Ֆեյսբուքյան գրառումներն ու հեղինակային իրավունքը. ամփոփում

22.11.2011, Քննադատ

Կրթությամբ` տնտեսագետ, բանասեր
Կոչումով` արձակագիր
Գործունեությամբ` լրագրող եւ մեդիա փորձագետ

Իմ «Ֆեյսբուքյան գրառումներն ու հեղինակային իրավունքը» հրապարակմանը բազմաթիվ արձագանքները եղան: Միանգամից ասեմ, որ այնքան բազմազան էին այդ արձագանք-գրառումներն իրենց ոճով ու խոսքով, հուզականությամբ ու զսպվածությամբ, դատողականությամբ ու դիտողականությամբ, որ անգամ ինձ նման «փորձված գայլը» գլուխը կորցրել էր եւ նորից ու նորից ընթերցելով ու վերընթերցելով դրանք՝ չէր կողմնորոշվում՝ ինչպես ամփոփել:

Իսկ ամփոփել պետք է, չէ՞ որ խոստացել եմ:
Ե՛վ այստեղ, ե՛ւ իմ ֆեյսբուքյան գրատախտակին արված գրառումների այդ ողջ բազմազանությունը վերլուծելիս, այսուհանդերձ, տեսնում ենք երկու հիմնական տեսակետ՝ իրենց վարիացիաներով.

Ա. Ֆեյսբուքյան գրառումները հրապարակային ասված խոսքեր են, հետեւաբար ով ինչպես եւ որտեղ ցանկանա, կարող է հղումով օգտագործել, առանց անգամ հեղինակին հարցնելու: Սա արմատական տեսակետ է:
Բ. Դրանք կարելի է օգտագործել հեղինակի համաձայնությունը ստանալուց հետո միայն:
Կար նաեւ երրորդը, որ երկրորդի ածանցյալն է այն իմաստով, որ առանձին օգտատերեր էլ ասում էին, թե դրանք չի կարելի օգտագործել, այսինքն՝ իրենք երբեք դա թույլ չեն տա:

Եվ այսպես, առաջին տեսակետի կողմնակիցները պնդում են, թե ֆեյսբուքյան գրառումները հրապարակային ելույթներ են, եթե չես ուզում, որ ինչ-որ մեկն այն մեջբերի, օգտագործիր ՖԲ-ի տված հնարավորությունները եւ սահմանափակիր մատչելիությունը:

Ըստ երկրորդ տեսակետի կողմնակիցների՝ սա այնքան էլ ճիշտ չէ, քանզի ամեն հրապարակային խոսք չէ, որ կարելի է տանել ու հանձնել մի այլ հանրության: Ինչո՞ւ: Որովհետեւ, ինչպես նշում են նրանք, ֆեյսբուքյան գրառումները այլ ոճ են, այլ բառապաշար եւ այլն:

Քննարկմանը մասնակցած Արթուր Խեմչյանի կարծիքով «...մամուլը եւ սոցիալական ցանցերը տարբեր հարթակներ են, ունեն իրենց յուրահատկությունները, եւ այն, ինչ ես կասեմ սոցցանցում, չեմ ասի մամուլում: Սոցցանցի հարթակը շատ ավելի մեծ ազատություն է տալիս շփման առումով, ավելի ազատ ես շարադրել մտքերդ, դրանցում ավելի անկաշկանդ ես գնահատականներում: Օրինակ՝ սոցցանցում կարող ես անեկդոտ պատմել, որը չես անի մամուլում, կարող ես ավելի «տնավարի» պահել քեզ, ինչը չես անի մամուլի էջերում...

Կրկնեմ, խնդիրը հարթակների տարբերությունն է: Ես տանը ինձ մի կերպ եմ պահում, ընկերներիս հետ մի, իսկ պաշտոնական հանդիպումներում` բոլորովին այլ: Նույն կերպ՝ մամուլի կանոնները բոլորովին այլ են, եւ հարթակի փոփոխությունը համապատասխան լեզու է պահանջում: Դե, իսկ եթե սկսեն առանց հարցնելու տպագրել ստատուսները, ստիպված ենք լինելու ինքներս մեզ սահմանափակել եւ գրել այնպես, ինչպես մամուլում կգրեինք...»:

Իմ բարեկամներից մեկ ուրիշը, որ ինքը լրատվամիջոց ունի, բանավոր զրույցում ասաց, որ եթե իրեն հարցնեն, կամ կթույլատրի օգտագործել, կամ էլ կասի՝ եթե ձեզ թեման հետաքրքիր է, ես ձեզ համար հոդված կգրեմ՝ նույն մտքերը շարադրելով, բայց ոճն արդեն ուրիշ կլինի: Եվ նա էլ իրավացի է:

Ամեն դեպքում, կարծում եմ` պատճառ բռնել հրապարակային ասված լինելը եւ օգտագործել առանց հեղինակի համաձայնության զուտ էթիկական տեսակետից Ճիշտ չէ: Էթիկական կանոններում կան տեղեկատվության աղբյուրների հետ աշխատելու սկզբունքներ, որոնք ենթադրում են ազնվություն այդ աղբյուրների հետ հարաբերություններում:

Կարծում եմ` այստեղ էլ նույնը պիտի լինի, չէ՞ որ սոցիալական ցանցում գրառում կատարողը նույնպիսի մի աղբյուր է այն լրագրողների համար, ովքեր այդ գրառումն օգտագործում են: Ընդ որում՝ օգտագործում են հիմնականում բիզնես նպատակներով. չէ՞ որ ԶԼՄ (անկախ ձեւից) գործունեությունը առեւտրային գործունեություն է՝ միտված ընթերցող, ունկնդիր, ակնդիր գրավելուն եւ ըստ այդմ՝ գովազդային շահույթ ապահովելուն:

Եվ այսուհանդերձ, պարզվեց, որ էթիկականից զատ գոյություն ունի նաեւ իրավական կողմ, որը, սակայն, համապատասխանում է առաջին տեսակետի կողմնակիցների կարծիքին. այն է՝ ՖԲ-ի գրառումները հրապարակային են, հետեւաբար եւ բաց ցանկացած օգտագործման համար:

Այս առթիվ ես պարզաբանում խնդրեցի սոցցանցերի գիտակ, իմ բարեկան Արթուր Պապյանից: Արթուրը, որն, ի դեպ, համաձայն է ինձ եւ երկրորդ տեսակետի կողմնակիցների հետ էթիկական հարցում, թարգմանաբար մեջբերեց Ֆեյսբուքի պաշտոնական պայմաններից (որոնց ամեն մարդ գրանցվելուց առաջ համաձայնում է, բայց որոնց քչերն են ուշադրություն դարձնում) հետեւյալ հատվածները.

«Դուք հանդիսանում եք ձեր կողմից Ֆեյսբուքում հրապարակված ամբողջ տեղեկատվության սեփականատերը եւ կարող եք կառավարել դրա տարածումը ձեր privacy (անձնական տվյալների գաղտնիության) եւ application settings ծրագրային տվյալների կարգավորումների միջոցով»։

Պայմանների հինգերերորդ ենթակետում կարդում ենք. «5. Երբ դուք որեւէ բովանդակություն եք հրապարակում օգտագործելով Public (հրապարակային) նախընտրանքը, դա նշանակում եք, որ դուք բոլորին, այդ թվում` այն անձանց, ովքեր Ֆեյսբուքից դուրս են, թույլ եք տալիս օգտվել այդ ինֆորմացիայից եւ օգտագործել այն, ինչպես նաեւ ասոցիացնել այդ ինֆորմացիան ձեր անձի հետ»։

Ամեն ինչ ասված է պարզ եւ հստակ. հրապարակային ասած խոսքիդ տերը չես այլեւս, եւ ով ինչպես ու որտեղ ուզի կօգտագործի:
Այսուհանդերձ, իրավական կարգավորումը մի բան է, էթիկան մեկ այլ բան: Եվ կարծում եմ, էթիկական տեսակետից ճիշտը ֆեյսբուքյան օգտատեր հեղինակի հետ գոնե մի անգամ համաձայնեցնելն է:

Թեպետ, հասկանում եմ նաեւ, որ միշտ չէ դա հնարավոր:

Մեսրոպ Հարությունյան

Հ. Գ. Շնորհակալություն եմ հայտնում առաջին հոդվածիս բոլոր արձագանքողներին, եւ թող ներող լինեն, որ բոլորի գրառումներին անհատապես չանդրադարձա:

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:

Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
 

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:
Լրացուցիչ տեղեկություններ ?