Շպարված լուրի մի քանի դեմքը

10.11.2011, Քննադատ

Լրագրող, աշխատում է «Ա1+»-ում:

Մեր հեռուստաընկերություններում մարդը բացակայում է: «Արմենիա» հեռուստաընկերության «Կիրակնօրյա Ժամի» լրագրողը հասել է Շիրակի մարզի Սալուտ գյուղ եւ պատմում է այն մասին, որ 15 ընտանիքանոց այդ համայնքում էշով են դպրոց գնում: «21-րդ դարը կարծես շրջանցել է այս գյուղը»,-ասում է լրագրողը:

Իսկ ո՞վ պետք է պարզի՝ ո՞վ է պատասխանատու, որ երեխաներն ավտոբուս չունեն: Կամ ո՞վ ասաց, որ դա գյուղի միակ խնդիրն է: Գիտե՞ք ինչու հարցը չի պատասխանվում, որովհետեւ ռեպորտաժի չամիչը էշն է եւ ոչ թե մարդը, այսինքն, երեխան: Եթե մարդը լիներ, խնդիրներ եւ պատասխանատուներ կլինեին: Լրագրողը լուրը շպարել է ավանակով, որ մարդը սահուն սղվի: Եթե նույնիսկ նա ավանակի մասին խոսեր ըստ էության, մարդն այդ ռեպորտաժից չէր սպրդի, ահա թե որն է խնդիրը:

Հ1-ի Առաջին լրատվականի «Հարցազրույցի» հյուրն է Հայաստանի կոմկուսի ղեկավար Ռուբեն Թովմասյանը: Հարցազրույց վարողը՝ Նվեր Մնացականյանը, չի ցանկացել շրջանցել նոյեմբերի 7-ը: Եւ նա խոսում է կոմկուսի քաղաքական ասպարեզում լինել-չլինելու մասին, կոմունիզմը Հայաստան ներմուծելու մասին, Լենինի պատվանդանի մասին, իսկ այսօր մատների վրա հաշվվող կոմունիստների մասին՝ ոչ մի խոսք: Ինչո՞վ են ապրում նրանք, ի՞նչն է նրանց մխիթարում, Հայաստանն ի՞նչ արժեք է նրանց համար եւ այլն:

Չի հարցնում, եւ դժվար է ասել, թե երկար է տառապել այս հարցերը չտալու համար: Նրանք սոցիալական կատեգորիա են, այդպիսով՝ վտանգավոր թեմա Հ1-ի համար: Փոխարենը Նվեր Մնացականյանը կոմկուսի առաջնորդից հետաքրքրվում է ՀՀ Կոմկուսի իշխանության գալու հավանականության մասին: Դու, միգուցե, շոյում ես նրա քաղաքական ինքնասիրությունը, բայց նա կյանքի քո ժամանակը չունի հասկանալու համար, որ ծիծաղում ես նրա վրա, այլապես ինչպե՞ս ես փորձում լրջություն հաղորդել 20 հազարանոց կուսակցության իշխանության գալուն. դու մարդուց խոսիր, լրագրող: Ինչու՞ չես խոսում, որովհետեւ ոչ մեկի հետ մարդուց չես խոսում, եւ Ռուբեն Թովմասյանը բացառություն չէ:

Նույնիսկ քաղաքական բարձրաստիճան պաշտոնյայի մասին ռեպորտաժում խոսքը բնավ մարդու մասին չէ:

«Երկիր Մեդիան» հրապարակախոսական նյութ է պատրաստել վերջին պաշտոնանկությունների կամ հրաժարականների մասին: Հիշեցնում են՝ հրաժարական է տվել նաեւ ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ Միքայել Մինասյանը: Հիշեցնում են հրաժարականի նրա պատճառաբանությունը՝ գնում է ԱԺ գործող նախագահ Հովիկ Աբրահամյանին ՀՀԿ նախընտրական շտաբում օգնելու:

Ինչու՞ նախագահի աշխատակազմի ղեկավարը չի գնում շտաբ, այլ՝ նրա առաջին տեղակալը: Լրագրողը չի մանրամասնում, այսինքն, նրա արածը ռեպորտաժ է զուտ քաղաքական շարժերի մասին, որտեղ չկա էական հարցի պատասխանը՝ ո՞վ է Միքայել Մինասյանը, ո՞րն է նրա ինտելեկտուալ կարգավիճակը իշխանության մեջ: Պատասխանը չկա, որովհետեւ լրագրողը չի ասի, որ երկրի գործող նախագահի փեսան է գնում շտաբ, ոչ թե ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալը: Եթե ասի՝ փեսան, «չի հասկացվի», որովհետեւ երկրի բնակչության մեծ մասը փեսա ունի: Որ պահին «Երկիր Մեդիան» հիշեց փեսային, պիտի ասի, թե փեսա լինելը ինտելեկտուալ ի՞նչ կարգավիճակ է աշխատակազմի փաստացի ղեկավար լինելու համար:

«Արմենիա» հեռուստաընկերությանը «հաջողվել» է բացառիկ հարցազրույց անել նոր ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հետ: Վերջինս ասում է, որ եկել է վերականգնելու համազգեստի կորցրած պատիվը: Եթե լրագրողը զրուցակցի մեջ դիտարկի մարդուն, ոչ թե պաշտոնյային, այդ մի քանի բառի մեջ կտեսնի նաեւ մարդ Ալիկ Սարգսյանին, նաեւ մարդ Սերժ Սարգսյանին, որը նոր ոստիկանապետին ներկայացնելիս ասել էր, որ Ալիկ Սարգսյանը կատարել է իր առջեւ դրված բոլոր խնդիրները:

Այսինքն` նաեւ համազգեստի պատիվն է վերականգնել կամ առնվազն չի կործանել: Եթե չի վերականգնել, այդտեղից պետք է սկսվի հարցազրույցը եւ ոչ թե նոր ոստիկանապետից տեղեկանա, թե նա ինչից է սկսելու: Այնուհետեւ լրագրողը պիտի վազեր մարդ Ալիկ Սարգսյանի մոտ հասկանալու, թե էդ ի՞նչ խնդիրներ է կատարել, որ ոստիկանի համազգեստը կորցրել է իր պատիվը, իսկ եթե չի կորցրել,-որն էլ կպնդի չինովնիկ Ալիկ Սարգսյանը,-ի՞նչը պիտի վերականգնի Վլադիմիր Գասպարյանը: Որից հետո հնարավորության դեպքում գոնե զուտ հռետորաբանորեն հարցներ՝ ի՞նչը նկատի ուներ ՀՀ նախագահը «կատարված խնդիրներ» ասելով:

Եվ այդ ամբողջ պատմության մեջ որտե՞ղ է մարդը, որը տեսականորեն կարող էր լինել հենց կատարված խնդիրը: Փաստն այն է, որ լրագրողն ստիպված է իր լուրը շպարել կողմնակի բառերով այնքան ժամանակ, քանի դեռ ըստ էության չի խոսում: Ճիշտ ինչպես նոյեմբերի 7-ի Առաջին լրատվականի Զվարթնոցի օդակայանի նոր սրահի բացման մասին լրագրողի ձեւակերպումն էր. «Հաճելի անակընկալը եղավ»: Ու՞մ անունից է տեղի ունեցածը հաճելի անակընկալ որակում լրագրողը՝ արտագաղթողների՞, եվրոշրջագայությունների սիրահար հայաստանցի չինովնիկների՞, թե՝ Հայաստան վերադարձողների:

Ի դեպ, լուրը չի կարող նաեւ երկերեսանի լինել: Առաջին լրատվականը նոյեմբերի 3-ին ազդարարում էր՝ Թռչկանին այլեւս վտանգ չի սպառնում: Իսկ երբեւէ տագնապ բարձրացրե՞լ եք սպառնացող վտանգի մասին: Ինչ-որ չեմ հիշում: Որովհետեւ գիտեմ, թե դա ինչ տեսանկյունով կներկայացվեր՝ երկրում էլեկտրաէնեգիայով կապահովվի եւս մի քանի գյուղ, ատոմակայանի ծանրաբեռնվածությունը թուլացնելու եւս մի քայլ, 20 (մոտավորապես) աշխատատեղ է բացվել Մեծ Պարնի համայնքի Թռչկան ջրվեժի տարածքում եւ այլն:

Մհեր Արշակյան

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:

Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
 

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:
Լրացուցիչ տեղեկություններ ?