2019.02.15,

Քննադատ

Հավատի ու վստահության օգտակար բախումը

author_posts/nune-hakhverdyan
Նունե Հախվերդյան
twiter

Լրագրող, արվեստի քննադատ

Կառավարության նոր ծրագիրը, որը երեք օր շարունակ ներկայացվեց ու քննարկվեց խորհրադարանում, վերջին շրջանի լավագույն մեդիա իրադարձությունն էր, որը զարգանում էր, ճյուղավորվում ու հանգուցալուծվում ոչ այնքան ռացիոնալ փաստարկներով ու կանոններով, որքան բնազդային շոշափուկներով:

Դա դիտարժան քառօրյա էր, որը նման էր պրոդյուսերական քասթինգի, երբ տարբեր գործող անձինք ուզում են արժանանալ ուշադրության ու ցույց տալ սեփական կարևորությունն ու մտքի ճկունությունը:

Իսկ պրոդյուսերական ընկերությունը (այսինքն, մենք) փորձում էր քիչ կամ քաջ ծանոթ պատգամավորներից առանձնացնել լավագույններին կամ մաղել՝ կասկածի տակ դնելով նրանց ունակությունները:

Եթե մի կողմ դնենք նոր պատգամավորական կազմի ջանքերը լինելու ծրագրի սուր քննադատ (երբեմն հաջող) կամ նույնքան սուր նվիրյալ (գրեթե միշտ անհաջող), կարող ենք տեսնել, որ ամենից լավ տեղ է հասնում (այսինքն` մեզ) ոչ թե դասախոսության նման տեքստը, այլ հույզ արթնացնողը: Այն տեքստը, որը ենթադրում է թաքնված երկխոսություն լսարանի հետ:

Ծրագրի քննարկումներում բուն ծրագիրը բնավ էլ նշանակություն չուներ, կարևորը հույզերի խարույկի կրակի պահպանում էր, որն այսօրվա Հայաստանում շարունակում է մնալ ամենամեծ կապիտալը:

Ցանկացած տեքստ, որն ասվում է ամբիոնից, շարունակություն է ստանում լսարանի ուղեղում միայն այն ժամանակ, երբ ասողն ինքն է հավատում իր ասածին: Եվ նոր պատգամավորների մեծ մասի ոչ նոր խոսքը հուսահատեցնող էր, քանի որ երևում էր նրանց ոչ ճկուն պատրաստակամությունը լինելու ավելին, քան իրենք կան:

Լայն իմաստով՝ այս եռօրյա քննարկումները հավատի մասին էին:

Վարչապետը փորձում էր հիշեցնել հպարտության ու երջանկության բանաձևը որոնող ՀՀ քաղաքացիներին, որ կարևորը սեփական ուժերին հավատալն է, որ արժե գլխում պահել հավատի ծիլը, այլապես կյանքն աղքատ է լինելու: Նաև՝ նյութական իմաստով:

«Աղքատությունը գլուխներում է…»,- վարչապետի այս խոսքերը շատերը փորձեցին տեղայնացնել ու անձնավորել սեփական առօրյայի ու նոր իրավիճակում հայտնված կառավարիչների օրինակներում:

Իսկ անձնավորելուց հետո հաստատ ընդունեցին, որ հավատից հետո անպայման գալիս է վստահության գործոնը:

Ի վերջո, իրական կյանքն, ի տարբերություն կրոնական բացատրության, միայն հավատով չի սահմանափակվում (հավատն առ աստվածային գոյություն վստահությունից անդին է, վստահությունը երկու կողմ է ենթադրում, հավատը՝ մեկ):

Իսկ զարգացած պետական համակարգի անխափան աշխատանքի հիմքը վստահությունն է:

Այո, տարիներ շարունակ Հայաստանում ոչ ոք չի վստահել պետությանը. պետծառայողները հիմնականում կոռումպացված էին, անկիրթ ու ստվերային կապերի պահապաններ: Փոխարենը, ավելի ամուր ու հասկանալի էին ընտանեկան, ոչ թե հանրային կամ առավելևս՝ պետական կապերը: Կար համոզմունք, որ ընտանիքի անդամներն ու բարեկամները (այսպես կոչված՝ ախպերները) չեն խաբի:

Պետությանը չվստահելու պատճառը բնավ էլ միայն գլուխներում չէր: Այն հանրային կյանքի շինծու կերպով ստեղծված մոդելի մեջ էր, երբ արժանապատիվ ապրելու միակ ճանապարհը՝ հանգիստ խղճով պետությանը չվստահելն էր ու հավատալն էր միայն սեփական ուժերին (կամ ախպերական):

Իրականում սեփական ուժերին հավատալն ամենահեշտն է, բարդը վստահելն է։ Օրինակ, հարևանին, տեսուչին, նախարարին, ուսուցչին, շինարարին, լրատվամիջոցին և այլն:

Ուզենք, թե չուզենք սոցիալական վստահությունը երջանկության կարևոր նախապայման է:

Վստահությունը չի կարող իռացիոնալ լինել, ինչպես հավատը, այն անպայման փոխադարձ թելերով է կապում սոցիումը՝ այն լցնելով համամասնակից դառնալու ձգտումով, կիրթ ու զուսպ պահվածքով, հարգանքով մեկը մյուսի հանդեպ, վիրավորանքներից խուսափելով (ընդ որում՝ տարբեր ամբիոններից):

Վստահում ես ինքնաբավ, ավտոմատ կերպով աշխատող, հավասարակշռված ինստիտուտներին, մարդկանց, կառույցներին:

«Հավատացեք ոչ թե կառավարությանը, այլ ինքներդ ձեզ: Մեր կառավարությունը ընդամենը այդ հավատի սիմվոլն է»,- ասել էր վարչապետը:

Իհարկե, նա իրավացի է, մենք հավատում ենք ինքներս մեզ ու հաճելի է, երբ այդ մասին հիշեցնում են: Ու բնազդային շաշափուկներով զգում ենք, որ վստահելու առիթներ են պետք, որպեսզի բռնվելու տեղ ունենանք:

Կարող ես շատ բարձր հարկեր վճարել, որոշ ժամանակ աղքատ ապրել (նյութական իմաստով), երթևեկել մահամերձ տրանսպորտային միջոցներով, շարունակել զզվել դպրոցական համակարգի կեղծ բարեփոխումներից ու անորակ ճանապարհներից, անձրևի տակ քայլել առանց հովանոցի ու այդ հովանոցը բռնողի, բայց միայն այն դեպքում, երբ վստահում ես, որ քո հարկերն ու համբերությունը դուրս կգան հավատի դաշտից ու կհայտնվեն այնտեղ, որտեղ տեսանելի կերպով կդառնան լավ տրանսպորտ, ապահով ծերություն, որակյալ կրթություն ու համեստ պետծառայողներ:

Իսկ եթե այդ ամենը դեռ չկա, մենք (որպես պրոդյուսերական ընկերության ներկայացուցիչ) կփորձենք հասկանալ, թե որտեղ որոնել հանգստության, սոցիալական հավասարակշռության վրա հիմնված պետության գաղափարի նշանները:

Այսինքն, ինչպես է հավատը սեփական ուժերին հանդիպում պետական ինքնաշխատ կարգավորումներին, որոնք այնքան մտածված ու այնչափ ինքնաշխատ կլինեն, որ այլևս բոցավառ տեքստերի կարիք չեն ունենա:

 Նունե Հախվերդյան

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *