Լինել ընթերցո՞ղ, թե՞ կտացնող փորսուղ

18.01.2012, Քննադատ

Հիմնական հետաքրքրությունները` բլոգեր, սոցիալական ցանցեր, նոր մեդիա, տեղեկատվական անվտանգություն:

Հայաստանյան մամուլի մասին ինչքան խոսես, վերջը չի գա։ Անընդհատ հնարավոր է քննադատել, քանի որ մամուլն էլ տեղում չի կանգնում, զարգանում է, քննադատությունների համար նորանոր ոլորտներ է բացահայտում եւ նվաճում։ Դեռ նորանոր բաներ ենք ակնկալում գալիք տարում, հեյ գիտի հայկական մամուլ։

Բայց չլինենք միակողմանի՝ մամուլի խնդիրները միայն մամուլից չեն գալիս։ Մենք էլ ենք ինչ-որ չափով պատասխանատու։ Վերցնենք, օրինակ, ցանցային մամուլը։

Բոլորիս աչքի առաջ սնկի պես բուսնում են օնլայն լրատվական կայքերը։ Շաբաթական եթե մի երեք-չորս հատ նոր ցանցային ԶԼՄ չբացվի, շաբաթը դատարկ է անցնում եւ անբովանդակ։

Հարց է ծագում՝ ի՞նչն է դրդում այդ կայքերի տերերին այսպես հեշտ ու հանգիստ մեկ ու կես մարդանոց խմբագրակազմով բացել երեք կայք։ Դե մի քանի ակնհայտ պատասխան կա։ Առաջինը՝ միջին ֆունկցիոնալ կայք պատրաստելը դարձել է շատ էժան։ Երկրորդը՝ ուր որ է ընտրություններ են, բալքի մի բան կկպնի։ Երրորդը՝ լրատվական կայք ունենալը մոդայիկ է, նույնիսկ սեքսի։

Բայց այստեղ կա եւս մի քանի հանգամանք, որոնք կարող են միավորվել մեկ ընդհանուր թեմայի տակ՝ սոցիալական ցանցերը եւ դրանց հայաստանցի մասնակիցները։

Սոցցանցերը հեղափոխական փոփոխություն մտցրին լրատվության մեջ։ Այսօր այլեւս պետք չե նորաստեղծ կայքը ամիսներով,151 տարիներվ դարձնել ընթերցվող։ Ֆեյսբուքյան գովազդ եք գնում, վարձում եք մի կազմակերպություն, որը կեղծ կամ նույնիսկ իրական օգտատերերի միջոցով սկսում է ձեզ ներկայացնել ցանցի մասնակիցներին, եւ, ահա, մի ամիս հետո արդեն ձեզ բոլորը գիտեն։ Մնում է սկանդալային նյութեր տեղադրել, գրել, թե ով ում հետ է վերջերս քնել, ով որ մեքենայի մեջ է զոհվել։ Գերադասելի է տեղադրել զոհվածների լուսանկարները եւ դրանցով գովազդվել Ֆեյսբուքում։ Եվ դուք հայտնի էք։ Ավելի շուտ՝ ընթերցվող։ Այսինքն՝ մարդիկ կտացնում են եւ մտնում ձեր կայքը։

Եվ այստեղ հարց է ծագում, որը տալիս ենք ոչ թե լրատվամիջոցներին, այլ ընթերցողներին, այսինքն՝ ինքներս մեզ՝ ինչո՞ւ ենք ամեն մի անհեթեթ վերնագրի վրա կտացնում։ Ինչո՞ւ սկզբունքային չենք։ Ինչո՞ւ չենք ընթերցում միայն որակյալ կայքերը, որոնք չեն որսում մեր ստորգետնյա բնազդները։

Գետնասկյու՞ռ ենք մենք, թե՞ ընտրելու իրավունք ունենք. սա է այսօրվա հարցը։ Սկզբունքային կտոցներով մենք կարող ենք շտկել տեղեկատվական դաշտը։ Արհամարհելով ռեյթինգամոլ կայքերը՝ կարող ենք առողջացնել Արմնեթը՝ հայկական համացանցը:

Սամվել Մարտիրոսյան

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:

Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
 

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:
Լրացուցիչ տեղեկություններ ?