Ինտերնետային ուղիղ եթեր. նախընտրական բանավեճեր Սյունիքում

03.05.2012, Նյուսրում

Սյունիքի մարզում Ազգային Ժողովի պատգամավորության թեկնածուների, քաղաքական ուժերի միջեւ նախընտրական բանավեճեր կազմակերպելու հարթակը ինտերնետն էր: 

Իրավունքների տեղեկատվական կենտրոն (ԻՏԵԿ) հասարակական կազմակերպությունը եւ Գորիսի Կանանց զարգացման «Ռեսուրս կենտրոն» հիմնադրամը նախընտրական բանավեճեր էին կազմակերպել Սիսիանում, Կապանում եւ Գորիսում: Դրանք առցանց ուղիղ հեռարձակման համար կազմակերպիչներն օգտագործում էին livestream.com հարթակը:

Ինտերնետում բանավեճերին հետեւողները հնարավորություն ունեին անմիջական մասնակցություն ունենալ քննարկումներին` իրենց հարցերը ուղղել թեկնածուներին: Ինտերնետային հեռարձակումը տեխնիկական մեծ միջոցներ չի պահանջոււմ, սակայն եթեր ապահովելու եւ լսարան ներգրավելու մեծ հնարավորություններ է ընձեռում: Սյունիքի մարզի մի շարք հեռուստատեսություններ հրաժարվել են քաղաքական բնույթի լուրեր եթեր հեռարձակելուց եւ սա այլընտրանքային տարբերակ էր, որ օգտագործեցին բանավեճի կազմակերպիչները:

«Իմ կարծիքով նախաձեռնոււթյունը հաջող էր, քանի որ մեծամասամբ դրական բնույթի արձագանքներ ստացանք: Իհարկե կային խնդիրներ կապված կապի որակի եւ մի շարք այլ առումներով, բայց դրանք բոլորը կշտկենք: Կարևորն արդեն արված է՝  Սյունիքում տեղի ունեցավ ուղիղ ինտերնետ հեռարձակում, սա կարող է նախադեպ դառնալ ու որպես հաջողված օրինակ իրականացվել նաև այլ մարզերում», - ասում է  հեռարձակման տեխնիկական մասն ապահովող, ԻՏԵԿ-ի համակարգող Գեւորգ Հայրապետյանը:

Գեւորգ Հայրապետյանի կարծիքով ինտերնետային ուղիղ եթերը Սյունիքի մարզում  քաղաքական մշակույթի ձևավորման գործընթացում նոր քայլ էր:

Կազմակերպիչները նշում են, որ Սյունիքում տարբեր քաղաքական ուժերի ներկայացուցիչների միջև բանավեճը  կարեւոր է ինչպես ազատ խոսքի, այնպես էլ  ընտրողներին կողմնորոշվելու հնարավորություն տալու տեսակետից:

Բանավեճերը կազմակերպվել են «Արդար ձեռքերով` արդար ընտրություններ» ծրագրի շրջանակներում:

Մերի Սողոմոնյան, Կապան

Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
 

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:
Լրացուցիչ տեղեկություններ ?