2019.10.23,

Նյուսրում

Տեղական բովանդակությունը դժվար է մտնում կաբելային ցանց

author_posts/gayane-asryan
Գայանե Ասրյան

Լրագրող

Տեղական լրատվամիջոցները կաբելային հեռարձակման համար բարդ ճանապարհ են անցնում:

Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի լիցենզավորման բաժնի պետ Լիաննա Դոխիկյանն ասում է, որ կաբելային ցանց մտնելու համար գործող հեռուստաընկերությունների ու դեռևս հեռարձակման լիզենցիա չունեցողների համար տարբեր կարգավորումներ կան:

Գործող հեռուստատեսությունը կաբելային ցանց մուտք գործելու համար նախ պայմանագիր է կնքում կաբելային ծառայություն մատուցող ընկերության հետ: Հետո տվյալ հեռուստաալիքի բովանդակությունը վերահեռարձակելու լիցենզիայի համար կաբելայինը դիմում է հանձնաժողով:

Տեսաձայնային արտադրանք ստեղծող, բայց դեռևս լիցենզիա չունեցող ընկերությունները պետք է նախ դիմել հանձնաժողով և սեփական բովանդակության հեռարձակման թույլտվություն ստանալ: Դրանից հետո պայմանագիր կնքել կաբելային ցանցի հետ և վերահեռարձակվել:

«Ստացվում է ընկերությունը երկու անգամ միևնույն փաստաթղթերն է ներկայացնում հանձնաժողով, ինչն ավելորդ փաստաթղթաշրջանառություն է: Պետք է այնպես անել, որ մեկ փաստաթղթային փաթեթով հնարավոր լինի այս երկու գործընթացը միանգամից անցնել»,-ասում է լիցենզավորման բաժնի պետը:

Հեռուստածրագրերի հեռարձակման լիցենզիան տրվում է տասը տարով: Տեղական բովանդակություն ստեղծողները լիցենզիայի համար պետական տուրք են վճարում: 

Եթե հեռուստաընկերությունը հեռարձակվելու է մեկ մարզում լիցենզիայի տուրքը կազմում է 100 հազար դրամ, մեկից ավելի մարզերում՝ 250 հազար դրամ, Երևանում՝ 400 հազար, Երևանում և մարզերում՝ 500 հազար դրամ:

Կաբելային հեռարձակման խնդիրը քննարկվեց նաև օրերս Երևանում անցկացված  Հայկական ինտերնետ կառավարման 5-րդ համաժողովի «Տեղական բովանդակություն. Տեսալրահոս» քննարկման ժամանակ: Մասնակիցները միակարծիք էին՝ Հայաստանում ինտերնետ բովանդակության դաշտը կարգավորելու անհրաժեշտություն կա:

Հայաստանում ինտերնետ հեռարձակումը կարգավորվում է 10-15 տարի առաջ գրած օրենքներով, որն ըստ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի (ՀԾԿՀ) ներկայացուցիչ Արմեն Հունանյանի, անհավասար միջավայր է ստեղծում տեղական և օտարերկրյա բովանդակություն ստեղծողների համար:

Օտարերկրյա ընկերությունները փաստորեն կաբելում հայտնվելու համար ավելի կարճ ճանապարհ են անցնում, դիմում են միայն վերահեռարձակման համար: Փաստորեն այդ ալիքները հասնում են տեղական լսարանին, բայց բովանդակություն ստեղծողը տեղական օրենսդրությամբ հեռարձակման համար պետական տուրք չի վճարում:

Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանն ասում է, որ հայաստանյան ընկերությունների համար կաբելային ցանցում հայտնվելու լիցենզիայի պահանջը պետք է վերանա: 

«Կարծում եմ հինգ տարի հետո կաբելային լիցենզիայի կարիք այլևս չի լինի, և բովանդակություն ստեղծողը կարող է այն տարածել տարբեր խողովակներով»,-ասում է Հակոբյանը:

Նրա խոսքով, խնդիրը ոչ թե լիցեզավորումն է, այլ դաշտը կարգավորողին և օպերատորին մեկ ընդհանուր և հավասար դաշտ բերելը:

«Արփինետ» կաբելային ծառայություն մատուցող ընկերության տնօրեն Արմեն Մուրադյանն ասում է, որ տեղական արտադրողները պարտաճանաչ վճարումներ են անում, իսկ օֆշորներում գրանցված կազմակերպությունները հանգիստ, առանց գումար վճարելու են վերահեռարձակվում: 

Լրացնելով Մուրադյանին, Հակոբյանն ասում է, որ հայկական շուկայի համար շատ հաճախ տեսաձայնային ծառայությունները մատուցում են դրսից, որոնք ոչ միայն եկամուտներ են փնտրում, այլ քարոզչություն իրականացնում Հայաստանում:

«Մեր բիզնեսը զարգացնելու համար ստիպված օտարերկրյա պրոպագանդա ենք անում, հանրային ալիքներն իրենց բովանդակությունը մեզ համար պետք է հասանելի դարձնեն»,-հավելում է Մուրադյանը:

Ընդհանուր առմամբ Հայաստանում ունենք կաբելային ծառայություն մատուցող 70 ընկերություն:

Գայանե Ասրյան


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *