2020.04.30,

Ստուգված է

Տարածաշրջանի կեղծ ու մանիպուլյատիվ լուրերը Հայաստանի մասին և ոչ միայն

author_posts/karine-ghazaryan
Կարինե Ղազարյան
facebook

Լրագրող

Ապրիլ ամսվա ընթացքում հետխորհրդային տարածաշրջանի տարբեր երկրներում Հայաստանին առնչվող մի շարք կեղծ ու մանիպուլյատիվ լուրեր շրջանառվեցին։ Կորոնավիրուսի մասին ոչ հավաստի պնդումներն էլ օտարերկրյա մամուլից ներթափանցեցին հայկական լրատվական կայքեր։

Կրեմլը վտանգ է տեսնում Հայաստանում «ամերիկյան» բիոլաբորատորիաների մեջ։ Քարոզչական կայքերն էլ դրանց մասին կեղծ լուրեր են տարածում

Ամիսներ շարունակ ռուսական պրոիշխանական լրատվամիջոցները շրջանառում են Հայաստանում գործող բիոլաբորատորիաների մասին կեղծ ու մանիպուլյատիվ թեզեր։ Կրեմլը նաև պաշտոնական մակարդակով է մտահոգվել դրանց գործունեությամբ և ԱՄՆ-ից եկող ֆինանսավորմամբ։

Կորոնավիրուսի համավարակի պայմաններում լաբորատորիաները նորից դարձան կեղծ լուրերի թիրախ։ Այդպես, դեռ մարտին Cont.ws կայքը հայտարարեց, թե հենց «Հայաստանի ամերիկյան կենսաբանական լաբորատորիան է հանդիսանում տարածաշրջանում նոր կորոնավիրուսային վարակի տարածման էպիկենտրոնը»։

Ապրիլին արդեն այս թեզը կրկնեց Московский комсомолец-ը։ Թերթի հրապարակումից մի քանի օր անց «Հայոց արծիվներ» հասարակական կազմակերպությունը և դրա ղեկավար Խաչիկ Ասրյանը լաբորատորիաները փակելու հայտարարություն-պահանջ ներկայացրեցին։

«Հայոց արծիվներ» ՀԿ-ն դժվար է անվանել ազդեցիկ քաղաքական միավորում։ Չնայած դրան ռուսական բազմաթիվ կայքեր հրապարակեցին Ասրյանի հայտարարությունը։  NewsFront.info-ն գրեց, թե «Հայաստանում երկու ամիս են տվել ամերիկյան բիոլաբորատորիաների վերացման համար»։ Իսկ fondsk.ru-ն հայտնեց, որ «Հայաստանում Փաշինյանից պահանջեցին փակել բոլոր բիոլաբորատորիաները» և հավելեց՝ թարգմանելով Ասրյանին․ «Բիոլաբորատորիաները վտանգում են հայ ժողովրդի՝ որպես էթնոսի պահպանումը»։ Բացի նշված կայքերից լաբորատորիաների մասին ոչ հավաստի պնդումներ տարածեցին նաև eadaily.com-ը, zavtra.ru-ն, eurasianinfoleague.com-ը և այլն։

Eadaily.com-ը բիոլաբորատորիաներին անդրադարձել էր նաև մարտի վերջին՝ իրար ետևից երեք հարցազրույց հրապարակելով ՍԱՊԾ նախկին պետ Գրիգոր Գրիգորյանի հետ։ Առաջին հարցազրույցում Գրիգորյանը հայտարարել էր, թե կորոնավիրուսը կենսաբանական զենք է և նոր համաշխարհային պատերազմը արդեն սկսվել է։ Երկրորդում հայտնել էր, որ «ԱՄՆ-ի լաբորատորիաները» կապ ունեն վերջին 20 տարվա բոլոր համավարակների հետ։ Երրորդում էլ պնդել էր, թե 2013-ից Հայաստանի ազգային կենսաբանական անվտանգության համակարգը ծառայում է տարածաշրջանում ԱՄՆ կենսաբանական հետախուզությանը։

Ըստ Գրիգորյանի, ԱՄՆ-ն երկար տարիներ զավթում էր Հայաստանի կենսաբանական անվտանգության ոլորտը, և միայն Ռոբերտ Քոչարյանի կառավարման տարիներին էր, որ Ամերիկան այստեղ հաջողություններ չգրանցեց։

Գրիգորյանի հարցազրույցներից մեկը ապրիլին վերատպվեց cont.ws կայքում։

Հայ-ռուսական հարաբերությունները՝ շահարկումների առարկա

Ապրիլին rossaprimavera.ru կայքը մեջբերեց Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանի խոսքերը այն մասին, որ «երկրորդ նախագահի անօրինական ձերբակալությունը զգալիորեն ազդում է հայ-ռուսական հարաբերությունների վրա»։ Կայքը նաև հիշեցրեց Коммерсант-ի հրապարակումը այն մասին, որ Քոչարյանի ձերբակալությունը կարող է դառնալ երկու երկրների հարաբերությունների գլխավոր հարցերից մեկը։

Rossaprimavera.ru-ն հայ-ռուսական հարաբերություններին հաճախ է անդրադառնում։ Կայքը հիմնել է քաղաքական գործիչ, ռուսաստանյան հեռուստատեսային քարոզչության աստղ Վլադիմիր Սոլովյովի մշտական հյուր Սերգեյ Կուրղինյանը։

Ադրբեջանական փորձագետները նույնպես արձանագրել էին հայ-ռուսական հարաբերությունների ճգնաժամ։ Այս անգամ պատճառը ոչ թե Քոչարյանն էր, այլ Հայաստանում տիրող «հակառուսական հիստերիան» և ռուսական բիզնեսի, զինվորականների և իշխանության մեջ «Մոսկվայի դրածոների» հանդեպ ճնշումները։

Ադրբեջանական fedai.az-ն էլ Lragir.am-ի թղթակից Նաիրա Հայրումյանին մեղադրեց հայ-ռուսական հարաբերությունները փչացնելու մեջ։ Իսկ Lragir.am-ի ետևում ադրբեջանական կայքը տեսել էր տարբեր երկրների քարոզչության սիրելի թիրախին՝ Ջորջ Սորոսին։

Ջորջ Սորոս․ կրկին և նորից

Ամերիկացի միլիարդատերը նորից աշխարհի չարիք հայտարարվեց։ Ռուսական կայքերը նրան մեղադրեցին Հայաստանը ներսից քանդելու մեջ։ Военно-политическая аналитика առցանց ամսագրում լույս տեսավ ծավալուն հոդված, որը Փաշինյանի կառավարությունը կապում էր Ջորջ Սորոսի՝ արևմտյան ազդեցություն տարածող հիմնադրամի հետ։ Հոդվածը կրկնում էր Սորոսի մասին դավադրության տեսության հիմնական դրույթները։

Հոդվածը վերատպվեց eurasianinfoleague.com կայքում։

ԵՄ ֆինանսավորումն ու Էստոնիայի հետախուզության պնդումները՝ մանիպուլյատիվ լուրերի առիթ

Ռուսական պետական ֆինանսավորում ունեցող RT (Russia Today) հեռուստաընկերության կայքը գրեց, թե ՆԱՏՕ-ն վարում է Ռուսաստանին մեկուսացնելու քաղաքականություն։ Կայքի կողմից հարցված փորձագետն ասաց, որ հենց այդ նպատակով ՆԱՏՕ-ն պատրաստվում է դաշինքի մեջ ներառել նաև Հայաստանը, Վրաստանը և Ուկրաինան։

Արևմտյան կառույցների կողմից Հայաստանի հանդեպ ուշադրության մասին RT-ն գրել էր նաև մի քանի շաբաթ առաջ՝ մարտի վերջին։ Լրատվականը համարել էր, որ ԵՄ-ի կողմից հայաստանյան երիտասարդական նախագծերին տրվող աջակցությունը կարող է ծախսվել «լոբբիստական և տեղեկատվական-քարոզչական արշավների» վրա։

Հրապարակումների մի մեծ շարան էլ հաջորդեց Էստոնիայի հետախուզական ծառայության հաշվետվությանը։ Փաստաթղթում ասվում է, թե Երևանի և Մոսկվայի հարաբերությունները վատթարացել են Թավշյա հեղափոխությունից հետո։

Նախ ապրիլի 3-ին ՌԴ ԱԳ փոխնախարար Անդրեյ Ռուդենկոն հայկական Новое время-ի թղթակցին խորհուրդ տվեց այս էստոնական հրապարակման շուրջ պարզաբանումներ փնտրել Տալլինում․ «Կարծես թե էստոնացի տղերքը բոլորից շատ բան գիտեն», ասաց նա։

Новое время-ի հարցազրույցը հրապարակվեց Ռուսաստանի ԱԳՆ կայքում, այնուհետև՝ պետական ՏԱՍՍ լրատվական գործակալությունում ու այլ լրատվականներում։ Ռուսական կայքերի հոդվածն էլ թարգմանեցին հայկական լրատվականները՝ news.am-ը, hayeli.am-ը, armedia.am-ը և այլն։

 

Այդպիսով, այս լուրը հրապարակվեց հայաստանյան թերթում, թափանցեց  ռուսական պետական լրատվամիջոցներ ու վերադարձավ Հայաստան՝ արդեն ռուսական լրատվականներին հղումով։

Հայկական կայքերը թարգմանում են միջազգային ապատեղեկատվությունը

Հայկական լրատվականները հաճախ են թարգմանում միջազգային կայքերի լրահոսը, երբեմն՝ բառացիորեն։ Ապրիլին Media.am-ը առանձնացրել էր բառացի թարգմանված մի քանի հոդված, որոնցում պարունակվում էր կորոնավիրուսի մասին ապատեղեկատվություն։

Իտալական մամուլին հղում տալով՝ analitik.am-ը, 24news.am-ը, news.am-ը, iravunk.com-ը, ինչպես նաև 1lurer.am-ը հայտնեցին, թե Իտալիան մինչև տարեվերջ փակ կմնա զբոսաշրջիկների համար։ «Իրավունքի» հրապարակած տեքստի մի քանի պարբերություն բառացիորեն համընկնում էին ռուսական nsn.fm կայքի հրապարակած տեքստի հետ։

Այս լուրը կեղծ էր և լայնորեն տարածվել էր ռուսական մամուլում։ Ռուսաստանում Իտալիայի դեսպանատունը հերքեց այն։ «Իրավունք» թերթը հերքումը հրապարակեց՝ ՏԱՍՍ գործակալությանը հղում տալով։

Այս օրերին լայնորեն տարածվեց նաև կեղծ պատումը այն մասին, թե դիահերձարաններում հարազատներին կաշառք են առաջարկում՝ մահվան պատճառը կորոնավիրուսը նշելու համար։ Եթե Ռուսաստանում պատումը տարածվեց հիմնականում միայն սոցցանցերի օգտատերերի շրջանում, ապա Հայաստանում բազմաթիվ լրատվական կայքեր հրապարակեցին այն։ Lurer.com-ը, Asekose.am-ը, Hayeli.am-ը, Medmedia.am-ը, YN.am-ը, Zham.am-ը տարածեցին բժիշկ Նունե Ներսիսյանի գրառումը, որտեղ վերջինս, հիմնվելով մեկ ֆեյսբուքյան օգտատիրոջ գրածի վրա, պնդել էր, թե մահացածների հարազատներին 200 ԱՄՆ դոլար են առաջարկում կորոնավիրուսը մահվան պատճառ նշելու համար։

Կորոնավիրուսի դեմ առաջարկում են չստուգված դեղամիջոցներ, որոնք կարող են վնաս տալ օրգանիզմին

Կորոնավիրուսի մասին բազմազան կեղծ լուրերի շարանում հաճախ էին հանդիպում գոյություն ունեցող դեղերի՝ կորոնավիրուսի վրա չստուգված ազդեցության մասին հայտարարություններ։

Օրինակ, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը առաջարկել էր կորոնավիրուսի դեմ ընդունել հիդրօքսիքլորոքին, որի արդյունավետությունը ստուգված չէ, և առանց ցուցումի ընդունումը կարող է վնասել։

Ռուս բժիշկներն էլ առաջարկել էին կորոնավիրուսի դեմ օգտագործել հելիում և «Ինգավիրին» կոչվող դեղամիջոցները, որոնց արդյունավետությունը նույնպես ստուգված չէ։ Առ այսօր COVID-19-ի դեմ դեղամիջոց չի գտնվել։

Հայոց ցեղասպանության թեմայով Ուկրաինայի ԱԳՆ նամակը սկանդալի և շահարկումների առիթ դարձավ

Ապրիլի վերջին շաբաթը առանձնացավ հայ-ուկրաինական միջադեպով։ Ուկրաինայի խորհրդարանի պատգամավոր Դարյա Վոլոդինան իր ֆեյսբուքյան էջում հրապարակեց երկրի ԱԳՆ փոխնախարարի նամակը, որում պաշտոնյաներին կոչ էր արվում խուսափել «Հայոց ցեղասպանություն» եզրույթը օգտագործելուց։

Նամակում նշվում էր, որ Ուկրաինան չի ճանաչում Հայոց ցեղասպանությունը, իսկ Հայաստանը միջազգային կազմակերպություններում քվեարկում է Ռուսաստանի օգտին։

Վոլոդինան քննադատել էր նամակը, իսկ ապրիլի 24-ին հրապարակել տեսահոլովակ, որտեղ Գերագույն ռադայի պատգամավորներն ասում են՝ «Ուկրաինան հիշում է»։ Ուկրաինայի ներքին գործերի նախարար Արսեն Ավակովը նույնպես գրառում էր արել՝ նվիրված Ցեղասպանության զոհերի հիշատակին։ Ե՛վ Վոլոդինան, և՛ Ավակովը օգտագործել էին «ցեղասպանություն» բառը։

Վոլոդինայի հրապարակած նամակը քննարկվեց նաև ռուսական կայքերում։ Այդպես, Фонд стратегической культуры-ն (fondsk.ru) գրեց, որ «Կիևը արգելում է հիշատակել Հայոց ցեղասպանության մասին»։ Հոդվածը վերատպվեց naspravdi.info կայքում։

Ռուսաստանի կողմից ֆինանսավորվող Sputnik Armenia-ն էլ իր հոդվածը վերնագրեց «Բարոյականությո՞ւն։ Ոչ, չենք լսել: Ինչպես Հայոց ցեղասպանության թեման բացահայտեց Կիևի այլասերված դիվանագիտությունը»։ Թեմային անդրադարձավ նաև ՌԴ կառավարության կողմից հրատարակվող Российская газета-ն։

Կարինե Ղազարյան


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *