Ինչպես լուրերի նախագծի համար նկարներ եւ մուլտիմեդիա գտնել՝ առանց հեղինակային իրավունքներ խախտելու

19.06.2012, Մեդիագլոբ

276

Անկախ նրանից, թե ձեզ ինչ է անհրաժեշտ՝ նկար բլոգի գրառման համար, սաունդթրեք վիդեոյի համար կամ Youtube-ի հոլովակ վավերագրական ֆիլմի համար, եթե դուք գործ ունեք մուլտիմեդիայի հետ, շատ հավանական է, որ դուք կօգտագործեք կամ կուզենաք օգտագործել ուրիշի աշխատանքը որպես ձեր սեփական աշխատանքի մի մաս:

Ահա մի քանի հիմնական խորհուրդ, թե ինչպես ցանցում գտնեք եւ օգտագործեք մուլտիմեդիա այնպես, որ «կրակը չընկնեք»:

Հանրային տիրույթ առասպելը

Սխալներից մեկը, որը բազմիցս վտանգի մեջ է գցել լրագրողներին եւ նրանց գործատուներին, «հանրային տիրույթ» տերմինը շփոթելն է:

Հանրային տիրույթն ունի երկու հնարավոր նշանակություն: Հեղինակային իրավունքի տեսանկյունից հանրային տիրույթը վերաբերում է այն աշխատանքին, որի հեղինակային իրավունքի ժամկետն անցել է, ինչը նշանակում է, որ ցանկացած մարդ կարող է օգտագործել այն՝ առանց հեղինակային իրավունքի իրավատիրոջը հարցնելու: Disney-ը՝ հեղինակային իրավունքներն ընդլայնելու մոլի քարոզիչը, իր մուլտֆիլմերից շատերի հիմքում «հանրային տիրույթի» նյութեր է օգտագործել՝ Գրիմ Եղբայրներից սկսած մինչեւ բազմաթիվ այլ հեքիաթներ, առասպելներ եւ լեգենդներ:

Բայց երբեմն կարող եք լսել, թե ինչպես են լրագրողները խոսում մի բանի մասին, որը «հանրային տիրույթում է», այլ խոսքերով՝ հանրային: Օրինակ՝ երբ իռլանդական Daily Mail-ը հրապարակեց ավիադիսպետչերի լուսանկարները վերջինիս կայքից, պարբերականն իր որոշումը հիմնավորեց նրանով, որ լուսանկարը «հանրային տիրույթում էր»:

Բայց սա նույն բանը չէ:

Օրինակ՝ ըստ սահմանման՝ մեդիայի գրեթե ցանկցած մաս «հանրային տիրույթում» է: Թերթերն ու ամսագրերը կրպակներում են, հեռուստա- եւ ռադիոռեպորտաժները հեռարձկավում են քաղաքի կենտրոնում տեղադրված հսկայական էկրաններով եւ դինամիկներով:

Բայց եթե դուք վերցնում եք բովանդակությունն ու ամբողջությամբ վերաարտադրում/վերատպում եք այն, դուք խախտում եք հեղինակային իրավունքները:

Տարօրինակ է թվում, որ մեդիաները, որոնք սովոր են պաշտպանել իրենց սեփական, շատ հանրային բովադակությունը, կարծում են, որ կարելի է օգտագործել այլ մարդու լուսանկարը, վիդեոն կամ ռեպորտաժը, քանի որ այն «հանրային տիրությում» է գտնվում: Բայց նրանք հենց այդպես էլ վարվում են:

Եթե դուք ուզում եք հանրային տիրույթի բովանդակություն (հեղինակային իրավունքները լրացած/ ժամկետն անցած իմաստով), կարող եք օգտվել մի քանի օգտակար աղբյուրներից: Օրինակ՝ Public Domain Review-ն հանրային տիրույթի մի շարք աշխատանքներ է հրապարկում եւ դրանք գտնելու ուղեցույց ունի: Իսկ Անջելա Գրանթն այստեղ գրում է, թե ինչպես ի թիվս այլ բաների գտնել հանրային տիրույթի վիդեո (նշենք, որ Անջելան հղում է կատարում ԱՄՆ-ի օրենքին, ոչ թե այլ երկրների):

Բայց պետք չէ մտածել, որ եթե ինչ-որ բան «հանրային» է դրված, այն հանրային տիրույթում է:

Եվս մի բան. նույնիսկ եթե նկարը, պատմությունը կամ ստեղծագործությունը հեղինակային իրավունքի առարկա չէ, դրա ներկայացումը, ռեդիզայնն ու վերապատմումը կարող է հեղինակային իրավունքի առարկա լինել:

Հարցրեք Disney-ին:

Creative Commons-ը UGC հեղինակային իրավունքը ակնհայտ է դարձնում

Եթե դուք գործ ունեք բովանդակության հետ, որը հրապարակվել է այնպիսի հարթակներում, ինչպիսին Flickr-ը կամ YouTube-ն է, դուք կարող եք համեմատաբար հեշտությամբ իմանալ այդ բովանդակության հեղինակային իրավունքի կարգավիճակը:

Երկու հարթակներն էլ օգտատերերին հնարավորություն են տալիս հեշտությամբ ստեղծել հեղինակային իրավունք՝ Creative Commons արտոնագրի միջոցով: Դուք կարող եք տեսնել այդ արտոնագիրը բովանդակությունը տեղադրած կայքի համապատասխան հատվածում:

YouTube-ում այն տեսանյութի տակ է:

[[wysiwyg_imageupload:277:]]

Flickr-ում այն աջ կողմում է «Արտոնագրի» տակ:

[[wysiwyg_imageupload:278:]]

Սեղմեք այդ արտոնագրի վրա, որպեսզի իմանաք, թե ինչ պայմաններ է այն ենթադրում:

Օրինակ, Creative Commons-ը մի շարք կետեր ունի՝

  • Նյութը կարող է օգտագործվել միայն ոչ առեւտրային պայմաններով, թե նաեւ առեւտրային
  • Նյութը կարող է հարմարեցվել եւ փոփոխվել, թե պետք է անփոփոխ մնա
  • Դուք նույն CC արտոնագիրը պետք է օգտագործեք, եթե օգտագործում եք այս նյութը
    (օրինակ՝ դուք չեք կարող օգտագործել ոչ առեւտրային արտոնագիր, իսկ հետո թույլ տալ, որ ձեր աշխատանքը օգտագործվի առեւտրային նպատակներով)
  • Արդյոք դուք պետք է վերագրեք աշխատանքը (այստեղ է, որ շատ մարդիկ խախտում են արտոնագիրը)

Եթե դուք վստահ չեք, որ ձեր աշխատանքը համապատասխանում է այդ չափանիշներին (օրինակ՝ այն դիտարկվում է որպես առեւտրային) դիմեք հեղինակային իրավունքի իրավատիրոջը պարզելու դա: Հիշեք, որ CC արտոնագիրը ընդամենը լռելյլան ռեժիմ է (default position) եւ կարող է բանակցվել: Եթե դուք ոչ մի պատասխան չեք ստանում եւ, այնուամենայնիվ, որոշում եք հրապարակել այն, ձեր փորձերը՝ կապվելու հեղինակային իրավունքի իրավատիրոջ հետ կարեւոր կլինեն դատական գործընթացների դեպքում:

Եթե դուք ուզում եք, որ ուրիշներն իրենց աշխատանքները հրապարակեն CC արտոնագրի ներքո, ապա լավ կլինի, որ դուք էլ ձեր գործերի գոնե մի մասը հրապարակեք CC արտոնագրով: Եթե ձեր աշխատանքը պարունակում է CC արտոնագրով այլ նյութեր, օգտագործված նյութերի արտոնագրերը կարող են պահանջել, որ դուք ձեր աշխատանքը նույնպես հրապարկեք CC արտոնագրի ներքո:

Flickr-ն ու YouTube-ը, իհարկե, միակը չեն, որ օգտագործում են Creative Commons արտոնագիր: CC արտոնագրի ներքո մեդիա փնտրելու համար (ներառյալ նշված կայքերում) օգտվեք Creative Commons կայքի որոնման հնարավորությունից եւ ընտրեք որոնողական համակարգը, որով ցանկանում եք փնտրել:

Կան նաեւ հատուկ կայքեր CC արտոնագրի ներքո երաժշտության տարածման համար, ինչպիսին է Freesound-ը:

Նույնիսկ այն դեպքում, երբ մեդիան (լուսանկարը, վիդեոն, երաժշտությունը), որով հետաքրքրված եք, չի օգտագործում CC արտոնագիր, դուք կարող եք դիմել հեղինակային իրավունքի իրավատիրոջը՝ այն օգտագործելու թույլտվություն ստանալու համար:

Տեղադրում vs վերահեռարձակում

Եթե մեդիան տեղադրված է այնպիսի հարթակում, ինչպիսին YouTube-ն է, դուք կարող եք տեղադրել այն կայքում՝ առանց որեւէ թույլտվության. եթե «ստեղծողը»* հնարավոր է դարձրել տեղադրումը, ապա նա քիչ փաստարկ կունենա հեղինակային իրավունքի խախտման համար դատի տալու դեպքում, քանի որ ա) տեղադրման հնարավորություն տալով՝ ենթադրվում է, որ իրավունք է տալիս եւ բ) կարող է վայրկենական կասեցնել ձեր հրապարակումը՝ պարզապես փակելով տեղադրման հնարավորությունը: Բացի այդ՝ նրա մեդիայի ձեր կողմից տեղադրումը չի կարող հանգեցնել եկամտի կորստի (քանի որ գովազդը նույնպես ներառված է), այնպես որ քիչ հավանական է, որ որեւէ վնաս կկրի ձեզ դատի տալու համար:

*Ուշադրություն՝ սա չի վերաբերում այլ մարդկանց կողմից ստեղծված եւ հեղինակային իրավունքի իրավտիրոջից բացի մեկ այլ մարդու կողմից վերբեռնած տեսանյութին:

Իրականությունը խայթում է

Իհարկե, մի բան է խոսել խիստ իրավական դիրքորոշման մասին, մեկ այլ բան՝ թե իրականում ինչ է տեղի ունենում: Լրագրողները պարբերաբար հրապարակում են բովանդակություն, որը խախտում է օրենքը, բայց դատողություններ են անում դրա համար դատարանում հայտնվելու հավանականության մասին: Օրինակ՝ ես կարող եմ ասել, որ Թագուհին կոռումպացված է (զրպարտական հայտարարություն) եւ գրեթե վստահ լինել, որ Թագուհին դրա համար դատի չի տա ինձ (որովհետեւ նա այդպես չվարվելու նախադեպ ունի):

Մեդիա իրավաբանները միայն նրա համար չեն, որ հրատարակիչներին խորհուրդ տան իրենց խիստ իրավական դիրքից, այլ նաեւ, որ խորհուրդ տան, թե ինչպես բալանսավորել եւ նվազեցնել ռիսկերը: Թեեւ ոչ միշտ է կարելի խուսափել ռիսկերից, այնուամենայնիվ, դրանցից կարելի է խուսափել պարզ ձեւերով՝

  • Միշտ փորձեք պարզել հեղինակային իրավունքը ձեր կողմից օգտագործված ցանկացած մեդիայի վերաբերյալ՝ ով է հեղինակային իրավունքի իրավատերը (կարող է մեկից ավել հեղինակային իրավունքի իրավատեր լինել, օրինակ՝ կատարողը եւ կոմպոզիտորը), եւ որոնք են լիցենզիայի պայմանները:
  • Եթե կասկածներ ունեք, փորձեք կապվել հեղինակային իրավունքի իրավատիրոջ հետ. նույնիսկ եթե չկարողանաք կապվել նրա հետ, նրա հետ կապվելու ձեր ջանքերը կօգնեն ձեզ, եթե դուք հայտնվեք դատարանում:
  • Միշտ նշեք հեղինակին եւ հղում արեք աղբյուրներին (սա կարող է արվել տիտրերում, նկարի նկարագրությունում կամ ակտիվ հղման տեսքով կայքում): Հեղինակային իրավունքի պահանջը իրավական տեսանկյունից սովորաբար պտտվում է եկամտի կորստի շուրջ՝ ցանկացած բան, որը հնարավոր է նպաստի դրան (օրինակ՝ աղբյուրին հղում չկատարելը), կարող է ավելացնել վնասը:

Նվազագույն գին եւ royalty free

«Royalty free»-ն անորոշ տերմին է, որը հաճախ շփոթում են «անվճար»-ի հետ: Այն ավելի հաճախ վերաբերում է մեդիային, որի համար վճարվում է մեկ անգամ, այնուհետեւ կարելի է օգտագործել բազմաթիվ անգամներ տարբեր ենթատեքստերում: Օրինակ՝ դու կարող եք վճարել «royalty free» երաժշտության կամ ձայնային էֆեկտների ձայնասկավառակի համար, որը կարող է օգտագործվել բազմաթիվ վիդեո պրոեկտներում՝ խնայելով ամեն անգամ տարբեր երաժշտության համար թույլտվություն ստանալու ձեր ջանքերը:

Կամ կարող եք «royalty free» նկարների սկավառակ գնել (clip art, օրինակ), որը կարող եք օգտագործել մի շարք դիզայներական պրոեկտներում:

Եթե դուք սովորում եք մեդիա դպրոցում կամ աշխատում եք խոշոր մեդիա կազմակերպությունում, հավանաբար նրանք կունենան որոշ «royalty free» մեդիա ուսանողների եւ աշխատակիցների օգտագործման համար, այնպես որ հարցուփորձ արեք՝ պարզելու, թե ինչ ռեսուրսներ կան:

Բայց մի օգտագործեք այն հանուն դրա՝ որակը կարող է տարբեր լինել: Բացի այդ՝ շատ այլ մեդիա պրոեկտներ կարող են ապավինել նույն գրադարաններին, այսպիսով դուք կարող եք կորցնել ձեր ինքնատիպությունը:

Դուք նաեւ պետք է իմանաք, որ նույնիսկ այսպես կոչված «royalty free» նյութերի արտոնագրերը կարող են սահմանափակող լինել՝ Վիքիփեդիայում «royalty free» երաժշտություն հոդվածում նշվում է, որ «royalty free» երաժշտության արտոնագիրը SmartSound-ում հայտարարում է՝ «Դուք պետք է ձեռք բեռեք «մեխանիկական» արտոնագիր 10.000 միավորից ավել քանակությամբ վեարարտադրելու համար»: (Կարդացեք արտոնագիրը այստեղ):

Հուրախություն նրանց, ովքեր բազմազանություն են ցանկանում, ինտերնետը «royalty free» մեդիայի նոր տեսակների եւ գնացուցակի հնարավորություն է ստեղծել, քանի որ լուսանկարիչների ավելի մեծ շրջանակ եւ այլ մեդիա ստեղծողներ իրենց աշխատանքները այժմ կարող են օնլայն վաճառել:

Pond5-ը ձայնային էֆեկտներ, լուսանկարներ, տեսանյութեր, /պատկերներ եւ նույնիսկ After Effects պրոկետներ ունի՝ սկսած 2 դոլարից, ինչպես նաեւ պատահական անվճար նյութեր: iStockphoto-ն այս ամենից բացի ունի նաեւ Flash ֆայլեր, կրկին հաճախ շատ էժան գներով: Որակը, սակայն, ավել արժե:

Stock.XCHNG հատուկ հիշատակման արժանի է՝ պարծենալով, որ այն աշխարհի «առաջատար անվճար ֆոտոների կայք է» եւ ընդգրկում է հազարավոր «royalty free» նկարներ: Նույնիսկ եթե նկարն «անվճար է», այն անվճար է միայն արտոնագրի պայմանների համաձայն, այնպես որ միշտ ստուգեք:

Աուդիոյի հետ կապված կայքեր կան, ինչպիսին է Audiosocket-ը, որը թույլ է տալիս թերթել եւ լիցենզավորել անկախ երաժշտությունը ձեր ֆիլմի համար (եթե դուք օգտվում եք Vimeo-ից, կարող եք նաեւ ավելացնել դա իրենց երաժշտական խանութի միջոցով):

Եթե դուք տեղյակ եք այլ աղբյուրների եւ մուլտիմեդիայի համար նյութ գտնելու այլ խնդիրների վերաբերյալ, ուրախ կլինեմ իմանալ դրանց մասին:

Այս հարցերի, համապատասխան գործիքների եւ հղումների մասին ավելին տեսեք իմ էջանիշներում այստեղ`http://delicious.com/paulb/creativecommons

Բնօրինակը հրապարակվել է Onlinejournalismblog-ում:

 Թարգմանությունը՝ Աննա Բարսեղյանի

Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
 

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:
Լրացուցիչ տեղեկություններ ?