Ինչ պետք է իմանալ թվային հեռարձակման մասին

Ինչ պետք է իմանալ թվային հեռարձակման մասին

Ի՞նչ է թվային հեռուստատեսությունը:

Թվային վերգետնյա հեռարձակումը՝ առաջավոր տեխնոլոգիա է, որը կիրառվում է  անալոգայինի փոխարեն: Հեռարձակման այս ձևը հնարավորություն է տալիս առաջարկելու ավելի լավ պատկերով և ձայնի ավելի լավ որակով հեռուստահաղորդումներ: Այն նաև առաջարկում է բազմապիսի ծրագրային հնարավորություններ, այսպես կոչված՝ «բազմահեռարձակում» և ունի ինտերակտիվ հնարավորություններ: Թվային հեռարձակումը ընդունակ է հաղորդելու ստանդարտ հստակության Standard Definition (SD) և բարձր հստակության High Definition (HD) հեռուստատեսային հաղորդումներ:

Ո՞րն է թվային և անալոգային հեռարձակման տարբերությունը:

Եթե ասել կարճ՝ տարբերությունը ընդունվող պատկերի և ձայնի որակի մեջ է: Անալոգային հեռարձակումը ունի մի հատկություն՝ եթե մոտ եք գտնվում հաղորդակին, ըհդունում եք լավ պատկեր: Ինչքան հեռանում եք այնքան որակը վատանում է: Եթե ալեհավաքի ուղղությունը շեղված է՝ տեսնում եք կոնտուրներ և կրկնապատկերներ: Թվային հեռարձակման դեպքում այս երևույթները բացակայում են՝ դուք կամ կտեսնեք պատկերը լավագույն որակով, կամ ոչ մի բան չեք տեսնի:

Ի՞նչ է հարկավոր թվային եթերային հեռուստատեսություն դիտելու համար:

Անհրաժեշտ է DVB-T2 ձևաչափի թվային ընդունիչ ունեցող հեռուստացույց և նրան միացած ալեհավաք: Ցանկալի է, որ ալեհավաքը տեղադրված լինի տանիքումվև ուղղված լինի տվյալ տարացքում գործող հեռուստա-աշտարակին: Ալեհավաքը կարող է լինել ներսի, բայց դա հիմնականում անհարմար է, իսկ արդյունքը ավելի վատն է:
 
Եթե հեռուստացույցը անալոգային է, ապա անհրաժեշտ է ձեռք բերել DVB-T2 կցուրդ:
Ընդհանրապես ցանկացած արտաքին սարք (DVD նվագարկիչ, խաղային կցուրդ, մալուխային ծառայությամբ առաքվող հեռուստա-ծրագրերի կցուրդ) հեռուստացույցին միացնելուց արժե իմանալ, որ լավագույն պատկերի և ձայնի որակը դուք կստանաք եթե միացումը կատարվի (HDMI) թվային մալուխով, դրանից մի քիչ ավելի վատ՝ անալոգ (RGB  կամ YDrDb) 3 տեսա և 2 ձայնի մալուխներով, ամենա անորակը (AV) մեկ տեսա և երկու ձայնի մալուխներով:

Քանի հեռուստացույց կարելի միացնել փոխարկիչ կցուրդին:

Յուրաքանչյուր հեռուստացույցի  համար անհրաժեշտ է թվայինից անալոգայինի փոխարկիչ մեկ կցուրդ:

Թվային հեռարձակման անցումը կազդի՞ այն հեռուստացույցների վրա, որոնք միացված են մալուխային ծառայություններին:

Ոչ, հեռուստացույցը կարող է ընդունել և՛ եթերային հեռարձակումը, և՛ մալուխային հեռուստատեսությունը: