Նախընտրական քարոզչության խոչուխութերը

16.03.2017, Քննադատ

Կրթությամբ` տնտեսագետ, բանասեր
Կոչումով` արձակագիր
Գործունեությամբ` լրագրող եւ մեդիա փորձագետ

Հայաստանում քաղաքական գովազդն ըստ էության կարգավորված չէ: «Գովազդի մասին» ՀՀ օրենքի 1-ին հոդվածի 4-րդ կետում գրված է. « Սույն օրենքը չի կարգավորում քաղաքական գովազդի հետ կապված հարաբերությունները»: Ավելին՝ ոչ այստեղ, ոչ որևէ այլ օրենքում չկա անգամ «քաղաքական գովազդ» տերմինի սահմանումը:

Միայն Ընտրական օրենսգիրքն (հետագա տեքստում՝ ԸՕ) է, որ ինչ-որ չափով կարգավորում է այն, բայց անվանելով ոչ թե քաղաքական գովազդ, այլ՝ նախընտրական քարոզչություն: Նախընտրական քարոզչության համար էլ որոշակի ժամանակաշրջան է սահմանում, հատուկ ընդգծելով, որ դրանից դուրս քարոզչությունը (շեշտենք՝ քարոզչությունը, ոչ թե քաղաքական գովազդը) չի արգելվում: Ահա՝ այդ ձևակերպումը ԸՕ-ի 4-րդ գլխի 19-րդ հոդվածում.

«1.Նախընտրական քարոզչության ժամանակահատվածը սույն օրենսգրքով սահմանված այն ժամանակահատվածն է, որի ընթացքում ընտրություններին մասնակցող կուսակցություններին, թեկնածուներին հավասար հնարավորություններ ապահովելու նպատակով գործում են հանրային ռեսուրսներից օգտվելու, քարոզչություն իրականացնելու և ֆինանսական թափանցիկությունն ապահովելու` սույն օրենսգրքով սահմանված կանոնները:

Նախընտրական քարոզչության ժամանակահատվածի սահմանված լինելը չի սահմանափակում սույն օրենսգրքով չարգելված այլ ժամանակահատվածում քարոզչության իրականացումը:

Նախընտրական քարոզչության ժամանակահատվածը սկսվում է ընտրություններին մասնակցող կուսակցությունների ընտրական ցուցակների, թեկնածուների գրանցման համար սույն օրենսգրքով սահմանված ժամկետի վերջին օրվան հաջորդող 7-րդ օրը և ավարտվում քվեարկության օրվանից մեկ օր առաջ: Այդ ժամանակահատվածում քարոզչությունը ստորև անվանվում է նախընտրական քարոզչություն»:

Եվ հենց այս ձևակերպումներին հղում կատարելով է, որ պետական այրերը (օրինակ՝ ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյան) արդարացնում էին նախընտրական քարոզչության պաշտոնական մեկնարկից առաջ քարոզչական պաստառների հայտնվելը մայրաքաղաքում, ասելով. «… ամսի հինգից սկսված կարգավորվում է նախընտրական քարոզչությունը, բայց դա դեռ չի նշանակում, որ մինչև ամսի հինգը որևէ մեկը չի կարող զբաղվել քարոզչությամբ: Ուղղակի, նախընտրական քարոզչությունը սկսվում է մարտի հինգից: Իսկ մինչ այդ ցանկացած ելույթ, կոչ և այլն, սովորական քարոզչություն է, որն օրենքով չի կարգավորվում: Իսկ այն, ինչ օրենքով արգելված չէ, թույլատրված է»:

Ոչինչ չես կարող ասել: Բացի մի բանից՝ «Է կարգավորեք, ո՞վ է ձեզ խանգարում»:

Ժամանակին տողերիս հեղինակն առաջրկում էր ԸՕ-ում սահմանել, որ ընտրություններ հայտարարելու օրվանից մինչև նախընտրական քարոզչության ժամանակաշրջանի սկիզբը որևէ քարոզչություն կամ քաղաքական գովազդ արգելվում է: Բայց դա, ինչպես տեսնում եք, չի ընդունվել:

Եվ այդ չկարգավորված լինելը ձեռնտու է հենց իշխանություններին, որոնց ներկայացուցիչներն ընտրություններ հայտարարելուց անմիջապես հետո, մինչև պաշտոնական քարոզչության սկիզբը, սկսում են բուռն գործունեության պատրանք ստեղծել՝ ըստ էության ծավալելով նախընտրական քարոզչություն, որը նախընտրական չէ, քանի որ այդպես սահմանված է ԸՕ-ով...  Համաձայն եմ, որ տափակաբանություն է ստացվում:

Խնդրում եմ ինձ սխալ չհասկանալ, ես դեմ չեմ քաղաքական գովազդին, սակայն ցանկանում եմ, որ այն կարգավորված լինի որևէ օրենքով:

Իմ կարծիքով հաջորդ խոչուխութը այսպես կոչված «լռության օրն» է:

ԸՕ-ի նույն հոդվածը սահմանում է. «Քվեարկության և դրան նախորդող օրը քարոզչությունը հրապարակային ելույթների, հրապարակային միջոցառումների, ինչպես նաև տպագիր մամուլի, վերգետնյա եթերային հեռարձակում իրականացնող ռադիոընկերությունների և հեռուստաընկերությունների (այդ թվում` արբանյակային հեռարձակման ժամանակ) միջոցով արգելվում է»:

Մի քանի անգամ առիթ եմ ունեցել ասելու, որ քվեարկության և դրան նախորդող օրվա ընթացքում քարոզչական արգելքը անախրոնիզմ է:

Տեխնոլոգիաների ներկա դարում հնարավոր չէ հետևել, թե, օրինակ, համացանցում որտեղ կհայտնվեն քարոզչական նյութերը:

Ամենապարզ օրինակը. որևէ կուսակցություն գովազդային պաստառ ունի որևէ կայքի առաջին էջում, ու դա մնում է նաև քվերակության և դրան նախորդող օրը: Կամ կայքը ապրիլի 1-ին ոչ մի նորություն չի հրապարակում՝ չի թարմացնում իր լրահոսը և նախորդ օրվա նյութերը, որոնք նաև քարոզչական կարող են լինել, մնում են առաջին էջում...

Օրինակները բազմաթիվ են: Տպագիր մամուլի համար հեշտ է՝ նրանք պարզապես այդ օրերին լույս չեն տեսնում: Ամենից դժվարը հեռուստալուրերի և լրատվական կայքերի համար է. օրվա լրահոսում կարող է հայտնվել, ասենք, քարոզչությանն ակտիվ մասնակցած ուրևէ մեկը, և հետևանքները չես կարող կանխատեսել...

Բայց այս գործընթացում ամենավատն այն է, որ արգելքը դարձյալ աշխատում է ի շահ գործող իշխանությունների:

Փորձը ցույց է տվել, որ հենց այդ օրը նախագահը, վարչապետը կամ նախարարները ինչ-որ պատվիրակության են հանդիպում կամ ինչ-որ բան են բացում: Այս ընտրությունների ժամանակ էլ, կարծում եմ, այդպես կլինի. վարչապետը պատվիրակություն կընդունի, պաշտպանության նախարարը հանկարծ կհիշի, որ սահման պիտի այցելի, Երևանի քաղաքպետն էլ, օրինակ, կծանոթանա զբոսայգիների վիճակին (դե ասենք՝ տեսնելու համար «սիրո՞ւն է», թե՞ չէ):

Էդ ամեն ինչը կլուսաբանվի բոլոր ալիքներով, իսկ հետո նույն պաշտոնյաներն ու ԿԸՀ ներկայացուցիչները դեմքի խելացի արտահայտությամբ (ականջդ կանչի բարոն Մյունհաուզեն) կասեն, որ դա խախտում չէ. մարդիկ իրենց պաշտոնական պարտականություններն էին կատարում...

Ի դեպ՝ անուղղակի քարոզչության մի օրինակ է նաև, երբ ընտրությունների օրը հեռուստաալիքները ցուցադրում են այս կամ այն պետական այրի քվեարկությունը: Ընդգծում եմ՝ հիմնականում պետական այրերի, որոնք նաև քարոզչական ժամանակաշրջանում քարոզչություն էին անում: Բայց, ինչպես հասկանում եք, քվեարկելն ու դրանից հետո բազմաթիվ տեսախցիկների առջև ելույթ ունենալն էլ քարոզչություն չէ:

Իսկ ավելի լավ չէ՞ միանգամից հանել այդ «լռության օրն» ու քվեարկության օրը քարոզելու արգելքը, որ համեստ լրագրողիս նմանների մոտ նման հարցեր չառաջանան:

                                                                                                                                                                                                                                                                   Մեսրոպ Հարությունյան

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:

Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
 

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:
Լրացուցիչ տեղեկություններ ?