2011.06.30,

vox populi

«Մեդիայի թուլությունը պրոֆեսիոնալ կադրերի պակասությունն է»

Դեռ շատ փոքր էի, երբ սկսեցի ռադիո լսել, եւ հաստատ կարող եմ ասել, որ ճաշակիս ձեւավորման գործում մեծ դեր է կատարել հենց ռադիոն: Այն դեռեւս ուժեղ ազդող գործիք է, դրա համար ռադիոյում աշխատողները պետք է գիտակցեն իրենց պատասխանատվությունը: Առհասարակ մեդիայից շատ բան է կախված. առաջին հերթին՝ ազգի ապագան՝ ինչպես դաստիարակի մեզ մեդիան, այնպես կձեւավորվի մեր ճաշակն ու աշխարհայացքը, այնպիսին կլինենք մենք վաղը: Հետեւաբար պետք է շատ ուշադիր լինել:

Այսօր մասնավոր ռադիոները հաճախ նախընտրում են գումար ներդնել ժամանցային ծրագրերի մեջ, սակայն անհրաժեշտ են ավելի շատ ուսուցանող, ինտերակտիվ ծրագրեր, որոնց ժամանակ ռադիոլսողը կզգա իր կարեւորությունը եւ կկապվի թե՛ հաղորդավարի, թե՛ ռադիոալիքի հետ, մշակութային հաղորդումներ, որոնք կներկայացնեն մեր ազգային եւ արտասահամանյան մշակույթը, ինչն առաջնային կարեւորություն ունի մեր երիտասարդ սերնդի համար: Հուսով եմ՝ կլինեն խղճով մարդիկ, ովքեր, ի վերջո, կմտածեն ոչ միայն սեփական գրպանի, այլեւ ազգի ինտելեկտի ու ճաշակի մասին:

Որպես լրատվության աղբյուր՝ ռադիոն այսօր շատ է զիջում իր դիրքերը, քանի որ նախ շատ ավելի հեշտ է ինտերնետից վայրկենական ստանալ հետաքրքրող նորությունները, քան սպասել լուրերի ժամին, երկրորդն էլ՝ ռադիոն հիմնականում կազմակերպում է ռադիոլսողի ժամանցը, թեեւ որոշ ռադիոալիքներ, այնուամենայնիվ, շեշտը դնում են հենց լրատվականի վրա եւ ուժեղացնում են իրենց թիմի հենց այդ հատվածը:

Ինչպես ռադիոյի, այնպես էլ ամբողջ մեդիայի թուլությունը, կարծում եմ, պրոֆեսիոնալ կադրերի պակասությունը եւ խթանի բացակայությունն է:

Ինչպես մնացած ձեռնարկություններում, ռադիոյում նույնպես տիրում է սխալ կադրային քաղաքականություն. ընտրվում են այնպիսի մարդիկ, ովքեր շատ հեռու են այս ոլորտից, իսկ ռադիոյի աշխատանքը բավական բարդ է եւ գիտելիքների լուրջ պաշար ու որոշակի փորձ է պահանջում:

Այստեղ եւս գործում է ծանոթ-բարեկամ-ընկեր համատարած խնդիրը: Ես ինքս տեսել եմ նման խայտառակություն, երբ ոլորտից շատ հեռու մարդը սկսել է զբաղվել դրանով եւ ժամանակի ընթացքում տապալել է տարիներով կառուցած ռադիոն, նրա ռեյտինգը:

Կարծում եմ՝ պետք է ուշադրություն դարձնել նոր սերնդին. լրագրողների շրջանում շատ տաղանդավոր եւ ձգտում ունեցող կադրեր կան, որոնց պետք է նկատել եւ թողնել, որպեսզի աճեն, հասնեն համապատասխան մակարդակի, զարգացնեն իրենց ստեղծագործական միտքն ու այն օգտագործեն պրակտիկայում: Ապագան հենց այդպիսի երիտասարդ լրագրողներինն է, ովքեր հարցերին կարող են նայել այլ տեսանկյունից, որից չեն տեսնի հին սերնդի լրագրողները: Նրանց խթանելու համար կարեւոր է նաեւ հոգալ նրանց սոցիալական վիճակը՝ համապատասխան աշխատավարձ ապահովելով:

Իսկ քանի որ այսօր ինտերնետի օգտատերերի քանակն օրեցօր աճում է, եւ մարդիկ իրենց ինֆորմացիոն եւ երաժշտական քաղցը բավարարելու համար գնում են ինտերնետ, մեր ռադիոները նույնպես պետք է ապահովեն օնլայն հեռարձակում. տեխնոլոգիաների զարգացումն օնլայն ռադիոներին կբերի ավելի առաջատար դիրքի քան այսօրվա FM ռադիոկայաններն են:

DJ Vakcina/ Արուսիկ Մկրտչյան
Dj, կենսաբան

Դպրոցը՝ Խ.Աբովյանի անվան N 2 միջնակարգ դպրոց
Համալսարանը՝ Երեւանի պետական համալսարան, կենսաբանության ֆակուլտետ
Սիրելի գիրքը՝ “Good to Great”, Jim Collins
Սիրելի երաժշտությունը՝ tech house
Սիրելի սպորտաձեւը՝ մեծ թենիս
Սիրելի արտահայտությունը՝ «Միշտ առաջ»

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *