2012.04.18,

Քննադատ

Գերադասում են մենախոսել

Գիտեմ, որ շատերն ինձ հետ համաձայն չեն լինի, բայց ինձ թվում է, որ ընտրարշավի այս փուլում տարբեր քաղաքական ուժերի դիրքորոշումները լուսաբանելու մեր՝ լրագրողներիս հնարավորությունները մեծացել են, եթե համեմատելու լինենք նախորդ՝ 2008 թվականի նախագահական ընտրարշավի հետ:

70 տոկոսով դա բացատրվում է ինտերնետային լրատվամիջոցների, սոցիալական ցանցերի եւ youtube-ի զարգացմամբ՝ այսօր այլեւս գործնականում անհնարին է ինչ-որ նախընտրական իրադարձություն թաքցնելը՝ այն, միեւնույն է, 5 րոպեից կհայտնվի համացանցում, իսկ եթե որեւէ ամենածայրահեղ ընդդիմադիր գործիչ ցանկանում է տալ ամենախիստ գնահատականը, բացառված է, որ նա նույն ինտերնետում իր համար «հարթակ» չգտնի: 30 տոկոսով, այնուամենայնիվ, հակված եմ մտածելու, որ իշխանությունը որոշ չափով ավելի հանգիստ է եւ հանդուրժող, քան 4 տարի առաջ էր: Ճիշտ է՝ առաջընթացը խիստ սահմանափակ է, որովհետեւ, մասնավորապես,  «Ա1+»-ը շարունակում է եթերազրկված մնալ: Մի վերապահում էլ անեմ՝ խոսքն այս պահի մասին է, եւ դեռ պարզ չէ, թե ինչ  է տեղի ունենալու մոտակա երեք շաբաթների ընթացքում:

Ինչը մեզանում չի ստացվում՝ բանավեճերն են: Եվ այստեղ լրատվամիջոցների մեղքը չկա: Դրա պատասխանատուն առաջին հերթին՝ հանրապետականն է, որն ասում է, թե «այս փուլում» որոշել է չբանավիճել, եւ, երկրորդ հերթին՝ ՀԱԿ-ն է, որը հայտարարում է՝ մեր թիրախը ՀՀԿ-ն է, եթե նրանք չեն գալիս, մենք էլ չենք գա: (Իսկ ինձ թվում էր, որ իրենց թիրախը պետք է ժողովուրդը լինի): Առանց այդ երկու ուժերի հետաքրքիր թոք-շոու դժվար է կազմակերպել, որովհետեւ մնացած ընդդիմադիրների մեղադրանքները կախվում են օդում, մնում են անպատասխան: Իսկ մնացած իշխանանական ուժերը (հատկապես ԲՀԿ-ն) իրենց առանձնապես պատասխանատու չեն զգում եւ միանում են քննադատությանը:

Վերոհիշյալ երկու ուժերը՝ ՀՀԿ-ն ու ՀԱԿ-ը ոչ միայն իրար հետ չեն բանավիճում, այլեւ առանձին-առանձին գալու հետ կապված էլ քմահաճույքներ ունեն եւ ինչ-որ նախապայմաններ են դնում: Այդ առումով ամենահեշտը «Ժառանգության»-«Ազատ դեմոկրատների» հետ աշխատելն է:

Չթաքցնեմ՝ մեզ պետք է, որ լինի կարծիքների սուր բախում, որպեսզի հեռուստադիտողը հետաքրքրությամբ նայի այդ բանավեճը: Բայց երբեմն մեծ գայթակղություն ես ունենում ասելու՝ «Հեչ էլ գաք»:

Արամ Աբրահամյան

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *