2017.02.10,

Նյուսրում

Արցախի սահմանադրական հանրաքվե. եթերից` Ֆեյսբուք

author_posts/anahit-danielyan
Անահիտ Դանիելյան

Լրագրող

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության (ԼՂՀ) նոր սահմանադրության նախագծի շուրջ քննարկումները թեժացել են: Բանավեճի հիմնական հարթակը Ֆեյսբուքն է: Սահմանադրության կողմնակիցները ստեղծել են «Այո Արցախին» ֆեյսբուքյան էջը, ընդդիմադիրները՝ «Դեմ եմ»-ը: Իսկ վիրտուալ քննարկումների հիմնական տարածքը «Սահմանադրության Հանրաքվե-2017» ֆեյսբուքյան հանրային խումբն է:  

ԼՂՀ նոր սահմանադրության նախագծի հանրաքվեի օրը փետրվարի 20-ն է: Օրական 4 ժամ եթեր ունեցող Արցախի հանրային հեռուստատեսությունը ամենամեծ լսարան ունեցող լրատվամիջոցն է: Այստեղ գերակշռում է «այո»-ի քարոզչությունը, քանի որ տեղական լուրերով հիմնականում լուսաբանվում է ԱԺ խմբակցությունների քարոզարշավը: Հինգ խմբակցություններից միայն մեկն է, որ նոր Սահմանադրությանը դեմ քարոզարշավ է իրականացնում:

Ֆեյսբուքյան քննարկումների նյութ են հաճախ դառնում հենց հեռուստատեսային հաղորդումները: Օրինակ այդպես էր, երբ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Արզիկ Մխիթարյանը հանրային հեռուստատեսության եթերում «ոչ» քվեարկողներին համեմատեց ադրբեջանցիների հետ:

Հոգեբան պատգամավորը, որը «Այո»-ի կողմնակից «Հայրենիք» խմբակցության անդամ է, «Ողջույն Արցախ» հեռուստատեսային հաղորդման ժամանակ նշել էր. «Չեմ կարծում, որ Արցախում կգտնվի գեթ մի բնակիչ, մի քաղաքացի, որը համամիտ  կլինի ադրբեջանցու հետ: Ադրբեջանցին չի ուզում այս սահմանադրությունը, նա ամեն ինչ կաներ, որ այս սահմանադրությունը այսօր չընդունվեր: Եվ եթե մեր մեջ էլ գտնվեն մարդիկ, որոնք չեն ցանկանա, որ այդ սահմանադրությունը ընդունվի, նշանակում է մենք չգիտեմ թե ինչամետ գաղափարախոսության մեջ ենք»:  

Այս հայտարարությանն արձագանքեց Դաշնակցության պաշտոնաթերթ «Ապառաժ»-ը, սակայն լայն քննարկումը Ֆեյսբուքում էր: «Դաշնակցություն» խմբակցության ղեկավար Դավիթ Իշխանյանը գործընկերոջը դիմելով՝ «Սալամ տիկին Արզիկ», նշեց. «ՀՅԴ-ի որոշումով ներկայացված Սահմանադրության նախագծին դեմ եմ քվեարկելու: Ըստ քեզ ես ազերի՞ եմ, թե՞ ինչամետ եմ: Սահմանը պահող զինվորականն եթե դեմ քվեարկի, ըստ քեզ, հայ չէ՞»:

«Վերածնունդ» խմբակցության ղեկավար Հայկ Խանումյանն էլ այսպես պատասխանեց. «Փաստորեն, ըստ մեր գործընկերոջ` Արցախի ԱԺ-ում սահմանադրության նախագծին քվեարկած 28 պատգամավորից 8-ն ադրբեջանցի են եղել: Սեփական հանրության մի մասին թշնամի որակելը դասական ֆաշիզմի օրինակ է»:

Արզիկ Մխիթարյանը Ֆեյսբուքում հնչող քննադատությանը պատասխանեց «Առավոտ»-ի հետ զրույցով, ասելով, թե իր խոսքերը կոնտեքստից կտրված են ներկայացրել:

Քարոզարշավը լուսաբանում են նաև Արցախի հանրային ռադիոն, «Ազատ Արցախ» թերթը, Artsakhpress լրատվական գործակալությունը, իսկ մասամբ էլ Դաշնակցության «Ապառաժ» պաշտոնաթերթը: Ավանդական մեդիան չի արտացոլում այն պայքարը, որը զգացվում է Ֆեյսբուքում: Ընդհանրապես սոցիալական մեդիայում արցախցիներն ավելի ազատ են արտահայտվում: «Այո»-ի ու «Ոչ»-ի պաստառներն ու կարգախոսները տարածվում են հենց Ֆեյսբուքում: Այստեղ է տեղի ունենում նաև նրանց բանավեճը:

«Փետրվարի 20-ին թեկնածուն Արցախն է», «Տվյալ պարագայում թեկնածուն անձը չէ, թեկնածուն կուսակցությունը չէ…թեկնածուն պետությունն է», «Այո՝ Արցախին… մենք իրավունք չունենք հակառակվելու մեր սեփական գենին» գրում են «Այո»-ի կողմնակիցները:

«Բակոյի անունը երբվանի՞ց է Արցախ դարձել, որ Արցախին եք «այո» ասում», «Ասացե’ք այո Արցախին և դեմ քվեարկեք սահմանադրության նախագծին», «Ես կողմ եմ Արցախին, բայց ես դեմ եմ Արցախի թալանին»,- հակադարձում են Սահմանադրության նախագծի ընդդիմադիրները:

Արցախի ավանդական մեդիայում նման կարծիքներ առայժմ անհնար է պատկերացնել: Սահմանադրական քարոզարշավը ցույց է տալիս, որ ամենաակտիվը այստեղ սոցիալական մեդիան է:

Անահիտ Դանիելյան


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *