«Նախընտրական Ֆեյսբուքում ակտիվացել են անգամ դինոզավրերը»

author_posts/gayane-asryan
Գայանե Ասրյան
facebook

Լրագրող

Նախընտրական շրջանում Ֆեյսբուքում գովազդի գները Հայաստանում աճել են մինչև 40%-ով: Այս թանկացումը պայմանավորված է Հայաստանում սոցիալական մեդիայի այս հարթակի մասսայականությամբ և այնտեղ տեղադրվող գովազդի էֆեկտիվությամբ:

«Բնականաբար «Լայվի հեղափոխությանը» հաջորդող ընտրությունների պարագայում ավելի քան պարզ էր, որ կուսակցություններն ու թեկնածուները կենտրոնանալու են սոցցանցերի վրա՝ իրենց համախոհներին փնտրելու համար»,- պարզաբանում է IP Marketing ընկերության սոցիալական մեդիա մարքեթինգի բաժնի ղեկավար Թերեզա Թոքմաջյանը։

Նրա խոսքով, այս շրջանում քաղաքականությունը բոլորն են քննարկում և այդ պատճառով քաղաքականը մրցունակ է կոմերցիոն գովազդի հետ:

«Առանց նեղ թիրախավորման գովազդի CPR-ը (արդյունավետության արժեքը)՝ կախված գովազդի տեսակից և ֆորմատից աճել է 20%-ով, իսկ տարբեր նեղ թիրախավորված խմբերում գովազդի միջին CPR-ը այս պահին 30-40%-ով ավելի թանկ է, քան նախորդ ամիս»,-ասում է մասնագետը։

Գովազդի գինը գեներացվում է նրանով, թե ինչքանով  է տեղադրված գովազդը վիզուալ և կոնտեքստով համապատասխանում արշավի թիրախային խմբին: Դա մեծացնում է հավանականությունը, որ գովազդի ցուցադրման դեպքում օգտատերը ինչ-որ կերպ փոխազդեցության մեջ կմտնի նյութի հետ (քլիք, լայք, քոմենթ, շեյր և այլն),-նշում է Թերեզան։

Թվային մարքեթինգի ու թվային հաղորդակցության մասնագետ Արտակ Հարությունյանն ասում է, որ այլևս փաստ է, որ թվային տեխնոլոգիաները, հատկապես սոցիալական ցանցերը դարձել են ընտրողին հասնելու ամենաօպտիմալ ու ամենաէֆեկտիվ ալիքներից մեկը։

«Նիկոլ Փաշինյանի կողմից ֆեյսբուքի միջոցով «հեղափոխության» իրողությունը ստիպեց նույնիսկ «դինոզավրերին» գնահատել այս հաղորդակցական հարթակի արդյունավետությունը»,-հավելում է մասնագետը։

Ըստ նրա, հիմա շատ ավելի կարևոր է, որպեսզի ինֆորմացիոն աղմուկի մեջ ուղերձը հասնի թիրախային լսարանին: Արտակը նկատել է, որ նախընտրական շրջանում շատ են գովազդային ոչ պրոֆեսիոնալ ու ոչ թիրախային տեղադրումները, որոնք ոչ միայն օգուտ չեն տալիս, այլ նաև վնաս են բերում որոշ թեկնածուների:

«Փրայմ Քոմերշըլ» ցանցային գովազդային գործակալության ղեկավար Սամվել Սահակյանը համոզված է, որ հունվարին ֆեյսբուքյան գովազդի գների կայունացում կլինի: Ավելի շուտ սպասել պետք չէ, քանի որ ընտրություններից հետո է նախատոնական աշխուժացում լինելու:

Մասնագետը բացատրում է, որ ֆեյսբուքում գովազդի տեղադրումն իրականացվում է աճուրդային եղանակով, թրաֆիկը բաժին է ընկնում ամենաշատը վճարողին:

«Բոլորը սկսեցին գովազդ դնել, հատկապես ռեյթինգային թեկնածուները։ Շատերն էլ անգրագիտաբար առանց թիրախավորման իրենց գումարները լցնում են ֆեյսբուք: Այստեղ արդյունք սպասել պետք չէ»,-բացատրում է Սամվելը:

Քարոզարշավի չստացված ֆեյսբուքյան գովազդները

Արտակ Հարությունյանն ասում է, որ Ֆեյսբուքում հաջող արշավ ունենալու համար  ծախսվող բյուջեից առավել կարևոր է համապատասխան մասնագետների ներգրավումը:

Ֆեյսբուքում անհաջող քաղաքական գովազդների մասին խոսում են ոչ միայն մասնագետները։ Օգտատերերը հաճախ զարմանում են, թե ինչու են այս կամ այն, հատկապես վարկանիշային թեկնածուին, տեսնում իրենց ֆեյսբուքի ժապավենում:

«Սոցցանցում գովազդի տեղադրումը պետք է վստահվի մասնագետներին, ոչ թե օֆիս ադմինիստրատորներին»,-նշում է Թերեզան:

Ֆեյսբուքում կարելի է հանդիպել քաղաքական գովազդի, երբ թեկնածուի դեմքը ժապավենում չի երևում կամ նկարն առանց տեքստի է ու պարզ չէ, թե ինչ է ցանկանում ասել գովազդի պատվիրատուն։

Գովազդը տեղադրված է այնպես, որ թեկնածուի նկարը կտրված է։ 

Գովազդը հրապարակված է առանց տեքստի։

Նախընտրական շրջանում շատ բրենդեր չէին կարողանում մրցակցել քաղաքական գովազդի հետ, կրեատիվ լուծումներ գտան և հաջողության հասան:

«Ստեղծված իրավիճակում որոշ բրենդեր գնացին քաղաքական մեմերի ինտեգրացիոն ճանապարհով, որը շատ ռիսկային էր և որոշ դեպքերում կարող էր անհաջող լինել և նեգատիվ ստեղծել: Բայց քանի որ մեր ազգը շատ մեմաստեղծ է, բոլոր քաղաքական մեմերը ունեցան օրգանիկ մեծ հաջողություններ»,-բացատրում է Թերեզա Թոքմաջյանը:

Կուսակցությունների հետևորդների ավելացման դինամիկան

Ըստ սոցիալական մեդիա մարքեթինգի կայքերից մեկի՝ Socialbakers-ի տվյալների, նոյեմբերի 26-ից մինչև դեկտեմբերի 6-ը Հայաստանում ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի ֆեյսբուքյան էջերը շատ ակտիվ են եղել: Գրաֆիկում ներկայացված են ֆեյսբուքում ակտիվ հինգ ուժերն՝ իրենց հետևորդների թվով և առանձնահատկություններով:

«Կատարված հրապարակումների քանակով Լուսավոր Հայաստանն առաջին տեղում է, իսկ Օրինաց Երկիր կուսակցությունը այդ առումով պասիվ է։ Սակայն փորձը ցույց է տալիս, որ Օրինաց Երկիր կուսակցությունը իր որդեգրած քաղաքականությամբ և սյուռ հոլովակներով ավելի շատ բում առաջացրեց և ցուցադրեց բարձր ներգրավվածության արդյունք»,-գրաֆիկը ներկայացնում է Թոքմաջյանը:

 

Ըստ վիճակագրական տվյալների, «Եթե մտահոգ ես» ֆեյսբուքյան էջը չի զիջում ՕԵԿ էջի ներգրավվածության բարձր արդյունքին, ավելին՝ հրապարակումներին արված լայքերի, մեկնաբանությունների և տարածումների ամենաբարձր թիվն ունի։

 

2018թ․ ԱԺ արտահերթ ընտրությունների մասնակցող քաղաքական ուժերը շատ միջոցներ են ներդրել Ֆեյսբուքի օգնությամբ քարոզչություն իրականացնելու համար։ Ծախսված ռեսուրսների արդյունավետությունը ցույց կտա դեկտեմբեր 9-ի քվեարկությունը։

Գայանե Ասրյան


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *