2016.07.21,

Նյուսրում

#Erebuni կամ Խորենացույց. բռնության ենթարկված լրագրողների պատմությունները (լրացվում է)

author_posts/anna-barseghyan
Աննա Բարսեղյան

Լրագրող

Հուլիսի 17-ին Երևանում պարեկապահակային ծառայության գնդի վրա զինված հարձակումից հետո Էրեբունիում արդեն 5 օր շարունակվող ցույցը լուսաբանող լրագրողները ենթարկվել են բռնության: Ոստիկանները խոչընդոտել են լրագրողների մասնագիտական գործունեությունը, հարվածել ու ծեծի են ենթարկել նրանց, առգրավել են տեսախցիկի հիշողության քարտը, սպառնացել են:

Հուլիսի 18-ին ցուցարարներին բերման ենթարկելու ընթացքում ոստիկանը հարվածել է «Ազատություն» ռադիոկայանի լրագրող Արտակ Համբարձումյանին:

Հուլիսի 21-ին ցույցը լուսաբանելիս մի խումբ քաղաքացիներ ծեծի են ենթարկել iravaban.net-ի լրագրող Գևորգ Թոսունյանին և խլել նրա տեսախցիկի հիշողության քարտը: Լրագրողի կարծիքով՝ իրեն ծեծի ենթարկած անձինք քաղաքացիական հագուստով ոստիկաններ են եղել:

Արտակ Համբարձումյան
«Ազատություն» ռադիոկայան

«Հուլիսի 18-ի ցերեկը Խորենացի փողոցում ոստիկանները բերման ենթարկեցին քաղաքացիներին, որոնցից մի քանիսը հարակից պուրակի ծառերի տակ էին նստած, մի քանիսը՝ խոտին: Ոստիկանները եկան, միանգամից բոլորին տարան՝ առանց որևէ հիմնավորման կամ պատճառ նշելու: Պարզապես նստեցնում էին մեքենաներն ու տանում:

Երբ բերման ենթարկելու հերթական փուլն ավարտվեց, լրագրողներով մոտեցանք այնտեղ գործողությունները ղեկավարող ոստիկանին՝ հարցնելու, թե որն է պատճառը, որ այդ մարդկանց բերման են ենթարկում:

Քաղաքացիներին բերման ենթարկելու հրաման տված ոստիկանը գտնվում էր ոստիկաններից կազմված պատի հետևում: Ու այդ պատ կազմած ոստիկանները մեզ թույլ չէին տալիս մոտենալ իրենց ղեկավարին, մենք էլ փորձում էինք, իրենցից չանցնելով, ամեն դեպքում, հարցերն ուղղել: Ղեկավարն էլ հետևից պատասխանում էր:

Երբ հերթական անգամ ղեկավար ոստիկանին հարց ուղղեցի, թե ինչու են մարդկանց բերման ենթարկում, արդյոք ունի հիմնավորում, դիմացի ոստիկաններից մեկը (տեսանյութում էլ երևում է՝ ակնոցով ոստիկանը) բռնեց իմ միկրոֆոնից ու ինչ-որ բան ասաց, արդեն չեմ հիշում, թե ինչ: Ես փորձեցի ազատել միկրոֆոնը, հետ քաշել: Այդ պահին նա ձեռքով հարվածեց իմ փորին:

Երբ ղեկավարը, որը հարվածի պահին այդտեղ չէր գտնվում, հետ եկավ, ասացի՝ ձեր ենթական այսպիսի բան է արել, ասաց՝ չի արել, թեև նա տեղում չէր: Ինձ հարվածող ոստիականը հաջորդող օրերին շարունակում էր նույն տեղում ծառայել:

Այսինքն՝ այդ հրապարակումը ոստիկանության համար ոչինչ չէր նշանակում, թեև ակնհայտ էր, որ այդտեղ հարվածելու փաստ կար: Ոստիկանը հարվածել էր լրագրողին, և իմ միկրոֆոնը բռնելը լրագրողի աշխատանքը խոչընդոտել էր, ինչը օրենքով արգելված է:

Միջադեպի մասին տեսանյութը հրապարակելուց հետո ոստիկանության պաշտոնյաներից մեկը զանգահարեց ինձ ու ասաց՝ գիտեք, իրենք հրամանատար են կորցրել, լարված են, նեղված: Դա պաշտոնական պատասխան չէր, զանգել էին ու պարզապես «ընկերական» փորձում էին համոզել: Փորձում էին բացատրել, որ իրավիճակը կարելի է հասկանալ: Բայց, իհարկե, ես նման բացատրություններն անհիմն եմ համարում»:
 

Գևորգ Թոսունյան
iravaban.net կայքի լրագրող

«Հուլիսի 20-ի լույս 21-ի գիշերը, ժամը մոտավորապես 03:00-03:30 սահմաններում Խորենացի փողոցի ակցիան էի լուսաբանում: Այդ ընթացքում Տիգրան Մեծ պողոտայից դեպի մեզ վազելով մի քանի երիտասարդներ եկան ու ասացին, որ իրավիճակը Տիգրան Մեծ պողոտայում լարված է:

Ես գնացի՝ լուսաբանելու, ու նկատեցի, որ Տիգրան Մեծ պողոտայում՝ կամուրջի տակ, ոստիկանական ուժեր էին կանգնած շարքով, իսկ նրանցից մոտ 20-30 մետր հեռավորության վրա 6-7 ակտիվիստներ էին, որոնց տեսել էի Խորենացու ակցիայի ժամանակ: Նրանց դիմաց ավելի մեծ թվով քաղաքացիական հագուստով անձինք էին, որոնք շշեր էին նետում ակտիվիստների վրա:

Ես նկարեցի այդ գործընթացը, նաև նկարեցի այդ քաղաքացիական հագուստով անձանց: Քանի որ լավ չէի հասկանում՝ ինչ է կատարվում, մոտեցա այդ քաղաքացիական հագուստով անձանց: Նրանք ինձ անծանոթ էին: Նրանցից մեկը կանչեց ինձ, ասաց՝ «Արի, արի, ստեղ անվտանգ ա»:

Մտա իրենց շարքերը, ու իրենք սկսեցին ինձ ասել՝ «Մի՛ նկարի, մի՛ նկարի»: Տեսա, որ ագրեսիվ են, անջատեցի տեսախցիկը ու ուզեցի հեռանալ այդտեղից: Բայց ինձ մոտեցան մի քանիսը, ասացին՝ «Հլը ջնջի, հլը չիպդ տուր»: Ինձ շրջապատեցին 6-7 հոգով, պահանջում էին, որ չիպը տամ: Ես սկզբում հրաժարվում էի տալ, բայց ինձ գցեցին գետնին: Ասացի՝ «Լավ, կտամ չիպը» ու զգացի՝ ինչպես մի քանի հոգի սկսեցին ինձ մեջքից հարվածել:

Այդ մարդիկ չէին բավարարվում միայն նրանով, որ չիպը տամ: Ասացի, որ կտամ չիպը, բայց ինձ գցել էին գետնին, շարունակում էին ծեծել: Ես շոկի մեջ էի, որովհետև ինձ թվաց, որ իրենք ուզում են ինձ վնաս պատճառել. իրենց նպատակը զուտ չիպը վերցնելը չէր, իմ աշխատանքը խոչընդոտելը չէր:

Երբ ինձ գետնին գցեցին, կամերան ընկավ, վեր բարձրանալիս տեսա, որ կամերան իրենցից մեկի ձեռքում է: Ասացի, որ վերադարձնի: Ասացին՝ «Տուր չիպը, թե չէ էլի կծեծենք»: Սպառնալիքների ներքո չիպը իրենց տվեցի ու գնացի: Երբ հեռանում էի, մի քանիսն ինձ հետապնդում էին, ասում էին՝ «Կարո՞ղ ա ուրիշ բան էլ կա, կարո՞ղ ա նկարում ես: Նայի, հա, չերևաս էլ ակցիաներին, թե չէ էլի կծեծենք»:

Ես կարծում եմ, որ այդ մարդիկ քաղաքացիական հագուստով ոստիկաններ էին: Ես նրանց մինչև այդ երբեք չէի տեսել ակցիաների ժամանակ: Նրանք բավական ագրեսիվ էին և շշեր էին նետում հենց ակցիայի մասնակիցների վրա, այն մասնակիցների, որոնց ես նախկինում էլ տեսել էի: Նրանք չէին ուզում, որ իրենց դեմքը երևա, ագրեսիվորեն պահանջում էին, որ չնկարեմ ու սպառում էին, որ էլ չգնամ ակցիաների: Այդ ամենը ինձ համար հիմք է կարծելու, որ այդ անձինք ոստիկաններ էին:

Այս պահին գնում եմ դատաբժշկական փորձաքննության: Քիչ առաջ ոստիկանության Էրեբունու բաժնում հաղորդում ներկայացրի հանցագործության մասին ու բարձրաձայնեցի իմ նկատմամբ կիրառված բռնության ու լրագրողական գործունեության խոչընդոտման հանգամանքի մասին»:

Հարգելի գործընկերներ, բռնության և բերման ենթարկվելու ձեր պատմությունները կարող եք ուղարկել [email protected] հասցեին:

Աննա Բարսեղյան


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *