2019.11.25,

Քննադատ

Տվյալների վիզուալիզացիայի գործիքներ լրագրողների համար

author_posts/samvel-martirosyan
Սամվել Մարտիրոսյան

Մեդիա հետազոտող

Տվյալների լրագրությունը կամ հետաքննությունները հաճախ ընթերցողի համար մնում են աննկատ զուտ այն պատճառով, որ լրագրողը չի կարողանում ճիշտ ներկայացնել փաստերը։ Ավելի շուտ, ոչ թե ճիշտ, այլ ըմբռնելի և ընկալելի այսօրվա միջին վիճակագրական ընթերցողի համար։

Իսկ այսօր մենք բոլորս գերադասում ենք քիչ խոսք, շատ տեսողական տեղեկություն։

Տեղեկատվության մատչելիության գործում կարող է շատ օգնել վիզուալիզացիայի տեխնիկան։ Ինֆոգրաֆիկաների և նման այլ պատկերների ձևավորումը թույլ է տալիս ծանր տեքստերը դարձնել ավելի մատչելի։ Առավելևս, որ այսօրվա ընթերցողի համար երեք պարբերությունից ավելի պարունակող տեքստն արդեն ծանր է։

Վիզուալիզացիան օգտակար է, սակայն այն թանկ է։ Լավ մասնագետների աշխատանքը շատ լրատվականների համար մատչելի չէ։ Հատկապես, որ խնդիրը ընթերցողին պարբերաբար իֆոգրաֆիկա ներկայացնելն է։

Իհարկե, պրոֆեսիոնալ վիզուալիզացիան բարդ, ժամանակատար և ծախսատար երևույթ է։

Մյուս կողմից, այսօր գոյություն ունեն բավականին շատ ծառայություններ, որոնք թույլ են տալիս ոչ պրոֆեսիոնալին ինքնուրույն ստեղծել նման պատկերներ, որոնք կզարդարեն տվյալների վրա հիմնված յուրաքանչյուր տեքստ։

Մի փոքր վարժանք և հնարավոր կլինի ստեղծել հետաքրքիր ինֆոգրաֆիկաներ, քարտեզներ և այլն։ Դիտարկենք մի քանի նման ծառայություն։ Կներկայացնեմ միայն այն ծառայությունները, որոնք ունեն նաև անվճար օգտվելու հնարավորություններ։

Շատ դեպքերում վճարովի տարբերակները նույնպես կարող են մատչելի լինել խմբագրությունների համար։

Infogram-ում կան հնարավորություներ ստեղծելու ինֆոգրաֆիկաներ՝ հիմնված արդեն ունեցած տվյալների շտեմարանների վրա։ Այսինքն, հնարավոր է, օրինակ, xls, csv տարբերակներով ֆայլերը տրամադրել համակարգին և ստանալ պատկերավոր գրաֆիկներ, քարտեզներ, որոնք նաև հնարավոր է ինչ֊որ չափով գեղեցկացնել՝ օգտվելով դիզայնի գործիքներից։ Ինֆոգրաֆիկաները հնարավոր է ստեղծել ինչպես նկարների տեսքով, այնպես էլ՝ ինտերակտիվ, կայքի վրա ներդրվող (embed):

Easelly-ում կարելի է ստեղծել հետաքրքիր դիզայնով տվյալների վիզուալ պատմություններ։ Գոյություն ունեն բազմաթիվ գործիքներ և արդեն ստեղծված ինֆոգրաֆիկաների օրինակներ, որոնք հնարավոր է խմբագրել և ստեղծել դրանց հիման վրա նորը։

Flourish-ը հնարավորություն է տալիս շատ պարզ և մատչելի ինֆոգրաֆիկաներ ստեղծել։ Կան բազմաթիվ օրինակներ, որոնց վրա կարելի է աշխատել։ Ինֆոգրաֆիկաները հնարավոր է ստեղծել ինչպես նկարների տեսքով, այնպես էլ՝ ինտերակտիվ, կայքի վրա ներդրվող (embed):

Հետաքննությունների վիզուալիզացիայի հարթակ-ը հանրահայտ հետաքննող լրագրողների OCCRP ծրագրից է։ Այստեղ հնարավոր է ցույց տալ պատկերավոր կապերը մարդկանց, կազմակերպությունների միջև և նման այլ բաներ։ Բազմաթիվ օրինակներիով կարելի է հասկանալ հնարավորությունները։

Google Data Studio-ն ավելի խորացված հնարավորությունների համար է: Մեծ տվյալների մշակման և վիզուալիզացիաների համար Գուգլի այս գործիքը ամենաօգտակարներից է։ Ի տարբերություն նախորդ նշված հարթակներից, որոնց վրա աշխատելու համար պետք է մի կես ժամ փորձարկումներ անել, այստեղ հարկավոր կլինի խորացված ուսումնասիրություն։

Սրանք ընդամենը մի քանի գործիքներ են։ Նմանատիպ ծառայությունները քիչ չեն։ Պարզապես հայաստանյան մամուլում դրանք քիչ են կիրառվում։

Ցանկության դեպքում հնարավոր է գտնել բազմաթիվ այլ նմանատիպ հարթակներ։ Կարևորը լինի ցանկություն։ Եվ, անկասած, լավ, հավեսով տվյալներ։

Սամվել Մարտիրոսյան

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *