Ընտրություններն են մոտենում. նախապատրաստություն լուսաբանմանը

28.02.2017, Նյուսրում

Լրագրող

Ապրիլի 2-ին նշանակված ԱԺ ընտրությունների քարոզարշավը շուտով կմեկնարկի: Որքան խմբագրությունը բազմակողմանի ու խորությամբ լուսաբանի ընտրությունները, այնքան կօգնի ընտրողներին գիտակցված ընտրություն կատարել:

Դանիացի լրագրող Հենրիկ Քիթ Հանսենն իր «Ընտրությունների անաչառ և հավասարակշռված լուսաբանում»  ձեռնարկում հատկապես կարևոր է համարում պլանավորումը: «Ընտրությունների լուսաբանումը ճիշտ պլանավորելու առաջին քայլը հիմնական նպատակների սահմանումն է»,- գրում է Հանսենը:

Օրինակ 2007թ.-ի նոյեմբերին Դանիայում կայացած ընտրությունների համար Դանիական հեռարձակողների կորպորացիայի լրատվական վարչության նպատակներից են՝

  • արտացոլել բոլոր ընտրողների շահերը, ներկա լինել ողջ երկրի տարածքում, լսել բոլոր ընտրողների ձայնը,
  • ապահովել, որ ընտրողները լիարժեք պատկերացում կազմեն կուսակցությունների և նրանց թեկնածուների մասին,
  • ապահովել, որ քաղաքական անցուդարձի մասին հոդվածները չգերակշռեն՝ քաղաքական գաղափարներին վերաբերող նյութերի համեմատ,
  • ապահովել, որ առանձին դեպքերն ավելի չշեշտադրվեն, քան ընդհանուր պատկերը,,
  • թեկնածուների հանդեպ շիտակ, բայց և հավասարապես քննադատական վերաբերմունք,
  • դյուըմբռնելի ոճով լուսաբանել քաղաքական նախաձեռնությունները, առաջարկություններն ու հայտարարությունները:

Իհարկե հայաստանյան իրականության մեջ նպատակներն այլ կարող են լինել: Այլ են նաև Դանիայում ու Հայաստանում լրագրողական նյութերի պահանջարկը: Սակայն Հանսենը նյութերի ընդհանուր գաղափարների ցանկ է ներկայացնում: Ահա այդ ցանկից այն կետերը, որոնք կիրառելի են նաև Հայաստանում:

  • Ի՞նչ է խոստացել անել ներկա կառավարությունը մինչև նախորդ ընտրությունները՝ իշխանության գալու դեպքում և ի՞նչ է իրականում արել, իսկ ի՞նչ չի արել:
  • Ներկա կառավարության հաջողություններն ու ձախողումները:
  • Որո՞նք են ընտրողներին հուզող հիմնախնդիրներն ընտրությունների շրջանում, և որո՞նք են երկրի առջև ծառացած կարևորագույն խնդիրները:
  • Ինչպե՞ս են կուսակցությունները ֆինանսավորում իրենց քարոզարշավը, ո՞վ է վճարում դրա համար:
  • Կուսակցությունների և թեկնածուների հայտարարություններում հնչած խոստումների ստուգում:
  • Ովքե՞ր են լինելու քարոզարշավի ամենահետաքրքիր թեկնածուները:
  • Կուսակցական առաջնորդների դիմանկարներ:
  • Կուսակցությունների ռազմավարությունն, ինչպե՞ս են պատրաստվում իշխանության գալ:
  • Ինչպիսի վարչակազմ կձևավորի ներկա կառավարությունը կամ հիմնական ընդդիմադիր կուսակցությունը, եթե հաղթի առաջիկա ընտրությունների ժամանակ:
  • Կարելի է առանձին-առանձին անդրադաձնալ առաջին անգամ ընտրող քաղաքացիներին, թերահավատներին, չքվեարկողներին, մտավորականներին:
  • Առաջին անգամ թեկնածու առաջադրված երիտասարդներին, ինչ կարծիք ունեն առանցքային խնդիրների շուրջ, ինչ ռազմավարություն և այլն:
  • Տնտեսական կանխատեսում նոր կառավարության գործունեության առաջին տարվա համար:
  • Արտաքին քաղաքական կանխատեսում նոր կառավարության գործունեության առաջին տարվա համար:
  • Մասնակցությունն ընտրություններին, համեմատություն այլ երկրների հետ:
  • Հարցումներ (վոքսպոպ), ու՞մ եք տալու ձեր ձայնը և ինչո՞ւ: Ո՞րն է կարևորագույն խնդիրը նոր կառավարության համար:

Հանսենի ձեռնարկում նաև ամենօրյա փոքր նյութերի գաղափարներ կան, օրինակ, ընտրարշավի «Օրվա նկարը», «Օրվա մեջբերումը»: Նախընտրական շրջանում ձեռնարկի ընթերցումը կամ վերընթերցումը խմբագիրների համար կարող է պրակտիկ տեսակետից օգտակար լինել:

Գայանե Ասրյան

Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
 

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:
Լրացուցիչ տեղեկություններ ?