2019.12.17,

Ստուգված է

Թուրքմենստանի նախագահը ծրագրավորման մրցույթում չի հաղթել (բայց ռեփ է ձայնագրել)

author_posts/karine-ghazaryan
Կարինե Ղազարյան
facebook

Լրագրող

Դեկտեմբերի 17-ին Ֆեյսբուքի հայկական տիրույթում ակտիվորեն տարածվում էր լուր այն մասին, որ Թուրքմենստանի նախագահը հաղթել է ծրագրովորման ազգային մրցույթում։ Հոդվածում ասվում է, որ նա HTML լեզվով գրել է ժամանակակից նեյրոցանց, որը Թուրքմենստանին պայծառ ապագա է կանխատեսել։

Լուրը հրապարակել է երգիծական Panorama.pub կայքը։ Հոդվածն իրականում ծաղրում է նախագահ Բերդիմուհամեդովի հաճախ արտասովոր պահվածքը։

Հոդվածը ստեղծած Panorama.pub կայքը հայտնում է, որ նախագահի մասնակցությունը մրցույթին ծրագրված չէր․ նա անսպասելի է այցելել անցկացման վայր, և երիտասարդ ծրագրավորողները նրան դիմավորել են բարձր ծափահարություններով, անթիվ-անհամար ծաղիկներով և նրա պատվին բանաստեղծություններով։ Ավելին՝ համեստությունից ելնելով նախագահը չէր ուզում մասնակցել մրցույթին, բայց երիտասարդները համոզեցին նրան։ Արդյունքում նախագահը հաղթեց։

Panorama.pub-ը երգիծական կայք է։ Բոլոր հրապարակվող լուրերը կայքում ուղեկցվում են հատուկ գրությունով, որտեղ նշվում է, որ դրանք իրական լուրեր չեն։ Երգիծական լրատվական կայքեր գործում են տարբեր երկրներում, օրինակ, միջազգային ճանաչում ունի ամերիկյան The Onion կայքը:

Բերդիմուհամեդովի մասին լուրը պատահական չէ․ Թուրքմենստանի նախագահի մասին իրական լուրերը հաճախ պակաս տարօրինակ չեն։ Օրինակ, նախագահը իր թոռան հետ ձայնագրել էր ռեփ-կատարում ազգային խորհրդանիշ հանդիսացող ձիու մասին, որի գինը կարող է հասնել շուրջ $1,000,000: Բերդիմուհամեդովը այսպիսի մոտ 130 ձի ունի։

Նախագահը առհասարակ սիրում է երգել (այս թվում Ջասթին Բիբերի հիթերը), իսկ նրա և թոռան մեկ այլ ռեփ-կատարում թուրքմեներեն և անգլերեն լեզուներով է։

Ամերիկյան հայտնի Last Week Tonight հումորային ծրագիրը մի ամբողջ հաղորդում է նվիրել Բերդիմուհամեդովին։

Թուրքմենստանի նախագահը հայտնի է ոչ միայն արտասովոր պահվածքով, այլև որպես բռնապետ․ Հյուսիսային Կորեայից հետո Թուրքմենստանը աշխարհի ամենափակ երկրներից է, որտեղ չկա ազատ մամուլ և ոտնահարվում են մարդու իրավունքները։ Թուրքմենստանում գործում է Բերդիմուհամեդովի անձի պաշտամունք, նրան կոչում են «ազգի հայր»։

Կարինե Ղազարյան


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *