2019.10.25,

Նյուսրում

Լրագրողին ֆեյսբուքյան գրառման համար դատարանը տուգանել է 50 հազար դրամ

author_posts/gayane-asryan
Գայանե Ասրյան
facebook

Լրագրող

Առաջին ատյանի դատարանը լրագրող Սոնա Հարությունյանին պարտավորեցրել է իր ֆեյսբուքյան էջում ներողություն խնդրել News.am կայքից և 50 հազար դրամ վճարել կայքին ոչ նյութական վնաս պատճառելու համար: 

Սոնան աշխատում է 1in.am լրատվական կայքում: 2018թ-ի սեպտեմբերին News.am լրատվական կայքը դատական հայց էր ներկայացրել Սոնա Հարությունյանի դեմ իր ֆեյսբուքյան գրառման համար: Ըստ լրատվամիջոցի, լրագրողը զրպարտություն էր տարածել և վիրավորել իր գործարար համբավը:

Սոնան սոցիալական ցանցի իր էջում գրել էր. «Ուրեմն երեկ News.am կայքը իր էջում տեղադրել է ՀՅԴ-ի տարածած հայտարարությունը, որը վերաբերում է իմ նյութին։ Նախ՝ նկատենք, որ այս կայքը իր պատմության մեջ գործընկեր լրատվամիջոցի վերաբերյալ որևէ հայտարարություն, հերքման տեքստ երբեք չի հրապարակել։ Դա իրենք էլ կարող են փաստել։ Բայց դե այս անգամ չեն կարողացել դեմ չգնալ իրենց սկզբունքներին, քանի որ պատվերը տվել է ԳՆՈՐԴԸ»,-գրել է լրագրողը:

Այս կոնֆլիկտը նախապատմություն ուներ և կապված էր լրագրողի՝ «Երևանի քաղաքապետի ՀՅԴ թեկնածուն նախկինում մեղադրվել է Երևանի առաջին քաղաքապետի սպանության մեջ» հրապարկման հետ: Մեկ օր անց News.am կայքը տեղադրել էր այս նյութի հետ կապված ՀՅԴ-ի պարզաբանումը, որտեղ նշվել էր, որ ակնհայտ կեղծ և արժանապատվությունը վիրավորող տեղեկություններ և գնահատականներ են եղել 1in.am-ի նյութում:

Դատարանը մասնակիորեն բավարարել է News.am-ի հայցադիմումն այն հիմքով, որ ստատուսում տեղեկատվության աղբյուրը նշված չէ:

Վճռում դատարանը հրապարակել է նաև հերքման տեքստը:

Դատարանը որոշել է, որ լրագրող Սոնա Հարությունյանը Ֆեյսբուքի իր էջում պետք է գրի. «ամբողջությամբ հերքում եմ հրապարակման մեջ տեղ գտած տեղեկությունները, հայտնում եմ, որ հրապարակման ընթացքում չի իրականացվել դրա` իրականությանը համապատասխանելու հանգամանքի ճշտմանն ուղղված որևէ գործողություն»:

«Չեմ պատրաստվում իմ ֆեյսբուքյան էջում ներողություն խնդրել News.am կայքից: Եթե մեկ շաբաթվա ընթացքում չկատարեմ դատարանի պահանջը, ինչպես է ԴԱՀԿ-ն ինձ պարտավորեցնելու հերքում տարածել, հնարավոր է ես իմ էջն ապաակտիվացնում եմ կամ ընդհանրապես ջնջում եմ, ոնց է ինձ պարտավորեցնելու կրկին բացել կամ գրանցվել»,-ասում է Սոնան:

Նրա խոսքով, դատարանն ամբողջ դատաքննության ընթացքում այդպես էլ չհասկացավ, որ ֆեյսբուքյան ստատուսը լրագրողական հոդված չէ: 

«Դատական ամբողջ նիստի ընթացքում դատարանին բացատրեցինք, որ իմ գրառումը գնահատողական դատողություն է, որը չի ենթադրում ապացուցում: Դատարանը գրառումը դիտարկել է որպես լրագրողական հոդված ու վճռում հանգել հետևության, որ հրապարակման ընթացքում չի իրականացվել դրա` իրականությանը համապատասխանելու հանգամանքի ճշտմանն ուղղված որևէ գործողություն»։

News.am-ի շահերը դատարանում պաշտպանում է փաստաբան Արամազդ Կիվիրյանը: Media.am-ի հետ զրույցում նա ասել է, որ հրապարակային խոսքում զրպարտել են News.am կայքին, իրենք դիմել են դատարան՝ պաշտպանելու իրենց խախտված իրավունքը: 

«Այստեղ Սոնա Հարությունյանի լրագրող լինելը կամ չլինելը որևէ նշանակություն չունի: Նա իր ֆեյբուքյան էջում հանդես է եղել որպես անհատ, հակառակ դեպքում մենք հայց կներկայացնեինք այն լրատվամիջոցի դեմ, որտեղ աշխատում է»,-պարզաբանում է փաստաբանը:

Սոնա Հարությունյանի դեպքը միակը չէ, փաստաբանն ասում է, որ լրատվամիջոցին զրպարտելու համար դատարան այլ հայցեր էլ են ներկայացրել:

«Դատական նիստերի ընթացում մենք քննարկել ենք խնդիրն արտադատական ճանապարհով լուծելու հարցը: Ավելին, ներկայացրել ենք ընդունելի տեքստ, որը պետք է Սոնան հրապարակեր իր ֆեյսբուքյան էջում և նշեր, որ հրապարակված տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը: Այդ պարագայում մնացած պահանջներից մենք պատրաստ էինք հրաժարվել: Նա մերժեց մեր առաջարկը»,-նշում է փաստաբանը:

Այս գործում, ըստ նրա, մարդիկ իզուր են քաղաքական ենթատեքստ փնտրում, քանի որ իրենք իրավական հարց են բարձրացնում և փորձում իրացնել իրենց իրավունքը:

Սոնա Հարությունյանը համաձայն չէ Առաջին ատյանի դատարանի վճռի հետ և արդեն դիմել է Վերաքննիչ դատարան:

Գայանե Ասրյան


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *