2018.05.25,

vox populi

CNN-ի Էֆեկտն ընդդեմ Հայլուր-ի էֆեկտի

Աշխարհում տեղի ունեցող ցանկացած իրադարձություն կարող է լուրի վերածվել լրատվամիջոցների անմիջական հակազդեցության շնորհիվ: Լրագրության դերը ոչ վաղ անցյալի մեդիաինդուստրիայում, հենց այդպիսին էր, երբ լսարանին մատուցվում կամ պարտադրվում էր հարկ համարված տեղեկությունը հարկ համարված իրադարձության մասին:

Այսօր, սակայն, լրատվամիջոցները բախվել են մի նոր իրավիճակի, երբ լսարանը, սպառող լինելուց զատ, վերածվել է ինֆորմացիա արտադրողի, որի արտադրանքը որևէ կերպ վերահսկել, ուղղորդել կամ գրաքննել այլևս հնարավոր չի:

Յուրաքանչյուրը, ով ունի հեռախոս և ինտերնետին միանալու հնարավորություն, հաճախ վերածվում է քայլող լրատվամիջոցի և հաջողությամբ իրականացնում է լրագրության առաջնային ու կարևորագույն ֆունկցիաներից մեկը, պատասխանելով՝ ինչ, որտեղ, երբ հարցերին:

Հայկական թավշյա հեղափոխության լուսաբանումը ցույց տվեց, որ հայաստանյան ոչ բոլոր լրատվամիջոցներն են ընկալել լրագրության հանդեպ այս նոր մարտահրավերը:

Վերջիններս դեռ զբաղված են ինֆորմացիան զտելու, հաճախ նաև կոծկելու գործով՝ նպատակ ունենալով համապատասխան հնչերանգ հաղորդել այս կամ այն քաղաքական իրադարձությանը և ուղղորդել լսարանի տրամադրությունները:

Ասվածը վերաբերում է հատկապես համապետական սփռում ունեցող հայաստանյան հեռուստաընկերություններին:

Քայլարշավի լուսաբանման առաջին փուլում, որը պայմանականորեն կհամարենք մարտի 31-ից մինչև ապրիլի 13-ը, հեռուստաընկերությունների լրատվական ծրագրերը ուսումնասիրելու համար ծավալուն նյութ չկա, քանի որ նրանց զգալի մասը լուսաբանումը սկսել է միայն ապրիլի 13-ից, երբ քայլողներն արդեն հասել էին Երևան:

Այդ շրջանի տեղեկատվական վակուումից լսարանին փրկելու գործում մեծ դեր են խաղացել զանգվածային լսարան ունեցող առցանց մամուլն ու հեռուստատեսությունները:  

«Առավոտ» առցանցը, «Հայկական ժամանակը» և «Ազատությունը», որոնք անհատական մոնիտորինգի են ենթարկվել իմ կողմից, քայլարշավի լուսաբանումն իրականացրել են առաջին իսկ օրվանից՝ հավասար հաճախականությամբ և բազմակողմանիության սկզբունքով:

Եթե, օրինակ, «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպությունը հայկական ԶԼՄ-ների ուսումնասիրության չափանիշ վերցներ հենց միայն հիշյալ լրատվամիջոցները, մենք թերևս մամուլի ազատության սանդղակում գտնվեինք առավել հուսադրող հորիզոնականում:  

«Ազատությունը», որի լուսաբանման սկզբունքը հենված էր ուղիղ միացումների վրա, մեկ ամսվա ընթացքում Յություբում իր բաժանորդների թիվը 60 000-ից հասցրեց 200 000-ի:

Լրատվական կայքերի ուղիղ հեռարձակումների շնորհիվ էր, որ հեղափոխական իրականությունը լիարժեքորեն փոխանցվեց վիրտուալ աշխարհ, համակարգիչներին գամված բազմահազարանոց լսարանին՝ ոչ միայն Հայաստանում, այլև սփյուռքում:

«Ազատություն»-ը, ՍիվիլՆեթը և մյուսներն այն լրատվամիջոցներն էին, որ լիովին իրականացրեցին Նիկոլ Փաշինյանի որդեգրած լրատվական քաղաքականությունը, այն է՝ CNN-ի էֆեկտը:

Լրագրության պատմության մեջ այդ էֆեկտը, ոչ միշտ է դրական գնահատվում, բայց անվիճելի է, որ ճգնաժամային իրադարձությունների պայմաններում այն ապահովում է լուսաբանման բացարձակ թափանցիկություն՝ ուղիղ հեռարձակումների շնորհիվ:

Ուղիղ հեռարձակումը լսարանի մոտ ներկայության պատրանք է ստեղծում և թույլ է տալիս ունենալ չուղղորդված կարծիք՝ եղելության վերաբերյալ:

Գործողություններն ու մտքերը, որոնք առանց մեկնաբանությունների նետվում են օնլայն մեդիատարածք, ի վիճակի են ահռելի ազդեցություն գործել հասարակական ընկալումների վրա:

Այդ էֆեկտի արդյունավետության վառ օրինակներից էին մարիոթյան բանակցությունները և մայիսմեկյան ընտրությունները խորհրդարանում:

Հայկական հեռուստաընկերությունների լրատվական բաժինները դիտարկելիս, մենք հայտնվում ենք բոլորովին այլ՝ զուգահեռ, իրականության մեջ: Այստեղ գործում էր Հայլուր-ի էֆեկտը:

Ժամանակին այդ անվանումն էր կրում Հ1-ի լրատվական թողարկումը, որն այսօր կոչվում է «Օրակարգ», սակայն, քանի որ անվան փոփոխությունը ծրագրում զգալի բովանդակային փոփոխություններ չի գրանցել, ապա լսարանի մոտ դեռևս տպավորված է «Հայլուր» անվանումը:

Հայլուրի էֆեկտը ևս կոչված էր ազդելու հասարակական ընկալումների վրա, առանցքում ունենալով մեկ մոտեցում, որ ցուցարարները ոչ մեծ թվաքանակի սովորական անկարգապահներ են և նրանց գործողությունների արդյունքում վտանգի տակ է հայտնվելու ոչ միայն Հայաստանի, այլ նաև Արցախի անվտանգությունը:

Դեպքերի զարգացման ընթացքը ցույց տվեց, որ այդ էֆեկտը ցանկալի ազդեցություն չունեցավ լսարանի վրա և չէր էլ կարող ունենալ, եթե հաշվի նստենք ժամանակակից տեղեկատվական իրողությունների հետ:

«Օրակարգ» լրատվականի ապրիլի 13-ին կայքում տեղադրված քայլարշավի մասին առաջին ռեպորտաժը հավասարակշռված է և լրատվական ժանրում է, սակայն, կա մի կարևոր նրբություն, որը նկատել կարելի է միայն պրոֆեսիոնալ աչքով:

Այդ ռեպորտաժից սկսած մինչև ամսի 23-ի ռեպորտաժները, դուք ոչ մի տեղ չեք լսի ակցիայի մասնակիցների ուղիղ պահանջի մասին ոչ մի նախադասություն:

Եթե հայաստանցի չեք և գլխի չեք ընկնում, թէ ինչ նպատակով է քայլում ընդդիմադիր քաղաքական գործիչ Նիկոլ Փաշինյանը և նրա հետևից գնացող ժողովուրդը, ապա ոչ մի պարագայում չեք հասկանա էկրանին կատարվող իրարանցման նպատակը:

Տեսակադրերը խիստ ստերիլիզացված են:

Չկա մի կադր, որտեղ կլինի քայլաշավի կարգախոսով պաստառ կամ որևէ հեղափոխական սիմվոլիկա: Միայն քայլող մարդիկ են, որոնք նստում, պառկում և գոռում են, սակայն չի լսվում, թէ ինչի մասին են գոռում: Հեղինակը նկարագրում է միայն նրանց աշխարհագրական տեղաշարժը:

Բացի դա, «Օրակարգի» լրահոսը այդ օրերին հագեցած էր բազմաթիվ սաստող կոչերով՝ կոչ շախմատի ֆեդերացիայից, կոչ դպրոցներից, ԿԳ նախարարությունից, հալեպահայերից, լիբանանահայերից, նկարիչների միությունից, նշանավոր կոմպոզիտորներից, երկրապահներից և ոչ մի կոչ կամ տեսակետ հակառակ թևի տրամադրություններից:

Ապրիլի 21-ին եթերը լցված էր մարզերից եկող խիստ զուսպ, կամ չվախենանք ասել, խեղաթյուրված լրահոսով, որտեղ մարզպետները պաշտոնապես հայտարարում ու հավատացնում էին, որ իրենց մոտ ցույցեր չկան, իրավիճակը հանգիստ է, դուրս են եկել տասից ոչ ավել մարդ՝ դա էլ Երևանից ժամանածներն են:

Զուգահեռ հաշվետվություն էր ներկայացվում մարզի սոցիալ-տնտեսական բավարարար կամ գերազանց վիճակի մասին:

Շիրակի մարզպետն էլ հայտարարեց, որ բացահայտ լրատվական խեղաթյուրում է, որ իրենց մոտ ոչ մի ցույց չկա, տասը հոգուց ավել մարդ փողոցում չկա, մարզպետարանը  պաշարված չի, փողոցները բաց են ու մարզում հագեցած մշակութային, շինարարական առօրյա է:

Բոլոր մարզպետները միաձայն փորձում էին համոզել, որ այդ անհնազանդության ակցիաները եկել են խանգարելու մարզերի թռիչքաձև զարգացումը:

Ապրիլի 23-ին, երբ տարածվեց վարչապետ Սերժ Սարգսյանի հրաժարականի լուրը, «Օրակարգը» մեկ քայլ առաջ կատարեց դեպի օբյեկտիվ լրատվություն՝ ներկայացնելով իրականությունն ավելի բաց ու բազմակողմանի:

Հանրապետության հրապարակի վերևից նկարահանված լեփ լեցուն կադրերը «Օրակարգի» եթերում առաջին անգամ ցուցադրվեցին ապրիլի 23-ին, «Oտարերկրյա դեսպանների արձագանքը» ռեպորտաժում:

Սկսեց փոփոխվել նաև լրատվական տեքստերի լեզվամտածողությունն ու բառապաշարը:

Ապրիլի 26-ին նախագահ Արմեն Սարգսյանի հարցազրույցի լուսաբանման ժամանակ «Օրակարգի» լրագրողը տեքստում առաջին անգամ հնչեցրեց «ազգային զարթոնք» արտահայտությունը և մեջբերեց նախագահի գնահատականը, որ այսօր Հայաստանը ժողովրդավարության առումով մեկ քայլ առաջ է, քան մի քանի ամիս առաջ:

Մայիսի 8-ին Առաջին ալիքում կատարվեց լիարժեք հեղափոխություն:

Ռեպորտաժում ներկայացվեց Երևանում տեղի ունեցող ժողովրդական տոնախմբությունն իր բոլոր դրսևորումներով ու հույզերով, հրապարակվեցին  մասնագետների գնահատականներ, որտեղ շարժումը որակվեց որպես ազգային զարթոնք և ազատ երկրում ապրել ցանկացող երիտասարդների ազնիվ մղում:

Մոնիտորինգի ենթարկված մյուս երկու հեռուստաալիքներում՝ «Շանթի» «Հորիզոնում» և «Երկիր Մեդիայի» «Երկին այսօրում» լրատվությունը համեմատականորեն ավելի օբյեկտիվ էր:

Լրատվականները նույնպես արշավի բուն լուսաբանումը սկսել են ապրիլի 13-ից, իրադարձությունների նկարագրությունը նրանց թողարկումներում բավականին զուսպ է, տեսակադրերը ստերիլ, տեսակետները ընտրովի:

«Շանթի» լրատվականի հիմնական թողարկումը բաղկացած է մի քանի մասից՝ բուն լուրերի հետ միաժամանակ լինում են նաև հարցազրույցներ տեղական և համաշխարհային հրատապ թեմաների շուրջ:

Մինչև ապրիլի 21-ը այդ հարցազրույցներին հյուրեր են եղել միայն շարժման մասին հակադիր տեսակետ հնչեցնող մարդիկ՝ սկսած Էդմոն Մարուքյանից, որը «Ելքի» անդամ էր, բայց դեմ էր Փաշինյանի գործողություններին, վերջացրած Արփինե Հովհաննիսյանով, Դավիթ Հարությունյանով, Արմեն Ռուստամյանով և այլ քաղաքական գործիչներով:

Ապրիլի 21-ին հյուր է եղել «Մեդիամաքս» լրատվական գործակալության տնօրենը՝ իրականության մասին ընկալումներով և մայիսի 8-ին միայն «Շանթի»  հարցազրույցի տաղավարում առաջին անգամ հյուրընկալվել է քայլարշավի կազմակերպիչներից մեկը՝ Սասուն Միքայելյանը:

Ինչ խոսք, հայկական թավշյա հեղափոխությունը լուրջ փորձություն էր հայկական ԶԼՄ-ների համար:

Սրընթաց զարգացող տեղեկատվական աշխարհում վաղուց արդեն եղանակ են ստեղծում բոլորովին այլ մասնագիտական հնարքները, որոնք արդյունավետ կիրառելու համար պետք է հրաժարվել «Հայլուրի» էֆեկտից:

Նաիրա Բաղդասարյան,
լրագրող, Մոսկվայի Պետական Համալսարանի Արտասահմանյան Լրագրություն ամբիոնի ասպիրանտ

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *