2018.03.27,

Քննադատ

Տարբերվելու բեռը

author_posts/nune-hakhverdyan
Նունե Հախվերդյան
twiter

Լրագրող, արվեստի քննադատ

Երբ Հանրային հեռուստատեսության առավոտյան ծրագրում տեղ գտավ «Տարբերվողները» շարքը, հեղինակները դժվար թե իրենց առջև լուրջ գոյաբանական հարցեր դրած լիենին: Շարքը, որը պատմում էր գունավոր մազերով ու զգեստներով, միանգամից աչքի ընկնող երիտասարդների մասին, ավելի շատ թեթև ու ուրախ ժանրի նախագիծ էր:

Մի քանի րոպեանոց տեսանյութերի հերոսներ էին դառնում մարդիկ, որոնց չնկատելը դժվար է: Նրանք իրոք գունավոր էին:

Իսկ հաշվի առնելով, որ «վարդագույն» հռչակված մեր մայրաքաղաքում իրոք գույնի ու վառ մարդկանց պակաս կա, այդ «Տարբերվողներ»-ը դիտարկվում էին որպես եզակի ու անգամ մարգինալ մարդկանց դիմանկարների շարք:

Հանրային հեռուստաընկերությունը տեղ տալով այդ շարքին «Առավոտ լուսո» հաղորդման եթերում, թերևս ակնկալում էր նույն էֆեկտը, ինչը տալիս են երաժշտական հոլովակներն ու անբռնազբոս-գլամուրային զրույցները: Այսինքն, երիտասարդների դիմանկարները պետք է աշխատեին որպես գեղեցիկ ֆոն:

Բայց այդ շարքը (վերնագրով հանդերձ) զարմանալի արդիական դարձավ, երբ ծավալվեց հանրային քննարկում՝ Ստեփանակերտի ոստիկանների ու կապույտ մազերով աղջկա շուրջ: Եվ այդ քննարկումը գրեթե գոյաբանական հարթությունում էր:

19-ամյա Ասյա Խաչատրյանը, որը ևս «Տարբերվողներ»-ից էր, բախում ունեցավ Արցախի ոստիկանների հետ, և խոստովանեց, որ մի քանի օր շարունակ իրեն տարել էին ոստիկանական բաժին ու իր խոսքերով՝ ֆիզիկական ու հոգեբանական ճնշում գործադրել՝ հայհոյելով, հարվածելով ու խախտելով ոչ միայն իր իրավունքները, այլև՝ նսեմացնելով արժանապատվությունը:

Այս պատմության մեջ լավ երևացին այն կարծրատիպերը, որոնք հասարակությունը նորմ է համարում: Սոցիալական ցանցերում քննարկումները ծավալվեցին այն հարցերի շուրջ, որոնք ավանդապես զսպված ու չմեկնաբանված են եղել: Օրինակ, կին-տղամարդ, ուժ-անզոր, ընդունված-տարբերվող, մարմին-օրենք:

Արտաքնապես անսովոր լինելը (դաջվածք, ոչ բնական մազերի գույն ու ավանդապես ոչ ընդունված մարմնի մասերում ականջօղեր ունենալը) առիթ է, որ հասարակությունը ալեկոծվի:

Այս պատմության մեջ կարևորը անգամ ոչ թե փաստեր են, այլ ագրեսիվ «ավանդական» պահապանների արագ զարթոնքը: Ասյա Խաչատրյանը (կամա, թե ակամա, կամ միգուցեև ուղղորդված) ցույց տվեց, որ բռնկվելու ու մտորելու համար ոչ թե թանկարժեք պետական քարզչություն է հարկավոր, այլ ընդամենը կապույտ մազեր:

Տարբերվողներին, կապույտ (կարմիր, ծիրանագույն) մազեր ունեցողին չհանդուրժելն ու դա հպարտորեն որպես նորմ ներկայացնելը հունից հանում է առաջին հերթին չհանդուրժողներին: Մանավանդ, երբ նրանք համազգեստով են ու կոչված են կարգուկանոն պահպանել:

Կապույտ մազերով աղջիկը վաղը կարող է փոխել իր մազերի գույնը, իսկ այլին, տարբերվողին չհանդուրժողը անընդհատ հայտնվելու է ծուղակում:

Նա անընդհատ գտնելու է վանելու, չհասկանալու, չհարգելու, վիրավորելու ու իր պատկերացմամբ կարգի  է հրավիրելու մարդուն, նրա տեսքն ու խոսքը: Եվ կրկին ու կրկին զարմանալու է, թե ինչու են իրեն համարում չհանդուրժող:

Սա հենց գոյաբանական հարց է, որին ակամայից դիպավ Հանրային հեռուստաընկերությունը: Իսկ Ասյա Խաչատրյանը լավ զարգացրեց:

Այժմ Ասյա Խաչատրյանը իսկական մեդիա արշավ է սկսել: Արցախի մարդու իրավունքների պաշտպանը արձագանքել է դեպքին ու խոստացել պատշաճ իրավական գնահատական տալ: Իսկ Արցախի փոխոստիկանապետը հերքել է դեպքի իսկությունը, ասելով, որ ոստիկանության ծառայողի կողմից այդպիսի վարքագիծ տեսականորեն «հնարավոր չի, որ լինի»:

Տեսականորեն հնարավոր է, որ համազգեստով (կամ այլ մի համախմբող գործոնով) միավորված մարդիկ առանց դավադրության տեսությունների ու արտաքին տեսքի մասին խոհերի, տարբերվելը ընդունեն որպես ոչ թե բեռ, այլ բերկրանք:

Տարբերվելը շնորհ է, որից փակ ու կարծրացած հասարակությունները սովորաբար գոհ չեն:

Իսկ ամենահայտնի հայուհի Քիմ Քարդաշյանը իր տարբեր սանրվածքներից ու մազերի գույնից միշտ գոհ է: Գոհ է նաև հայաստանյան լսարանը, երբ վերահրապարակում է լուրերը նրա կապույտ մազերի մասին:

Նունե Հախվերդյան

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *