«Ամեն ինչի հիմքում կառավարման հարցն է»

11.06.2012, Տեսակետ

Լրագրող, արվեստի քննադատ

Կինոռեժիսոր Էդգար Բաղդասարյանը ակտիվորեն արձագանքում է հասարական հնչեղություն ունեցող խնդիրներին իր հոդվածներով ու մեկնաբանություններով (և՛ սոցցանցերում, և՛ ավանդական հեռուստատեսության եթերում): Նա նշում է, որ միակ արդիական թեման, որի մասին արժե խոսել, յուրաքանչյուրիս մեջ ննջող հոգևոր ապարատը զգոն պահելու անհրաժեշտությունն է: «Որ խնդրի մասին էլ խոսենք, միևնույն է, հիմքում հանգելու ենք հոգևոր հարցադրումներին»,- վստահ է նա:

«Սուրբ ծեսերի երկիրը», «Արարատից՝ Սիոն», «Մարիամ» ֆիլմերի հեղինակ Էդգար Բաղդասարյանն այժմ նկարահանում է «Ներում» գեղարվեստական ֆիլմը: «Ֆիլմում չկան ավանդական պատկերացմամբ հերոսներ ու կադրի կառուցվածքներ, այն ավելի շուտ օրգանական լռության վրա է հիմնված ու շատ ասկետիկ ֆորմա ունի: Ուզում եմ, որ դերասանը էկրանից ուղիղ հանդիսատեսին դիմի»,- ասում է ռեժիսորը:

Ինքն իրեն ամբողջովին ինտերնետային մարդ համարող Էդգար Բաղդասարյանը նկատում է, որ արդեն իսկ ամեն ինչը ղեկավարվում է երկու կոճակների (ընթացք ու ստոպ) օգնությամբ:

 

Թվանշային տեխնոլոգիաների կիրառումը վերջին տասնամյակում փոխեց ոչ միայն ողջ մեդիա դաշտը, այլև մարդուն: Այդ փոփոխությունի՞ց է ծագել ուղիղ դիտողին դիմելու պահանջը:

Մարդը մարդու հետ չի ուզում շփվել, դատարկվել է ու այլևս չի կարող դիմացինի աչքերի մեջ նայելով խոսել: Ես ընտանիք գիտեմ, որտեղ կինն ու ամուսինը իրար հետ խոսում են սկայպով կամ Ֆեյսբուքով: Մեկը խոհանոցում է, մյուսը՝ ննջարանում, ու իրար հաղորդագրություն են գրում: Դա լրիվ անհեթեթ վիճակ է, որին մարդիկ հասել են ոչ իրենց կամքով:

Պատկերի ու ընդհանրապես պատկերային արվեստի խնդիրը թվանշային տեխնոլոգիաների գրոհը չէ (թվանշացումն ընդհանրապես փայլուն գործոն է), այլ յուրատեսակ մոգության անհետացումը:

Ժամանակին երբ լոգասենյակում փակվում ու լուսանկարչական ժապավենն էինք երևակում, մենք իսկական հրաշք էինք արարում: Պատկերի՝ լուսանկարի ու կինոյի, ծնունդը իսկական հրաշքի էր նման: Իսկ հետո այդ հրաշքը կորավ, քանի որ պարզվեց, որ անգամ հեռախոսով կարելի է որակյալ պատկեր ստեղծել ու միանգամից եթեր ուղարկել:

Եթերային որակի հեշտ ապահովումը թույլ տվեց մեծ թվով դիլետանտների ներխուժել այդ տարածք (ինչն իրականում բացասական նշանակություն չունի, պարզապես փաստ է): Վերջիվերջո, բոլորս էլ ինչ-որ բաներ գրում ենք, բայց հո բոլորս գրող չե՞նք:

Իսկ ի՞նչ դեր է այսօր կատարում հեռուստատեսությունը:

Հեռուսատեսության մասին խոսելիս ինձ մոտ միշտ ցանկություն է առաջանում վիրավորել այդ ոլորտի աշխատողներին: Թերևս միայն այդպես է հնարավոր դրդել նրանց դուրս գալ այդ դաշտից: Բայց ես այդ իրավունքը չունեմ, քանի որ հեռուստատեսությունը բառիս բուն իմաստով կերակրում է շատերին: 

Բոլոր ժամանակներում հեռուստատեսությունը նպատակաուղղված կառավարման պրոցեսի մի մասն է եղել:

Սակայն չկա որևէ երկիր, որտեղ հեռուստատեսությունը կարևորվում է այնպես, ինչպես, ասենք, Ռուսաստանում կամ հետխորհրդային այլ երկներում: Ֆրանսիացին, օրինակ, հաճախ տեղյակ էլ չէ, թե ինչ հաղորդումներ են ցուցադրվում եթերում, շատերն անգամ հեռուստացույց չունեն տանը:

Կարծում եմ՝ բացատրությունը թույլ զարգացած ենթակառուցվածքներն են:

Հերիք է դուրս գաս Երևանից (կամ այլ ուրբանացված քաղաքից) հասկանալու համար, որ լրիվ ուրիշ աշխարհ ես ընկել: Աշխարհ, որտեղ ոչ միայն ինտերնետ, այլև ուտելու բան ու խաղալու գնդակ չկա:

Այդ աշխարհում ապրող երեխաները ֆուտբոլ խաղալու համար գուլպաների գունդն են գնդակ սարքում, իսկ կանայք հաց են թխում կամ ջուր են կրում: Նրանց միակ հույսն ու կուլտուրական ժամանցը հեռուստատեսությունն է, որով և իրենք կառավարվում են:

Պետական մշակութային քաղաքականություն իրականացնողները լավ հասկանում են, որ հեռուստադիտողները ոչ թե սոցցանցերում իրար հետ շփվող փոքրաթիվ հայաստանցիներն են, այլ այն մարդիկ, որոնք դեռ շարունակում են ապրել 19-րդ դարում ու բազմաթիվ ու անվերջանալի կենցաղային խնդիրներ ունեն:

Եվ այդ մարդկանց համար 5 հազար դրամը մեծ փող է (ճիշտ է՝ ընտրություններից պարզվեց, որ այդ գումարն արդեն հասել է 20 հազարի): 

Ամեն ինչի հիմքում կառավարման հարցն է: Կուշտ ու գոհ, հետևաբար ազատ մարդը հեռուստացույցի կարիք չունի:

Իոսիֆ Բրոդսկին ասել է, որ նեղ մշակութային մտահորիզոնը հանգեցնում է նեղ քաղաքական մտահորիզոնի: Շատ բարդ է ազատ մարդուն ղեկավարել, և բոլոր ժամանակներում էլ ղեկավարները նախընտրել են շրջապատվել քծնողներով ու կյանքին նայել զրահապատ ապակու միջով: Բայց դա կյանք չէ, դա ընդամենը այդ ղեկավարների արտացոլումն է, որոնց իրենց շրջապատը երբեք չի հակաճառում:

Հնարավոր չէ՞ արդյոք թեկուզ այս պայմաններում ավելի նրբանկատ աշխատել ու մեդիա դաշտն այսքան կառավարելի ու կռահելի չդարձնել:

Ռուսաստատնում, օրինակ, «Дождь» փայլուն ինտերնետային հեռուստաալիք կա, որը հաճույքով ես նայում: Պարզապես զարմանալ կարելի է, որ նման դանդաղ, սողացող դիկտատուրայի ու կոպիտ կառավարման պայմաններում կարելի է «Дождь»-ի նման ալիք բացել:

Կարծում եմ, որ մարդու հոգևոր բովանդակությանը դիմելու փորձերը պետք է զերծ լինեն դիդակտիկայից, ավելի շուտ բանավիճային, գրգռող, ոգևորող լինեն:

Ինտերնետային լրատվական կայքերը սնկերի պես աճում են, ակտիվանում է նաև սոցիալական մեդիան: Այդ ակտիվությունը ոգևորո՞ղ է:

Հիմա ինտերնետում բավականին հետաքրքիր պատկեր է. կարծես թե տարբեր դիրքորոշում ունեցող լրատվական կայքեր են,[[wysiwyg_imageupload:271:]] որոնք հակադիր տեսակետներ են արտահայտում, սուր ինֆորմացիայի հետ են առնչվում` հաճախ հարձակվելով, անգամ «ուտելով» իրար:

Առցանց մեդիա տարածքը շատ ազատ է, կարող ես ցանկացած բան գրել, հրապարակել: Ես ինքս էլ հաճույքով կարդում, գրում, մեկնաբանում եմ: Ի տարբերություն տպագիր մամուլի՝ առցանց մեդիան շատ ավելի ազատ ու բովանդակային է (հեռուստատեսության մասին անգամ խոսել չեմ ուզում, քանի որ այդ մեդիան դեռ շարունակում է իշխանության զենքը լինել): Իսկ համացանցային մեդիան բացարձակապես ազատ է, անգամ կարծում եմ, որ ավելի ազատ, քան հիմա է, պարզապես հնարավոր չի լինել:

Սակայն կա մի մեծ վտանգ. այդ ազատությունը կարող է ցանկացած վայրկյանին անհետանալ:

Հայաստանում ընդամենը ձեռքի մի հպումով (մի կոճակ է, ի վերջո) կարող են բոլոր առցանց ինֆորմացիոն խողովակները փակել: Ինտերնետային մեդիա տարածքը նույնպես մոնոպոլիզացված է, և դրանում է վտանգը: Սակայն հիմա այն դեռ ազատ է...

Վստահ եմ, որ 5 տարի հետո հայաստանցիների զգալի մասը հեռուստացույց չի նայելու: Հեռուստատեսության դերը գնալով կնվազի, քանի որ արդեն իսկ հնարավոր է գրեթե ամեն ինչը on line դիտել ու գտնել հատկապես քեզ հետաքրքրող սյուժեն:

Որևէ լուր փակելը կամ ջնջելը շատ բարդ է, որոնողը կգտնի: Ես, օրինակ, միշտ գտնում եմ իմ ուզածն ու ինձ բացարձակապես ինտերնետի մարդ եմ համարում (անգամ չգիտեմ, թե ինչ են ցույց տալիս հեռուստացույցով):

Հեռուստացույց չեն դիտի ոչ թե ներքին բողոքից դրդված, այլ պարզապես այն պատճառով, որ դրա կարիքը չի լինի:

Սակայն կարծես թե հեռուստասերիալները կայուն, նույնիսկ օրեցօր աճող լսարան են ձեռք բերում: Դա պարադոքս չէ՞:

Հեռուստատեսային վարկանիշները ապացուցում եմ, որ սերիալներն իրոք հսկայական լսարան ունեն: Կարծում եմ՝ հեռուստատեսային ռեյթինգները պետք է լրջորեն ուսումնասիրվեն, վերջիվերջո չափող սարքերը հեռուստացույցը միացված լինելու փաստն են միայն արձանագրում և ոչինչ չեն ասում այն մասին, թե դիտողին որքանով է դուր գալիս իր տեսածը: Մարդը կարող է ալիքը չփոխել, քանի որ ընտրություն չունի: 

Մարդիկ էլ կան, որ սերիալ են նայում ծաղրելու, ձեռ առնելու համար (ինչը նույնպես ռեյթինգ է ավելացնում): Կարծում եմ՝ խնդիրն ավելի լայն է և միայն ռեյթինգներով չի բացատրվում:

Հեռուստամոլությունը թմրամոլության պես մի բան է:

Օրինակ՝ ընդունված է ասել, որ ամենավատ հեռուստատեսությունը իտալականն է, որը համարվում է լկտիության գագաթը: Պատկերացրեք, որ այն հայաստանյան հեռուստատեսությունից ավելի լկտի և մի քանի միլիոն անգամ ավելի ճոխ է՝ փայլուն կոստյումներ, հարուստ դեկորացիաներ: Իսկ միջուկը դատարկ է:

Սերիալը լավ ժանր է, կարելի՞ է սպասել, որ մեր սերիալներում որակ կհայտնվի:

10-12 մասանոց հեռուստատեսային նովելները շատ լավ ժանր են, բայց ոչ «օճառը»: Մեր օճառային սերիալները շատ նողկալի են, դրանք ընդամենը զուգարանի թուղթ են: Ընդ որում՝ օգտագործած: Հայաստանյան սերիալները անգամ պարոդիա չի կարելի անվանել, քանի որ դրանք սկսել են չափորոշիչներ սահմանել:

Օրինակ՝ կնոջ ու տղամարդու փոխհարաբերությունները, չգիտես որտեղից ծագած անհիմն տղամարդակային բրուտալ կերպարները:

Նկատել եմ, որ մեր սերիալների հերոսներից գրեթե ոչ ոք չի աշխատում: Բոլորը նստում եմ բազմոցներին ու խոսում են իրար հետ (հաճախ հեռախոսով): Միգուցե չաշխատելո՞ւ մոդա ստեղծելու նպատակ է դրված:

Պերսոնաժները չեն աշխատում, միայն հարց են լուծում ու իրար վրա զենք են քաշում, կանանց էլ ասում են՝ հլը արի ստեղ, բան եմ ասում քեզ: Մեր սերիալների հետևանքները ես փողոցում եմ տեսնում: Եվ մեղմ ասած՝ շատ եմ տխրում:

Հեռուստատեսային ստանդարնտներ կան, որոնք պարտադիր են: Սերիալներում, օրինակ, յուրաքանչյուր ֆրազ պետք է առնվազն 10 անգամ կրկնել (մի քանի անգամ կադրում, մի քանի անգամ էլ՝ կադրից դուրս), որպեսզի իմաստը հասնի անգամ ամենադանդաղկոտ տնային տնտեսուհուն:

Եվ դա կատակ չէ, այլ սերիալային ստանդարտ, որով նկարահանում են ողջ աշխարհում՝ հստակ նշելով, որ պոտենցիալ դիտողը կարող է օժանդակ դպրոցն ավարտած ու դժվար հասկացող լինել, ով ափսեներ լվանալու ընթացքում պետք է ընկալի, թե ով ում բարեկամն է և ում է դավաճանում:

Վերջին տարիներին նկարահանվող մեր այսպես կոչված կոմերցիոն կինոն էլ կարծես շարունակում է հեռուստատեսության պատկերացումներն ու հանդիսատեսին դեգենարատի տեղ է դնում: Ֆիլմը պիտի զրույցի հրավիրի, իսկ ռեժիսորն էլ դիտողին հարգի՝ ասելով՝ արի միասին ավարտենք մեր սկսած զրույցը, չէ՞ որ մենք համահեղինակներ ենք: 

Իսկ ինչո՞ւ է մեր կինոն վախենում կոմերցիայից:

Ցանկացած ֆիլմ, ի վերջո, պետք է վաճառվի, այսինքն՝ դիտողին հասնի: Այդ  գործը կատարում են պրոդյուսերները, որոնց մասնագիտությունը մարդուն համոզելն է: Ընդ որում՝ այդ կարողությունը նույնպես մշակութային քաղաքականության մասն է: Նայիր, կարդա, քանի որ դու պետք է լավը, խելացի, խորը ու մոդայիկ լինես...

Ֆիլմերը պետք է վաճառվեն, բայց ոչ ստեղծվեն միայն վաճառվելու համար:

Իհարկե, չենք կարող անտեսել զանգվածային մշակույթի գործոնը, քանի որ դա է փող բերում, բայց կինո ստեղծողներն, ի վերջո, մատուցող չեն, որոնք գնում են ու ասում հանդիսատեսին՝ ի՞նչ եք ցանկանում: Մասայական կուլտուրան ամենուր է ներխուժել, ինչի պատճառով էլ մարդու ներքին աշխարհը այլևս ոչ մեկին պետք չէ: Կարծում եմ՝ դա է մեր արվեստի հիմնական պրոբլեմը:

Իրականում արժեքեները չեն անհետացել, պարզապես տրասֆորմացվել են, մի բանը մյուսով է փոխարինել:

Եթե ինչ-որ բան ուզում ես արժեզրկել ու դեվալվացիայի ենթարկել, սկզբում արժեզրկում ես անվանումը (այսինքն՝ արտաքին հատկանիշները), իսկ հետո արդեն իմաստն ու բովանդակությունը:

Ռուսաստանում, օրինակ, հոգևոր լիցքեր պարուկող կինոն՝ «духовное кино» պրոդյուսերները քամահրական անվանում են «духовка»: Հարցը նրանում է, որ առանց հոգևորի (ինչպես ուզում եք, անվանեք՝ Աստծո, մայր բնության, տիեզերական ուժերի) կարող է միայն արհեստ լինել, իսկ արվեստ՝ երբեք: 

Երևանն այս տարի գրքի համաշխարհային մայրաքաղաք է դարձել...

Դա շատ ծիծաղելի է, եթե հաշվի առնենք, որ ընդամենը երկու գրախանութ ունենք: 

Բայց փոխարենը ունենք բազմազան քարոզչական պաստառներ, որոնք նույնպես մեդիա գործիք են: Կարելի՞ է ասել, որ այդ գործիքներով կարդալու մոդա է ստեղծվում: Վերջիվերջո, ստեղծագործ մթնոլորտ ունենալու համար ի՞նչ է հարկավոր:

Ռուսական ամենախոշոր գրահրատարակչություններից մեկն իր գրքերի առաջին էջում գրում է՝ կարդալը մոդայիկ է: Եվ դա հսկայական պետական PR ակցիայի մի մասն է: Մոդան դա նույն մշակութային քաղաքականությունն է:

Երբ, օրինակ, հարցնում են՝ իսկ ինչների՞ս է պետք «Ոսկե ծիրան» կինոփառատոնը, եթե մենք կինո գրեթե չենք արտադրում, ես շատ եմ զայրանում, քանի որ այդ փառատոնը մշակութային քաղաքականություն է իրականացնում: Երբ փառատոնի դիտումների ժամանակ տեսնում եմ հատակին նստած երիտասարդների, պատրաստ եմ ուրախությունից լաց լինել:

Ֆիլմում կարող է ոչինչ տեղի չունենալ, բայց կինոն զարմանալի մթնոլորտ է ստեղծում: Եվ հենց այդ մթնոլորտն է ամենաթանկ բանը:

Միքելանջելո Անտոնիոնիին հարցրել են՝ ինչի՞ մասին է ձեր ֆիլմը, նա պատասխանել է՝ ոչինչի, բայց մանրամասներով: Այդ հանճարեղ ձևակերպումը շատ լավ փոխանցում է արվեստի մթնոլորտը, որի մեջ մտնելը ամենամեծ հաճույքն է:

Կարծում եմ՝ գրքի մայրաքաղաք դառնալու առիթը մենք կարող էինք ավելի լավ օգտագործել՝ հատուկ մշակված ակցիաներ,[[wysiwyg_imageupload:272:]] ծրագրերով մարդուն դեպի գիրքը բերելու համար:

Բայց ստացվեց, որ այդ առիթը ընդամենը «Մենք դա կարողացանք անել» դարձավ (Բաքուն «Եվրատեսիլը» տուն տարավ, մենք էլ՝ գրքի մայրաքաղաքի կոչումը ստացանք):

Որպես գովազդային գործակալության կրեատիվ տնօրեն՝ կարող եմ ասել՝ գիրքը գովազդող պաստառները այլանդակ դիզայն ունեն: Մրոտ տղան գիրք չի կարդում, իսկ մաքուր լվացվածը կարդացող է. կարծում եմ՝ դա սարսափելի հիմար միտք է, որով երբեք մարդուն դեպի գիրքը չես բերի:

Իսկ «Ոսկե ծիրանով» կբերես, քանի որ բավական է մի քանի տարի շարունակ ստեղծագործ մթնոլորտի մեջ սուզվել, որպեսզի կարդալու, սեփական ուժերով ֆիլմ նկարահանելու ցանկություն առաջանա: 

Այսօր ցանկացած մարդ արդեն իսկ մեդիա է, ով ինֆորմացիա է կլանում, վերաիմաստավորում ու տարածում: Եվ ռեժիսորի մասնագիտությունն էլ արդեն դժվար է միայն կինոյի կամ թատրոնի ոլորտներով սահմանափակել: Եվ եթե ամեն ինչը բեմադրվում է, ուրեմն ինչո՞ւ չբեմադրել հենց կյանքը՝ աննկատ ինտերվենցիաներ անելով մեդիա դաշտ՝ հատկապես հեռուստատեսություն:

Փարաջանովն, օրինակ, քայլող կինո էր, կարելի է անգամ ասել՝ մարդ-մեդիա, ով իր շուրջը կատարվածն ամեն վայրկյան էր բեմադրում:

Իսկ հեռուստատեսություն կարող ես փորձել մտնել, բայց ... չեն թողնի: Վերադառնում ենք մեր զրույցի սկզբին. իշխանություններին պետք է, որ դու խավարի, կարիքի մեջ լինես ու մտահորիզոնդ չընդլայնես:

Ընդ որում՝ ասածս ոչ թե մեր, այլ բոլոր տիպի իշխանություններին է վերաբերում: Դա նպատակաուղղված քաղաքականություն է, որը (եկեք անկեղծ լինենք) իրականացնում են բավականին խելացի մարդիկ: Եվ այդ քաղաքականության շնորհիվ սովորական մարդը այլևս ունակ չէ սիրել իր հարազատին, զարգացնել ու կոփել իր հոգևոր ապարատը, որի գոյությանը ես անկեղծորեն հավատում եմ:

Անխտիր բոլորի ներսում կա այդ ապարատը, սակայն ոմանք նրա վրայից նույնիսկ ցելոֆանը չեն հանել: Իհարկե, որոշ մարդիկ կարծում են, որ համեղ երշիկեղենի կամ զվարճանքի վայրերի առատությունը կարող է երջանկացնել իրենց ու փոխարինել հոգևորը, բայց ես դրան չեմ հավատում:

Յուրաքանչյուրս էլ զգում է, որ աղիներից, լյարդից ու թոքերից բացի՝ իր ներսում անշոշափելի ու անորսալի սուբստանցիա կա, որը կարելի է պայմանականորեն «ոգի» անվանել:

Չէ՞ որ եթե մենք մեր գոյությունից հանենք հոգևոր բաղադրիչը, բոլոր դոկտրինաներն անիմաստ են դառնում: Որպես կենսաբան եմ ասում՝ բնության մուտացիաների շնորհիվ է զարգանում (տեսակը կա՛մ անհետանում է, կա՛մ զարգանում): Դրա արդյունքում էլ, ասենք, նապաստակին սպիտակ մորթի է տրվում՝ ձմռանը դիմակայելու համար և նման այլ բաներ:

Իսկ էվոլյուցիոն թռիչքի արդյունքում մարդուն բնությունը ոչ թե բուրդ, ժանիքներ ու հաստ կաշի, այլ բանականություն ու հետն էլ խիղճ է տվել:

Այսինքն՝ ամեն ինչն ու միանգամից է տրվել, որպեսզի մարդ ինքն իր կարիքները հոգա: Ցանկացած կենսաբանական տեսակ ոչնչանում է, եթե հանկարծ իր մեջ արթնանում է խիղճը (առյուծը խճղալով չի սպանի եղնիկին ու սոված կմեռնի), իսկ մարդուն խիղճը տրված է որպես նվեր, որպես դիմակայման շանս:

Եթե ինքդ քեզ խիղճ չունեցող մի էակ ես համարում, ուրեմն 12 մետր երկարությամբ աղիքներ ունեցող մեկն էս, որ հեշտությամբ կարող է իր նմանին ուտել, սպանել, տրորել: Մինչդեռ գերագույն նվերը կյանքը գնահատելը, դրա հաճույքը զգալն է:

Զրույցը՝ Նունե Հախվերդյանի

Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
 

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:
Լրացուցիչ տեղեկություններ ?