույն տեղը չի եղել։

Facebook Graph Search-ը յուրաքանչյուրին թույլ էր տալիս որոնել Ֆեյսբուքում հանրային տեղեկությունները (այն գրառումները, լուսանկարները, տեսանյութերը և այլն, որոնք Ֆեյսբուքում հանրային են)։

Հունիսի 6-ից Ֆեյսբուքը Graph Search-ը դարձրել է ավելի սահմանափակ ու ոչ թափանցիկ։

Graph Search-ում փոփոխությունների պատճառով որոնումը աշխարհի ամենամեծ սոցիալական ցանցում բարդացել է։ Հատկապես բարդացել է նորությունների ու փաստերի ստուգմամբ մասնագիտացած կազմակերպությունների` Bellingcat-ի ու նման այլ խմբերի, աշխատանքը։

Ֆեյսբուքում որոնումը հեշտացնելու համար կային մի քանի գործիքներ, որոնք ստեղծել էին տարբեր նախագծերի շրջանակներում։ Դրանք պարզ ներկայացնում էին օգտագործման համար բավականին բարդ Graph Search-ը։

Օրինակ, Հենկ Վան Էսի Graph Tips-ը կամ նաև Հայաստանում արդեն բավականին տարածված Stalkscan-ը։

Այս կայքերը թույլ էին տալիս սոցիալական մեդիայում փոքր հետաքննություններ իրականացնել ու պարզել տարբեր մարդկանց միջև կապերը։ Դրանք լրագրողական կարևոր գործիքներ էին, որոնք օգնում էին առանց մարդկանց անձնական կյանքի գաղտնիությունը խախտելու գտնել ցանցում հանրային արված գործողությունների հետքերը։

Հիմա մուտք գործելով Stalkscan՝ կկարդաք, որ դրանով յուրաքանչյուրը կարող է որոնել միայն Ֆեյսբուքում իր սեփական հաշիվը։ Ավելի բարդ ու լայն որոնում անել չի ստացվի։

Ֆեյսբուքի մամուլի խոսնակը Vice-ին պատասխանել է, որ իրենք որոշել են ժամանակավորապես դադարեցնել Graph Search-ի աշխատանքի մի մասը, քանի որ մարդիկ ավելի շատ որոնում են բանալի բառերով։

Ֆեյսբուքը կենտրոնանալու է հենց բանալի բառերով որոնումը կատարելագործելու վրա։

Ֆեյսբուքում ազատ որոնման ջատագովները, որոնց թվում շատ ծրագրավորողներ կան, չեն հանձնվում։ Արդեն հասանելի է Ֆեյսբուքում որոնում կատարելու համար նոր ալգորիթմին հարմարեցված մեկ այլ գործիք։

Այն դեռ փորձնական է, ոչ միշտ է անհրաժեշտ արդյունք տալիս, բայց սոցիալական ցանցերի օգնությամբ հանրության համար կարևոր հետաքննություններին աջակցող ջատագովները շարունակում են աշխատել Ֆեյսբուքն ավելի որոնելի ցանց դարձնելու ուղղությամբ։

Գեղամ Վարդանյան


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *