Բրյուսելի պայթյունները. եթերում՝ աստիճանաբար, ինտերնետում՝ լայվբլոգով

22.03.2016, Քննադատ

Կրթությամբ ֆիզիկոս, մասնագիտությամբ՝ լրագրող: Աշխատում է Մեդիա նախաձեռնությունների կենտրոնում:

Բրյուսելի պայթյունների մասին լուրից մի քանի ժամ հետո մեր հեռուստատեսային լրատվական թողարկումներն էի թերթում: «Չեմպիոնը» «Էպիկենտրոն»-ն էր: Ժամը 13:30-ին՝ պայթյուններից ժամուկես անց, լրատվական թողարկումն սկսվեց ցրտահարություններից հետո բերքի մասին ռեպորտաժով, հետո Ֆերմերների ազգային միավորման ու տիկին Ռոզա Ծառուկյանի մասին նյութն էր, հետո՝ էլի մի ռեպորտաժ: Թողարկման վերջում հաղորդավարն ասաց. «Իսկ այժմ միջազգային լուրերի մասին» ու «Էպիկենտրոն»-ը հայտնեց Բրյուսելում պայթյունների մասին:

Արդյո՞ք Բրյուսելում պայթյունները բացառապես միջազգային նշանակության իրադարձություն են ու արժանի չեն լրատվական թողարկման առաջատարը լինելու: Վստահ եմ, որ պայթյունների լուրն այսօր ցանկացած լրատվական թողարկման մեջ առաջինը պետք է լինի:
Բարեբախտաբար, հեռուստատեսային մյուս ալիքներն իրենց լրատվական թողարկումներում առաջինն էին հայտնում տասնյակ մարդկանց կյանքեր խլած պայթյունների մասին նորությունը:

Հաշվի առնենք նաև, որ Բրյուսելը Եվրոպական Միության ոչ պաշտոնական մայրաքաղաքն է, հենց այս պահին այնտեղ Հայաստանից պատվիրակություններ կան: Չհաշված՝ Բելգիայում հայկական ակտիվ ու մեծաթիվ համայնքը:

Հայաստանյան հեռուստաընկերություններից միայն «Երկիր Մեդիա»-ն էր, որ Բրյուսելի իրադարձությունների մասին հայտնելու համար լուրերի արտակարգ թողարկումներ հեռարձակեց: «Արմենիա»-ն ու նույն «Երկիր Մեդիա»-ն, եթերից դուրս՝  իրենց ինտերնետային էջերի օգնությամբ տեղեկացրին պայթյունների մասին: *

Հեռուստատեսության հույսին մնացած մարդը լուրը ավելի ուշ է ստանում, քան կարող էր ստանալ ինտերնետից:

Տեղական ինտերնետային կայքերը Բրյուսելում զարգացող ու աշխարհի ուշադրության կենտրոնում գտնվող իրադարձության մասին պատմելու լայն հնարավորություններ ունեին: Սոցիալական մեդիայում ստեղծված բովանդակությունը՝ UGC-ին (User Generated Content), նրանց լավագույն օգնականն է այս հարցում:

Twitter-ում տարբեր լեզուներով կայծակնային արագությամբ թարմացվող հեշթեգեր առաջացան: Պայթյունների վայրերից փոքրիկ տեսանյութերի համար մարդիկ օգտագործում էին Vine-ը, իսկ սմարթֆոններով ուղիղ եթերի համար՝ Twitter-ի մեկ այլ գործիք՝ Periscope-ը: Լուսանկարների խնդիր ընդհանրապես չկար:

Հայաստանյան կայքերը հիմնականում օգտագործեցին այդ ներուժը, անգամ Բրյուսելի պայթյունը լայվբլոգով ներկայացնելու դեպք կար: Շատ կայքեր՝ իրենց ընտրությամբ ուղիղ եթերում իրենց այցելուներին էին առաջարկում Բրյուսելից միջազգային լրատվականներներից մեկի եթերը: Ճիշտ է, կային նաև կայքեր, որոնք թեման լուսաբանեցին այնպես, կարծես այն շարքային միջազգային լուր լիներ: Բրյուսելում պայթյունի մասին լուրը կար, սակայն այն տարրալուծվել էր տեղական նշանակության այլ լուրերի մեջ ու չէր կարևորվում:

Բրյուսելի իրադարձությունների զարգացմանը շատ ավելի հարմար էր հետևել ինտերնետում, քան հեռուստատեսությամբ:

Համենայնդեպս` Հայաստանում, որտեղ պաշտոնական տվյալներով բնակչության 67%-ը օգտվում է ինտերնետից: Հեռուստատեսությունը ստիպված է լինելու հատուկ ինտերնետի համար բովանդակություն ստեղծել և ուժեղացնել իր ներկայությունը ցանցում: Խոսքն այս դեպքում հեռուստատեսային սերիալներն ու սիթքոմերը «ինտերնետ դնելու» մասին չէ: Խոսքը, մասնավորապես, զարգացող իրադարձության լուսաբանման մասին է:

Գեղամ Վարդանյան

* Հոդվածում տեղի է ունեցել փոփոխություն: Նախորդ տարբերակում հեղինակը չէր նկատել, որ «Երկիր Մեդիան» Բրյուսելում պայթյունների մասին արտակարգ թողարկումներ հեռարձակել էր:

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:

Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
 

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:
Լրացուցիչ տեղեկություններ ?