2017.11.10,

Քննադատ

Շախմատային «դիվանագիտություն»

author_posts/armen-nikoghosyan
Արմեն Նիկողոսյան

Լրագրող

Տարիներ առաջ Media.am-ում  անդրադարձել էի հայկական և ադրբեջանական մարզական մամուլում երկու երկրների մարզիկների հաջողությունների լուսաբանման խնդրին, երբ հայաստանյան մեդիայում նկատելի էր ադրբեջանական սպորտային անհաջողությունների չարախինդ լուսաբանումը: Նշել էի, որ պետք է նայել, թե ով ավելի մեծ հաջողություններ ունի սպորտում՝ Հայաստա՞նը, թե՞ Ադրբեջանը:

Այսօր արդեն ակնհայտ է, որ Ադրբեջանը գրեթե բոլոր մարզաձևերում առաջ է անցել Հայաստանից և հարևան երկրի «անհաջողությունների չարախինդ լուսաբանումը» իր տեղը զիջել է ուղղակի անտարբերության. հայ մարզական լրագրողները գրեթե չեն լուսաբանում ադրբեջանցի մարզիկների նվաճումները:

Ակնառու օրինակ է օրերս Հունաստանում ավարտված շախմատի տղամարդկանց և կանանց Եվրոպայի թիմային առաջնությունները:

Հայկական մարզական մամուլը մեծագույն ուշադրությամբ հետևում և լուսաբանում էր այս մրցաշարի ընթացքը մինչև նոյեմբերի 3-ը: Ինը տուրերից բաղկացած մրցաշարի վեցերորդ տուրում նոյեմբերի 3-ին մրցեցին առաջատարների շարքում գտնվող Հայաստանի և Ադրբեջանի տղամարդկանց հավաքականները:

Գրեթե բոլոր մեր լրատվամիջոցները (անգամ ոչ մարզական) այդ օրը որպես կարևոր լուր ներկայացնում էին այս դիմակայության անոնսը, իսկ երեկոյան արդեն հիմնական թեման մեր թիմի առաջատար Լևոն Արոնյանի հաղթանակն էր մրցակցի նկատմամբ և մեր թիմի առավելությունը այդ պահին՝ 1,5-0,5 հաշվով:

Անգամ Հանրային հեռուստատեսությունն իր երեկոյան լուրերի ընթացքում տեղեկացրեց, որ ավարտված երկու պարտիաներից հետո Հայաստանը հաղթում է Ադրբեջանին:

Թե ինչ եղավ հետո և ընդհանրապես ինչպես ավարտվեց Եվրոպայի առաջնությունը՝ շատ քիչ լուսաբանվեց հայկական մեդիայում:

Զուտ մարզական տեսանկյունից արձանագրվեցին հետևյալ արդյունքները. Ադրբեջանի հետ խաղում մենք, ի վերջո, պարտություն կրեցինք, հետագա տուրերում կրկին ձախողվեցինք և հայտնվեցինք 12-րդ տեղում՝ կրկնելով մեր պատմության վատագույն ցուցանիշը:

Զուգահեռաբար Ադրբեջանի հավաքականը Հայաստանին հաղթելուց հետո զարգացրեց իր հաջողությունը և նվաճեց Եվրոպայի չեմպիոնի կոչումը: Ընդ որում՝ երրորդ անգամ վերջին հինգ նմանատիպ մրցաշարերի ընթացքում:

Հիշեցնեմ, որ Հայաստանը մեկ անգամ է նվաճել Եվրոպայի չեմպիոնի կոչումը (1999 թ): Կանանց մրցաշարում էլ Հայաստանը զբաղեցրեց 9-րդ տեղը (մեր պատմության վատագույն ցուցանիշներից մեկը, ընդ որում՝ առաջին անգամ ետ մնացինք Ադրբեջանի հավաքականից):  

Այս մասին մեր մամուլում գրվեց շատ հպանցիկ: Մարզական լուրեր հաղորդող ալիքները, մարզական կայքերը մեծամասամբ չգրեցին անգամ Եվրոպայի առաջնության արդյունքների մասին:

Իսկ ամենաիսկական «գլուխգործոցի» հեղինակ դարձավ «Հ2» ալիքի մարզական լուրերի մեկնաբանը:

Արժե այդ մեկնաբանության համապատասխան հատվածը մեջբերել ամբողջությամբ. «Հունաստանում ավարտված շախմատի Եվրոպայի թիմային առաջնությունում Ադրբեջանը և Ռուսաստանը հավաքեցին հավասար միավորներ և կիսեցին 1-2 տեղերը: Լրացուցիչ գործակիցներով 2-րդ տեղը զբաղեցրեց Ռուսաստանը»:

Հանճարեղ լուծում է: Ասել ու չասել:

Սպորտում հաջողությունն ու անհաջողությունը կողք կողքի են քայլում և երբևէ պետք չէ առանց լրջագույն պատճառների մրոտել մարզիկներին անհաջողության համար: Միևնույն ժամանակ պետք է խորապես վերլուծել անհաջողությունների պատճառները, հետագայում դրանցից խուսափելու համար:

Ավարտված Եվրոպայի առաջնությունում Հայաստանի տղամարդկանց հավաքականի անհաջողությունը ունի հիմնավոր պատճառներ, որոնց մասին խոսում են մասնագետները: Բայց ահա դրանց լուսաբանումը հանգում է հայ-ադրբեջանական մարզական նվաճումների մեծացող «պատին» և մնում օդում:

Մեր մեդիան դարձել է միայն հաջողություններ լուսաբանող մեդիա, իսկ ահա անհաջողությունները դառնում են «պատերի տակի խոսակցության» առարկա:

Հետաքրքիր է, որ հայկական մեդիան ամբողջ ծավալով Հունաստանում ավարտված Եվրոպայի առաջնությանը կրկին անդրադարձավ միայն մրցաշարի ավարտից օրեր անց, երբ հայտնի դարձավ, որ անհատական ցուցանիշով Լևոն Արոնյանը լավագույն արդյունքն է ցույց տվել առաջին խաղատախտակի վրա և առաջ անցել ադրբեջանցի շախմատիստից:

Հատկապես այս վերջին հանգամանքը հատուկ կարևորությամբ է նշվում մեր մեդիայում:

Տարիներ առաջ էլ մեր ֆուտբոլի ազգային հավաքականի խաղի ժամանակ մարզադաշտի մեկնաբանը հայտարարեց. «Ուրախալի լուր Բաքվից. Ադրբեջանի հավաքականը պարտվում է»:

Իհարկե, մարզադաշտում ոչ միանշանակ ընդունվեց այդ հայտարարությունը, առավել ևս որ պարտվեց նաև մեր հավաքականը: Համենայինդեպս, նման կարգի «լուրեր» մարզադաշտում այլևս չեն հնչում:

Իսկ շախմատի Եվրոպայի առաջնության լուսաբանումը կրկին մեզ տանում է ետ՝ ուրախանալու հակառակորդի անհաջողությամբ, անտեսելու հաջողությունները, մոռանալու մեր ելույթների մասին:

Տարիներ առաջ, երբ Հենրիխ Մխիթարյանը խաղում էր Դորտմունդի «Բորուսիայի» կազմում, Ադրբեջանում այդ թիմի հանդիպումների հեռարձակման ժամանակ մեկնաբանները չէին հայտնում, թե ով է 10 համարը: Մեկնաբանները խուսափում էին Հենրիխ Մխիթարյանի անունը տալուց և ազգությունը նշելուց. ասում էին՝ գոլը խփեց «Բորուսիայի» 10 համարը:

Սա իհարկե, մարզական «դիվանագիտության» վառ արտահայտված օրինակ էր, որով հիմա տառապում է հայկական մարզական մեդիան:

Արմեն Նիկողոսյան

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *