Ես քաղաքականացնում եմ Այվազովսկուն, իսկ դու՞...

13.09.2017, Քննադատ

Լրագրող, արվեստի քննադատ

Երկու թանգարանային իրադարձություն անսպասելիորեն և ճակատագրորեն շաղկապվեցին միմյանց: Եվ միացրեց նրանց քաղաքականությունը, քանի որ երկու դեպքում էլ կոչ արվեց (թեկուզ միջնորդավորված) մնալ գեղեցիկի, անատամի, փափուկի ու անվտանգի դաշտում:

Մի ցուցադրությունը՝ փոքր էր, միտք շարժող, ազգային ամոթի մասին հիշեցնող և շատ կարճ տևած: Մյուսը՝ ծավալուն, թանկ, անծայրածիր հաճույքի ու ազգային հպարտության վրա խարսխված:

Հովհաննես Թումանյանի տուն-թանգարանի աստիճաններին 2017 թվականի օգոստոսին ցուցադրված «Խավարում» արխիվային ցուցահանդեսը, որի հիմքը բոլշևիկյան բռնաճնշումների զոհերի ու դահիճների մասին փաստաթղթերն էին ու Հովհաննես Թումանյանի գրառումները, փակվեց մշակույթի նախարարության ուղիղ հրահանգով:

Եվ ինչպես սովորաբար պատահում է պետական ատյանների կողմից դատավճիռ ներկայացնելու դեպքերում, հանրության մեծ մասը «Խավարում» ցուցահանդեսի մասին տեղեկացավ միայն փակումից հետո: Հատկապես, երբ այդ մասին գրեցին լրատվամիջոցները:

Այն պատմական ու արվեստային շերտը, որը պետական օղակներում ծառայողները (չինովնիկները) չեն ցանկանում տեսնել ու վերաիմաստավորել, միշտ ձեռք է բերում առավել մեծ հմայք ու կարևորություն, քանի որ ցանկացած փակ բան վաղ թե ուշ բացվելու է, և փակողը հայտնվելու է անհարմար վիճակում:

Օրինակ, սկսելու է բացատրել, արդարանալ, պատճառաբանություններ որոնել, ինչի արդյունքում ի հայտ կգա պատմանական ու արվեստային շերտի նոր ու թարմ գոյացություն:

Եթե ընդդիմանում ես արխիվին, ուրեմն պետք է պատասխանես կամ արխիվով (փաստով) կամ հեքիաթով (վերացական հորինվածքով):

Թումանյանի տուն-թանգարանի ցուցահանդեսի արգելքի դեպքում արխիվային նյութերով պատասխանել չէր ստացվի, քանի որ նախ՝ Թումանյանի երեք զավակներն էլ ստալինյան բռնաճնշումների զոհ են (երկուսը գնդակահարվել են, երրորդը՝ արժանացել զրկանքների), և հետո էլ՝ բավական է կարդալ հենց Թումանյանի հրապարակախոսական նյութերը, հասկանալու համար, թե որքան նրբորեն ու սթափ է նա տեսել մարդկային ներաշխարհի կործանումը, եթե մարդը ընտելանում է որպես ստորադաս, ճորտ ու ծառա ապրելուն: Այդ դեպքում նա ինքն է սկսում երազել լինել թելադրող, ճորտատեր ու, ի վերջո, կործանող:

Թումանյանը փաստ է, առանց խմբագրումների ու սրբագրումների: Փաստ է նաև նրա ժամանակը, որի ժառանգներն ենք մենք՝ բոլոր հաճելի ու տհաճ ազգային խնդիրներով հանդերձ:

Մշակույթի նախարարը փաստաթղթային, վավերագրական նյութերով կազմված ցուցահանդեսը (այս դեպքում կարևոր չէ, թե որքան հմտորեն ու որակյալ է ցուցահանդեսի էությունը) արգելել է որպես չինովնիկ, որին տրված է որոշումներ կայացնելու ուժ (այս դեպքում կարևոր չէ, թե որքան ժամանակով է այն տրված. բայց քանի դեռ տրված է, չինովնիկը թելադրելու է):

Նա ասել է. «Հայաստանի մշակույթի նախարարության բոլոր ՊՈԱԿ-ները պարտավոր են մեկամյա կտրվածքով իրենց ցուցադրությունները համաձայնեցնել նախարարության հետ։ Թումանյանի թանգարանին զգուշացվել է, որ նախարարության հետ համաձայնեցված չի եղել ցուցադրանքի բացօթյա ձևաչափը, և թանգարանը հավաքել է դրսում ցուցադրվող պաստառները»։

Համաձայնեցնելու պարտադրանքը հենց այն մեկնակետն է, որից սովորաբար սկսվում են մեծ աղետները: 20-րդ դարի առաջին կեսը ընտելացում էր «համաձայնեցնելուն»:

Արվեստը, մամուլը, գրականությունը լիովին համաձայնեցված էին սովետական գաղափարախոսության հետ: Իսկ անհամաձայններին սպասում էր գնդակահարությունը, աքսորը, բանտարկությունը...

Հետաքրքիր է, թե ինչպե՞ս կարելի է համաձայնեցնել վավերագիր փաստն ու արխիվային նյութը: Եվ ինչի՞ն համաձայնեցնել:

Համաձայնեցնել չի ստացվի, քանի որ այսօր Հայաստանում չկա իշխող գաղափարախոսություն: Իհարկե, կա իշխող կուսակցություն, որն ուզում է առաջ տանել «ազգ-բանակ» կարգախոսը, բայց այն չի աշխատում ավելի նուրբ նյութերի հետ, ինչպիսին են հուշը, արվեստը, պատմական համատեքստը:

Այն աշխատում է միայն որպես ճառերի հիմք և պիտանի չէ թանգարանային աշխատանքում, քանի որ ցուցադրությունը միանգամից կընկալվի որպես պրոպագանդա:

Թումանյանի տուն-թանգարանի տնօրենը բացատրել է. «Մենք ամեն տարվա վերջին հաջորդ տարվա ծրագիրը ներկայացնում ենք մշակույթի նախարարություն՝ սուբսիդավորման համար: 2016 թ.-ի դեկտեմբերի 15-ին ներկայացրել ենք 2017թ.-ի ծրագիրը, որտեղ ներառված է եղել նաև «Թումանյանի զավակների ճակատագիրը» խորագրով բացօթյա ցուցահանդեսը, որի անվանումը հետագայում փոխվել-դարձել է «Խավարում»... Մենք ուրիշի տարածքում, ուրիշի բակում չենք կազմակերպել, որ հատուկ թույլտվություն վերցնենք: Երբևէ նման խնդիր չի եղել»:

Երբեմն տպավորություն է ստեղծվում, որ Հայաստանում շատ բան ոչ միայն խավարի, այլև անգիտակցական մշուշի մեջ է պահվում: Միգուցե, Ռուսաստանի օրինակով փորձ է արվում չխոսել փաստերի մասին, հույս ունենալով, որ փաստերն իրենք իրենց կանհետանան ու կփոշիանան: Կամ էլ հրաշք տեղի կունանա՝ դրանք ձեռք կբերեն հակառակ իմաստն ու կարդարացնեն ներկայի անհաջողությունները:

Իրականում, Եղեռն վերապրած ազգը (ազգ-բանակը) չի կարող չգիտակցել, թե որքան վտանգավոր է փաստերի կոծկումը, արգելքն ու ժխտումը:

Շատ դեպքերում միայն մեդիայի արձագանքներն են ստիպում հասարակությանն ավելի զգոն մնալ, փոքր-ինչ ցրել մշուշն ու չինովնիկներից բացատրություններ պահանջել: Լրատվամիջոցներն են հարցեր բարձրաձայնում, թեկուզ միայն հարցեր տալով մեծ ու փոքր չինովնիկներին:

Մշակույթի փոխնախարար Արև Սամուելյանը «Խավարում» ցուցահանդեսի փակման պատճառ է համարել ցուցահանդեսի «քաղաքականացված» լինելը:

«Մենք պետք է պատմությանը պարզ երեսով նայենք, այն մի փոքր քաղաքականացված էր: Երևի պետք էր հասարակությանը մի փոքր նախապատրաստել: Որոշ շտկումներից հետո այն կվերաբացվի»,- ասել է նա՝ «մի փոքր» լույս սփռելով նախարարի առաջ քաշած «համաձայնեցման» պարտադրանքի վրա:

Ո՞վ դա պիտի անի: Այսինքն, ո՞վ պիտի նախապատրաստի պատմությանը բաց երեսով նայելու պրակտիկ գործողությանը:

Թերևս, դա կարող է անել ծովանկարիչ Հովհաննես Այվազովսկին, որի հոբելյանական, ծախսատար ու ներկայանալի ցուցահանդեսը նախատեսվում է մեծ շուքով բացել մոտ օրերս: Այդ ցուցահանդեսը տարբեր բարձրաստիճան պաշտոնյաներ (նախարարներից էլ բարձր) այցելելու, հիանալու, մեկնաբանելու են ծայրահեղ շքեղ բառապաշարով՝ ազգի լավագույն ներկայացուցիչ, մեծ հայ, հայտնի հայազգի, առաջամարտիկ և այլն...

Այվազովսկու այս ցուցահանդեսը համաձայնեցված է, բայց ոչ թե «մի փոքր», այլ բավականին լուրջ է քաղաքականացված:

Քաղաքականացված է մի պարզ պատճառով՝ այն հրավիրում է հիանալու լավով ու վեհով, և մոռանալու ցավոտն ու ամոթալին, այդ թվում նաև՝ քաղաքականությունը:

Թերևս ժամանակակից Հայաստանի գաղափարախոսությունը հենց մոռանալու բերկրանքն է:

Այս տարի լրանում է բոլշևիկյան բռնաճնշումների, հազարավոր հայազգի զոհերի ու հայազգի դահիճների (որոնք նույնպես զոհեր էին) մեկդարյա պատմությունը: Ժամանակակից Հայաստանում անմեղ զոհերի հիշատակը հարգող ցուցահանդես կամ որևէ հուշարձանանման վայր դեռևս չկա:

Համաձայնեցված չէ...

Նունե Հախվերդյան

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:

Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
 

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:
Լրացուցիչ տեղեկություններ ?