2020.03.31,

Նյուսրում

COVID-19․ հեռախոսային զանգերով մարդկանց տեղաշարժը վերահսկող նախագիծը ԱԺ-ում տապալվեց

author_posts/gayane-asryan
Գայանե Ասրյան

Լրագրող

ԱԺ-ն չընդունեց հեռախոսների միջոցով քաղաքացիների տեղաշարժի վերահսկման նախագիծը: Իմ քայլի պատգամավորների մի մասը ներկա չէին նիստին, իսկ ԲՀԿ-ն ու Լուսավոր Հայաստանը չմասնակցեց քվեարկությանը։

Երեկ՝ մարտի 30-ին, ԱԺ-ում բազմաթիվ պատգամավորներ իրենց մտահոգությունները հայտնեցին Կառավարությանը, որ այս տեսքով նախագիծն անհստակ է և անձնական տվյալների տեսանկյունից հետագայում կարող է լուրջ վտանգ ներկայացնել: Առաջին ընթերցումից հետո գործադիրն ընդունել էր որոշ մտահոգություններ և փոփոխել խնդրահարույց մի քանի դրույթներ:

  • Նախագծով հանվել էր օպերատորների կողմից հեռախոսազանգի ավարտի մասին տեղեկատվության տրամադրումը: Բավարար է միայն ֆիքսել, որ տեղի է ունեցել զանգ:
  • Հստակեցվել էր, որ անհրաժեշտության դեպքում օգտագործվելու է ոչ միայն կորոնավիրուսով վարակվածի, այլ նրա հետ շփված շրջանակի հետ շփում ունեցող այլ կոնտակտավորների, այդ թվում՝ բժշկական գաղտնիք համարվող տվյալների տրամադրումը:
  • Օրինագծից հանվել էր նաև այն կարգավորումը, որ տվյալները ապաանձնավորվում են, իսկ անձնավորված տվյալները ոչնչացվում արտակարգ դրությունից հետո։ Երկրորդ ընթերցման տարբերակով հավաքագրված բոլոր տվյալները պետք է ոչնչացվեն արտակարգ դրության ավարտից հետո մեկամսյա ժամկետում:
  • Լրամշակված նախագծով բացառվում էր կետը, որով մշակված անձնավորված տվյալները ոչնչացնելու պահանջը չէր արգելում ապաանձնավորված վիճակագրական տվյալներ պահպանել և օգտագործել:
  • Տվյալների գաղտնիության պահանջ էր դրվել ոչ միայն տվյալ փոխանցողի և բազայի հետ աշխատողների համար, այլ երրորդ անձնանց համար՝ վարակակիր, հիվանդության ախտանշաններ ունեցող, հիվանդացած, բուժվող և նրանց հետ շփում ունեցած  (կոնտակտավոր) անձանց:
  • Ավելի հստակ կարգավորում էր նախատեսված այն անձանց համար, ովքեր մեկուսացման հրագանգ կստանային, պարտավոր կլինեին կիրառել այս մեթոդը կամ ենթարկվել հսկողության այլ մեթոդների: 

Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը մարտի 31-ին ԱԺ-ում հայտնեց, որ ամենախնդրահարույց կետի՝ տվյալների ոչնչացման հետ կապված, կառավարության որոշմամբ կստեղծվեր հանձնաժողով։ Հանձնաժողովի կազմում կարող էին  լինել նաև խորհրդարանական ուժերի ներկայացուցիչներ և փորձագետներ:

Իհարկե դժվար է արտակարգ դրության պայմաններում, ըստ նախարարի, պատկերացնել բողոքարկումների ընթացքը, սակայն այդ իրավունքը քաղաքացիները կունենային։

Ինչ խնդիրներ կարող էին առաջ գալ նախագիծն ընդունելու դեպքում

Գործողությունը, որն առաջարկում է Կառավարությունը, ըստ Cyberhub-ի համահիմնադիր Արթուր Պապյանի, իրավաչափ չէ ստեղծված իրավիճակին: Հավաքվելու էին ահռելի քանակության տվյալներ, որոնք պարզ չէր, թե ինչպես էին օգտագործվելու:

«Վերցնենք 3 մլն քաղաքացու տվյալներ են հավաքագրելու, մոդելավորելու ու օպերացիաներ իրականացնելու: Չեն ներկայացնում ոնց են օգտագործելու և ինչ արդյունքների են հասնելու այս ճանապարհով, ի վերջո մարդու իրավունքների ոլորտի հետ գործ ունեն»,-ասում է մասնագետը:

Պապյանն ասում է, լուրջ հիմնավորումների և էֆեկտիվության գնահատման կարիք կար:

«Սա նման է աչքերը փակած կրակելուն: Անհրաժեշտ է ներկայացնել գործողությունները, թե ինչպես են քայլ առ քայլ աշխատելու նման մեծ քանակի տվյալների հետ: Եթե օրինակ վարակակիրների և նրանց շրջանակն անցնի 500 հազարից, ինչպես են հետևելու և վերահսկեն նրանց շարժը: Եթե չեն կարողանալու, հետևաբար ինչու է պետք այս տոտալ վերահսկողությունը»,-ասում է նա:

Ըստ նրա, չկային նաև երաշխիքներ, որ հեռահաղորդակցության երեք օպերատորներից ստացված տվյալները հետագայում այլ նպատակով չէին օգտագործվելու, օրինակ զանգվածային հավաքների և այլ միջոցառումների ժամանակ․«Ստեղծվում են օրենսդրական բազա և տեխնիկական կարողություններ հանրային վերահսկողության համար: Հետագայում հնարավոր է առաջանա օգտագործման գայթակղություն»:

Օրինագծի ընդունմամբ վտանգ կար նաև տելեկոմունիկացիայի ոլորտի համար: Պապյանն ասում է, որ մարդիկ կխուսափեին իրար զանգել հեռախոսով, միմյանց SMS  կամ ձայնային հաղորդագրություն ուղարկել, արդյունքում բջջային օպերատորները վնասներ կկրեին: 

Գայանե Ասրյան


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *