media.am-ի նպատակները

Հայեցակարգում ներկայացված են Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի (նախկին Ինտերնյուս) media.am կայքի նպատակները, խնդիրները, աշխատանքի սկզբունքները և մեխանիզմները:

Ի՞նչ է media.am-ը

Media.am Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի (նախկին Ինտերնյուս) նախագիծն է: Media.am-ը հարթակ է, որը ներկայացնում է հայաստանյան մեդիա դաշտում տեղի ունեցող իրադարձությունները, զարգացումները, փորձում է խթանել մեդիայի որակի մասին պրոֆեսիոնալ քննարկումները և նպատակ ունի նպաստել մեդիա դաշտի զարգացմանն ընդհանրապես:

Media.am-ը ներկայացնում է մեդիա դաշտի նորությունները, իրադարձությունները, hետևում է, թե ինչպես է մեդիան լուսաբանում հասարակական հնչեղություն ունեցող թեմաները, ինչպես են լրագրողներն աշխատում թեժ կետերում, արտակարգ իրավիճակներում, ընտրությունների ժամանակ, ինչ սխալներ են թույլ տալիս իրենց մասնագիտական գործունեությունն իրականացնելիս և ինչ հաջողություններ են գրանցում:

Մենք աշխատում ենք ներկայացնել ինֆորմացիայի արտադրման ու սպառման մեխանիզմները, մեդիա ինդուստրիայում գործող գրված ու չգրված օրենքները, միջազգային փորձի օրինակները, մեդիա գործիքների տրանսֆորմացիաները և խոսակցություն վարել հայաստանյան մեդիայի այսօրվա վիճակի, խնդիրների, մարտահրավերների, փոփոխությունների, հաջողությունների, զարգացումների և միտումների մասին՝ մեդիայում հեղինակություն և ազդեցություն ունեցող մարդկանց հետ հարցազրույցների, վերլուծությունների և քննադատությունների միջոցով:

Media.am-ն իր առջև նպատակ է դրել նաև զարգացնելու մեդիա գրագիտությունը՝ մեդիա սպառողներին ներկայացնելով մեդիա դաշտի գրված և չգրված օրենքները, աշխատանքային սկզբունքները և մեդիա մանիպուլյացիայի մեխանիզմները:

Մենք կարծում ենք, որ զանգվածային ինֆորմացիա արտադրողները պետք է օգնեն ինֆորմացիա սպառողին (հեռուստադիտողին, ռադիոունկնդրին կամ ընթերցողին) քննադատաբար մոտենալ արտադրանքին, տարբերակել հավաստի ու չմիջնորդավորված ինֆորմացիան մանիպուլյացիոն մեխանիզմներով մշակված ինֆորմացիայից:

Մեր կայքը բաց մասնագիտական հարթակ է մեդիա դաշտի աշխատողների համար՝ ծանոթանալու Հայաստանում և արտերկրում սեմինարների և դասընթացների միջոցով մասնագիտական առաջխաղացման և վերապատրաստման հնարավորություններին, ինչպես նաև իրենց ասելիքն արտահայտելու, գործընկերների կարծիքներին ծանոթանալու, նրանց քննադատությունն իրենց հետագա աշխատանքում հաշվի առնելու համար:

Զանգվածային տեղեկատվության տարածման սրընթաց տեմպերը երբեմն թույլ չեն տալիս լրատվամիջոցներին սթափ գնահատել սեփական աշխատանքի որակը։ Մենք հույս ունենք, որ media.am-ի աշխատանքի շնորհիվ լրատվամիջոցները, լրագրողները շունչ քաշելու, իրենց աշխատանքը քննադատական հայացքով գնահատելու, բացթողումները նկատելու, հաջողությունների հիմքերը ամրապնդելու հնարավորություն կունենան:

Ինչպես ենք մենք աշխատում

Մենք անդրադառնում ենք լրատվամիջոցների և լրագրողների աշխատանքին, մեդիա  ինդուստրիայի նորություններին, զարգացումներին և թրենդերին, վերլուծում ենք հայաստանյան մեդիա դաշտը՝ փորձելով խթանել, ակտիվացնել, զարգացնել մեդիա ոլորտի խնդիրների, հաջողությունների, անելիքների, ուղղվածությունների մասին քննարկումները: Media.am-ը մեդիայի մասին զրույցները վարում է ոչ միայն օնլայն՝ կայքի միջոցով, այլև ամիսը մեկ անգամ «Լրադադար» մեդիա ակումբի հանդիպումների ժամանակ:

Մենք օգտագործում ենք լրագրության բոլոր ժանրերը՝ դասական հոդվածից մինչև մուլտիմեդիա նյութեր (օգտագործելով աուդիո, վիդեո, ծաղրանկար, ինֆոգրաֆիկա):

Media.am-ը և՛ վերլուծությունների, և՛ սուբյեկտիվ կարծիքներ արտահայտելու հարթակ է, որի նպատակը մեդիա դաշտի առողջացումն ու աշխուժացումն է: Մեր կայքը բաց հարթակ է լրագրողների, վերլուծաբանների, մեդիա մենեջերների, նաև մեդիա արտադրանքը սպառողների համար, ովքեր իրենց ասելիքն ու տեսլականն ունեն մեդիայի աշխատանքի վերաբերյալ: Մենք հարգում ենք ցանկացած տեսակետ, եթե դրա կրողն իր ասելիքը ձևակերպել է հստակ, հիմնավորված, ստեղծարար մոտեցմամբ և էթիկական նորմերի պահպանմամբ ու տեղադրել է այն բաց քննարկման (հոդվածի, մեկնաբանության կամ վիդեոուղերձի տեսքով):

Media.am-ի հեղինակները մարդիկ են, ովքեր ձևավորված, հիմնավորված, հստակ կարծիք և ասելիք ունեն մեդիայի դերի ու ազդեցության մասին: Նրանք մեդիա դաշտում ազդեցություն (ի պաշտոնե կամ կոչմամբ) ունեցող լրագրողներ են, խմբագիրներ, գիտնականներ, մտավորականներ, ինչպես նաև մեդիա դաշտի խնդիրներով մտահոգ քաղաքացիներ, սկսնակ լրագրողներ ու վիրտուալ տարածքի ձևավորման օրինաչափությունները գիտակցող մարդիկ: Հեղինակների մասին տեղեկությունները տեղադրված են կայքում, որպեսզի ընթերցողը պատկերացնի, թե ում կարծիքը կամ վերլուծությունն է ընթերցում:

Կայքի մարտավարության համաձայն՝ հրավիրված հեղինակներն ու խմբագրության հիմնական աշխատակազմը կարող են տարբեր հարցի վերաբերյալ տարբեր դիրքորոշում ունենալ: Սակայն media.am-ը՝ իր հիմնական փոքրաթիվ լրագրողական թիմով, պատասխանատվություն է կրում հոդվածներում տեղ գտած վրիպակների, անճշտությունների ու թերացումների համար:

Media.am-ը առաջին հերթին հաշվի է առնում հասարակության շահերը, երբ ներկայացնում է լրատվամիջոցների և լրագրողների սխալները և բացթողումները,  կամ քննադատության է ենթարկում այս կամ այն մեդիա կազմակերպության արտադրանքն ու մարտավարությունը։

Մենք քննադատում ենք՝ պատրաստ լինելով ենթարկվել քննադատության՝ քննադատները նույնպես մեդիա մարդիկ են: Media.am-ը պատրաստ է ոչ միանշանակ ընկալվող ցանկացած հարցի շուրջ ծագած բանավեճում ներկայացնել բոլոր շահագրգիռ կողմերի տեսակետները:  Կայքի խմբագրական կազմը կարևորում է անձի մարդկային ու պրոֆեսիոնալ արժանապատվությունը։

Մենք ակնկալում ենք, որ լրատվամիջոցներն ու լրագրողները պետք է հնարավորինս պահպանեն լրագրողական էթիկական նորմերն ու կանոնները։ Ինքներս էլ պահանջկոտ ենք մեր նկատմամբ և հետևում ենք Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի (նախկին Ինտերնյուս) «Լրագրողների էթիկայի վարքականոնին»:

Media.am-ում ներկայացվում են՝

Ում համար ենք  աշխատում

Media.am-ի լսարանի մի հատվածը պրոֆեսիոնալ լրագրողներն ու մեդիա մենեջերներն են: Նրանց հետ մենք քննարկում ենք Հայաստանի մեդիան ավելի որակյալ դարձնելու ճանապարհները: Մենք ձգտում ենք ընդլայնել նաև մեր լսարանի մյուս կարևոր՝ մեդիա սպառողների հատվածը, փորձում ենք զարգացնել մեդիա արտադրանքն ընկալելու, վերլուծելու, գնահատելու, մեդիայում հասարակական-մշակութային և քաղաքական ենթատեքստը հասկանալու նրանց կարողությունը:

Մենք խմբագիրներին և լրագրողներին առաջարկում ենք համագործակցել մեզ հետ։  Media.am-ի շուրջ հավաքված մարդիկ՝ մեդիա արտադրողները և մեդիա արտադրանք վերլուծողները մեկ նպատակ են հետապնդում՝ ավելի գիտակ ու իրազեկ հասարակության մաս կազմել: