2011.11.15,

Քննադատ

Սուբյեկտիվ կարծիք օբյեկտիվ լրատվության մասին

Այսօր հեռուստատեսությամբ ու այլ լրատվամիջոցներով, մասնավոր զրույցներում կարելի է լսել այս կամ այն լրատվամիջոցին, լրագրողին հասցեագրված մեղադրանք` «Դուք օբյեկտիվ չեք»: Այս բառակապակցության տակ տարբեր դեպքերում տարբեր իմաստներ են դրվում` «Դուք ծախված եք, պատվեր եք կատարում, խեղաթյուրում եք փաստերը, պրոֆեսիոնալ չեք»: 

Իշխանական լրատվամիջոցները եւ իշխանավորները օբյեկտիվ չլինելու մեջ են մեղադրում այս կամ այն չափով ընդդիմադիր մամուլին, ընդդիմադիր հայացքներ ունեցող գործիչները ու մամուլը փաստում են մեդիադաշտի եւ հատկապես հեռուստաընկերությունների գրեթե ամբողջական վերահսկողությունը իշխանական տարբեր օղակների կողմից եւ որպես հետեւանք` ոչ օբեկտիվ լրահոսը հեռուստաընկերությունների լրատվական բլոկներում: 

Բայց, այնուամենայնիվ, կա՞ հայաստանյան մեդիա դաշտում օբյեկտիվ լրատվություն: Հարցը առաջանում է, որովհետեւ որոշ լրատվամիջոցներ այդպիսի հայտ են ներկայացնում: Բայց մինչեւ այդ հարցին անդրադառնալը թերեւս անհրաժեշտ է սահմանել, թե ինչպիսի լրատվությունն է համարվում օբյեկտիվ: Խնդրով զբաղվող որոշ մասնագետներ համարում են, որ «օբյեկտիվ» լինել ընդհանրապես անհնար է, որովհետեւ լրագրողական թեմայի եւ փաստերի ընտրությունը, լրագրողի կենսափորձը եւ տրամադրությունը, բառերի ընտրությունը արդեն իսկ սուբյեկտիվ են, եւ այդպիսով հնարավոր չէ գրել բացարձակապես օբեկտիվ լրատվություն:

Բայց թողնենք այս «խոսակցությունը» խնդրով զբաղվող մասնագետներին եւ փորձենք դիտարկել մեր մեդիա դաշտը`ելնելով օբյեկտիվ լրատվության ամենահամառոտ եւ տարածված պատկերացումից: Օբյեկտիվ է այն լրատվությունը, որը փաստերի շարադրանքի միջոցով անկողմնակալ պատկերում է ճշմարիտ իրականությունը:   

Կողմնակալ լրատվություն

Որպեսզի ըմբռնենք օբյեկտիվ լրատվամիջոցի հայտ ներկայացնող լրատվամիջոցների շրջանակը, բերենք մի քանի լրատվամիջոցների օրինակներ, որոնք հայտ չեն ներկայացնում լինել այդպիսին եւ բացահայտ ձեւով հայտարարում կամ անթաքույց ձեւով ցուցադրում են իրենց կողմնակալությունը: Ավելի լավ պատկերացնելու համար վերցնենք այնպիսի օրինակներ, որոնք առավել ցայտուն են, բայց արհեստականորեն հավասարության նշան չդնենք բերված օրինակների միջեւ:

«Հայկական ժամանակ» օրաթերթը այն եզակի տպագիր լրատվամիջոցներից է, որ առնվազն վերջին հինգ տարիների ընթացքում չի խորշել ընդգծված ընդդիմադիր դիրքորոշումից եւ դրանից բխող կողմնակալությունից: «Հայկական ժամանակն»  ունի ամենամեծ սպառումը տպագիր լրատվամիջոցների մեջ, կատարում է հասարակության ընդդիմադիր զանգվածի պատվերը եւ չի թաքցնում իր քաղաքական «համակրանքը»:

Պատահական չէ, որ «Հայկական ժամանակ»-ում շատ են տպագրվում հրապարակախոսական հոդվածներ, որոնք թերթի մեխն են: Սա «կարծիքի լրագրություն է», իսկ կարծիքը միշտ սուբյեկտիվություն է պարունակում: Բայց կարծում եմ, որ, ի տարբերություն հաջորդ օրինակների, այն ունի օբեկտիվ լրատվությանը հատուկ մի կարեւոր հատկանիշ` դա իրականության ճշմարտացի պատկերումն է առավելապես այն դիտանկյունից, որը ընտրել է թերթը, այն է՝ հակազդել անհամեմատ ավելի մեծ ռեսուրսների տիրապետող իշխանական քարոզչամեքենային, հասարակությանը տեղեկացնել իշխանական վերնախավի ու  համակարգի արատների մասին, ոգեշնչել իր լսարանին եւ մղել նրան փոխելու իրականությունը:  

Հաջորդ ոչ օբյեկտիվ` կողմնակալ լրատվության օրինակը բերենք հեռուստադաշտից, որովհետեւ բացահայտ իշխանամետ տպագիր մամուլը չունի սպառում, չի կարող հասարակական կարծիք ձեւավորել եւ հետեւաբար դուրս է մեր հետաքրքրության շրջանակից: Կարելի է բերել բազմաթիվ օրինակներ, բայց, թերեւս, ամենավառ օրինակները «Կենտրոն» եւ «Հ1» հեռուստաընկերություններն են:

«Կենտրոն» հեռուստաընկերության պարագայում լրատվության պատվիրատուն մեկն է` Գագիկ Ծառուկյանը իր բազմաթիվ բիզնեսներով եւ դեռեւս միակ կուսակցությամբ: Հեռուստաընկերությունը չի թաքցնում իր կողմնակալությունը՝ լրահոսի առյուծի բաժինը հատկացնելով անմիջական պատվիրատուին, նրա բիզնեսներին եւ կուսակցությանը: Իրականության պատկերման դիտակետն այստեղ Գագիկ Ծառուկյանն է եւ նրա գործունեությունը:

Պետք է խոստովանել, որ հեռուստաընկերությունը հարյուր տոկոսով կատարում է պատվերը: Գագիկ Ծառուկյանի ցանկացած հանդիպում ներկայացվում է որպես նշանակալի իրադարձություն: Հեռուստադիտողի «աչքն է մտցվում» «բարեգործական» միջոցառումների վրա ծախսված յուրաքանչուր լումա: Առանձնահատուկ ուշադրություն է դարձվում պարոն Ծառուկյանի՝ տարբեր ինստիտուտներից ու ակադեմիաներից ստացած տարատեսակ մեդալներին ու դիպլոմներին: «Կենտրոն»  հեռուստաընկերությանը եւ Գագիկ Ծառուկյանին անդրադառնալու պատճառը այն է, որ  մյուս հեռուստաընկերությունների կողմնակալությունը կառուցված չէ գլխավորապես մեկ անձի շուրջ:

 «Հ1» -ը թերեւս ամենաշատն է քննադատության ենթարկվում ոչ օբյեկտիվ լինելու համար, ինչն ունի իր օբյեկտիվ պատճառը` «հանրային» հեռուստաընկերության բյուջեի մի զգալի մասը ձեւավորվում է հարկատուների հաշվին: Թվում է՝ այդ հանգամանքը պետք է  որոշակի անկախություն եւ օբյեկտիվություն հաղորդեր «Հ1» -ին, բայց իրականում ճիշտ հակառակ պատկերն է:

Պետական բյուջեից սնվող հեռուստաընկերությունը  քարոզչական զենք է իշխող վերնախավի եւ իշխանության տարբեր ճյուղերի համար: Խաղաղ պայմաններում զոհված զինծառայողների ծնողների, նրանց սատարող անհատների եւ հասարակական կազմակերպությունների ամենշաբաթյա ակցիաներին անդրադարձած ռեպորտաժը միայն բավարար է «Հ1» -ի բացահայտ կողմնակալ վերաբերմունքը ապացուցելու համար:   

Բացահայտ կողմնակալ լրատվամիջոցների ցանկը մեծ է ՝ «Երկիր», «Երկիր մեդիա», «Հ2», եւ այլն: Վերը բերված օրինակների դիտարկման նպատակն էր ցույց տալ, որ կան լրատվամիջոցներ, որոնք «օբյեկտիվ լրատվության» կարեւոր բաղադրիչներից մեկի` անկողմնակալության տեսանկյունից չեն համապատասխանում այդ չափանիշին եւ կատարում են այս կամ այն կուսկցության, իշխանավորի, օլիգարխի, իշխանական վերնախավի կամ ընդդիմադիր հայացքներով ընթերցողի պատվերը: Սակայն մեդիա դաշտում կան լրատվամիջոցներ, որոնք օբյեկտիվ լինելու հայտ են ներկայացնում:

Մի մասը խմբագիրների շուրթերով է հնչեցնում է այդ մասին, մյուսները փորձում են այդպիսին երեւալ: Հաջորդիվ կփորձենք դիտարկել այդ լրատվամիջոցները եւ որոշակի եզրահանգումներ անել:

Շարունակելի

Համբարձում Համբարձումյան

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *