2011.11.25,

Տեսակետ

«Facebook-ն ընդդեմ հեռուստատեսության»

author_posts/nune-hakhverdyan
Նունե Հախվերդյան

Լրագրող, արվեստի քննադատ

Վավերագրական և հեռուստատեսային ֆիլմերի ռեժիսոր Արա Շիրինյանի դիտարկումները հեռուստաէկրանին հայտնվող արտադրանքի ու մեր սպասելիքների շուրջ փորձ է հասկանալ՝ ինչպիսի՞ հեռուստատեսություն ունենք: Եվ ի՞նչ է վերջիվերջո, հեռուստատեսությունը ուզում մեզանից:

Վաղուց արդեն պարզ է, որ անխտիր բոլոր հեռուստաալիքները ցենզուրայի են ենթարկվում: Այդ փաստը, կարծես, բոլորն արդեն շատ հանգիստ են ընդունում:

Թող զարմանալի չթվա, բայց այդպես է ամբողջ աշխարհում: Օրինակ, Իսրայելում գրեթե բոլոր լրատվամիջոցները ենթարկվում են ռազմական գրաքննության, և լրագրողները չեն դժգոհում: ԱՄՆ-ում շատ լավ է ընկալվում կառավարական տեսակետը, ամերիկացիները վստահ են, որ դա բխում է իրենց շահերից:

Մարդիկ համաձայն են, որ եթերը վերահսկվի պետական անվտանգության տեսանկյունից, որ բարոյական և դեմոկրատական արժեքները պաշտպանվեն:

Հայաստանում հասարակությունը նույնպես պատրաստ է ընդունել պետական շահի գերակայությունը մեդիայի նկատմամբ:

Այդ դեպքում ինչու՞ են մարդիկ դժգոհում եթերից, և հեռուստացույց գրեթե չեն նայում:

Չեն նայում, որովհետև հեռուստատեսությունն այլևս իրենցը չէ: Այն պատկանում է մի խումբ մարդկանց, որոնք փորձում են հորինել ուրիշ իրականություն, որտեղ չկան բողոքի ցույցեր, չկան «ինքնասպան» զինվորներ, չկա սոցիալական բևեռացում ու արտագաղթ:

Հեռուստացույց նայելով՝ մարդիկ չեն հասկանում, ով է պատասխանատու այս երկրի համար:

Օրինակ, սերիալներում, ինչպես հունական դրամայում, ճակատագիրն է մարդկանց բախտը տնօրինում, մեղավորներ չկան, մեկ-երկու տականք է հանդիպում, բայց դրանք էլ մենք ենք:

Կարծում եմ, մեդիայի գերխնդիրը իրականությունն ու մարդկանց հետաքրքրասիրություններն իրար մոտեցնելն է (պրոֆեսիոնալ լրագրողը միշտ հասարակության շահերի տեսանկյունից է խոսում): Մարդը չպիտի կտրվի իրականությունից: Իսկ այսօրվա մեր հեռուստատեսությունն անում է ճիշտ հակառակը:

Հաճախ տեսնում ենք, թե ինչպես է հեռուստատեսային ռեպորտաժներում ամենահրատապ թեման դառնում սոսկ ժամանցի նյութ: Ռեպորտաժների հեղինակները սովորաբար խուսափում են բոլոր տեսակի սուր անկյուններից, «լղոզում» են պրոբլեմը և լուրջ խնդիրները ներկայացնում որպես ժամանակավոր խոչընդոտ, որը երբեմն պատահում է պետական հաջող կառավարման ընթացքում:

Էկրանին հայտնվող ցանկացած տհաճ ու խնդրահարույց դեպք մատուցվում է որպես դժբախտ պատահար կամ եզակի բացառություն:

Կարող ես տեսնել նաև այնպիսի հաղորդումներ, որտեղ սենսացիա կորզելու համար իրար են բախում մասնավոր տեսակետները: Եվ ուզում ես հարցնել՝ իսկ որտե՞ղ է հասարակության շահը: Շահ չկա, միայն թամաշա ստեղծելու ցանկություն կա:

Իսկ ո՞վ է պատասխանատու եթերի համար, պետությու՞նը, հասարակությու՞նը, մասնավոր սեփականատե՞րը:

Քաղաքական բովանդակությունը վերահսկվում է իշխանության կողմից, իսկ մնացածը` շոուները, սերիալները և այլն` խոշոր առևտրային բիզնեսի  և օլիգարխների ճաշակի արդյունք է, քանի որ նրանք են ֆինանսավորում այդ աղբը:

Հասարակությունը ոչ մի լծակ չունի ազդելու եթերի բովանդակության վրա:

Հայաստանում հեռուստատեսությունը նենգափոխել է իր դերը: Այն դարձել է քաղաքական այլընտրանքի բացառման  և հասարակության հոգեբանական ճնշման գործիք:

Իսկ ինտերնետային հեռուստատեսությունը կարո՞ղ է այլընտրանքային  ինֆորմացիոն աղբյուր լինել:

Կարող է, իհարկե: Սակայն, ինտերնետային հեռուստատեսությունն իր բնույթով զանգվածային չէ: Կարծում եմ ապագայում այն կտեղավորվի ֆորումների կամ սոցիալական ցանցերի ֆորմատում: Պատկերացնու՞մ եք, (ինչպես facebook-ում կան հարյուրավոր խմբեր), ինտերնետում մի օր հայտնվեն, ասենք, «Պայքար, պայքար մինչև վերջ», կամ «Գագիկ Ծառուկյան» հեռուստաալիքները:

Այդ ժամանակ կարելի է խոսել եթերային հեռուստատեսության գռեհիկ պարտադրանքից ազատվելու մասին, և հնարավոր կլինի վերջապես ստանալ և տարածել այլընտրանքային կարծիքները …

Թեև դրա իրավունքը մենք հիմա էլ ունենք Սահմանադրությամբ: Իսկ այլընտրանքային կարծիք միշտ պիտի լինի: Երբ այն չկա, մամուլն ու հասարակությունը շատ արագ հիվանդանում են:

Նկատելի է, որ շատ հաճախ հեռուստառեպորտաժների նյութ են դառնում սոցիալական ցանցերում շրջանառվող թեմաները: Էկրանը կարծես այդպես միջնորդավորված է արտահայտում հասարակական խնդիրները:

Լրագրությունն այսօր մեր աչքի առաջ փոխվում է՝ կրելով սոցիալական ցանցերի ազդեցությունը: Ցանցերում հասարակական խնդիրները մշտապես քննարկվում են: Եվ դա դատարկ հեռուսատեսային բանավեճ չէ, որտեղ ժամանակի մշտական սղության պատճառով կամ հաղորդավարի քմահաճույքով հնարավոր չէ որևէ լուրջ հարց քննարկել:

Իսկ ահա սոցիալական ցանցերում անձնական փորձով հարստացված, իրադարձությունից բխող անկրկնելի ինֆորմացիա է շրջանառվում:

Այստեղ ծնվում է կոլեկտիվ գիտելիք, որը նաև կոլեկտիվ գիտակցություն է ձևավորում: Այս ամենը տեղափոխվում է պրոֆեսիոնալ մամուլ՝ առանձնահատուկ հմայք հաղորդելով նոր սերնդի լրագրությանը, որի գլխավոր արժանիքը սոցիալական պահանջատիրությունն է: Կարծում եմ այսօրվա մամուլը պիտի լինի հանրային խնդիրներով մտահոգված:

Այսպիսի օրինաչափություն կա. եթե մեդիան չի ծառայում սոցիալական խնդիրներին, այն ստիպված է լինում սպասարկել պետության տեսակետը:

Պետք է ենթադրել, որ այլընտրանքային մեդիայի հզորացմանը զուգահեռ, քաղաքական կառույցները կփորձեն վերահսկել այն, ինչպես դա արեցին հեռուստատեսության հետ:

Facebook-ում  արդեն ներդրվել են հատուկ ծառայությունների ստեղծած խմբերը, որոնք փորձում են ուղղորդել երիտասարդական նախաձեռնությունները, շեղել քաղաքացիական շարժումները դեպի ժամանանցն ու խաղերը: Սակայն ֆեյսբուկահայերը, ինչպես ընդունված է միմիանց կոչել ցանցում, շատ արագ բացահայտում են նման կեղծիքները:

Իսկ այսումամենայնիվ, ազատ ու միաժամանակ որակյալ հեռուստատեսություն ունենալը հնարավո՞ր է:

Հեռուստատեսության ազատականացումը կախված է քաղաքական համակարգի ազատականացումից: Հետևաբար, ցանկացած երկրում հեռուստատեսության մակարդակը արտացոլում է այդ երկրի իշխանության որակը:

Հարցազրույցը՝ Նունե Հախվերդյանի


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *