Հեռուստատեսությունը փուչիկների պայթյունի առաջին ժամերին պապանձվել էր

05.05.2012, Քննադատ

Լրագրող, արվեստի քննադատ

Մայիսի 4-ին Երևանի Հանրապետության հրապարակում տեղի ունեցած փուչիկների պայթյունը կարծես մեծ ու յուղոտ վերջակետ դրեց մեկ ամիս տևող նախընտրական քարոզի ու դրա լուսաբանման ավանդական ձևերի վրա: Այդ սարսափելի պատահարը փաստեց. մեր հեռուստատեսությունը ոչ միայն անբուժելի հիվանդ է, այլ վաղուց արդեն դիակ է:

Ողջ Երևանը խուճապի մեջ էր, քանի որ ՀՀԿ  համերգ-հանրահավաքում հարյուրից ավելի մարդիկ էին կորցրել ազատ տեղաշարժվելու հնարավորությունը, վնասվածքներ ստացել, այրվել: Փողոցները փակ էին կամ խցանված, պսևդո-հայրենասիրական երգերն ու ճառերը խլեցնում էին, պետական կառույցները փորձում էին արտակարգ իրավիճակից հնարավորինս արագ ու անվնաս դուրս գալու ելքեր գտնել, իսկ միակ սառնասիրտն ու սառնարյունը մեր հեռուստատեսությունն էր (կատարյալ դիակ):

Նրա համար կարծես գոյություն չուներ «breaking news» ասածը, որի անդադար ներկայացնումն ու շղթայակապ նորությունների լուսաբանումը հեռուստատեսության առաջնահերթ ֆունկցիաներից մեկն է: Ամենառաջին ֆունկիցիան, որի կատարումն է արդարեցնում ամենազանգվածային լրատվամիջոցի գոյությունը: Էլ ե՞րբ է պետք հեռուստատեսությունը, եթե ոչ նման արտակարգ իրավիճակներում:

Իհարկե, զուտ մարդկայնորեն շատ դժվար էր դիտել պայթյունի կադրերն ու հետևել մոլորված, շփոթված, ոչինչ չհասկացող մարդկանց, ում գլխներին էր թափվում փուչիկների հրկիզվող ու հալչող զանգվածը` բռնկելով նրանց մազերը, մաշկը, հագուստը:

Առավել ծանր էր տեսնել, թե ինչպես է հրապարակի բեմից թնդում հանուն հայրենիքի գրված գլամուրային-էստրադային երգը, երբ բառուս բուն իմաստով այրվում էին Հայաստանի տարբեր մարզերից մայրաքաղաք բերված աղջիկներն ու պատանիները:

Բայց մեր հեռուստատեսուրթյունը պապանձվել էր ոչ թե էթիկայի ու նրբանկատության, այլ իր լիակատար ինքնագրաքննության պատճառով:

Ալիքները չգիտեին ինչպես լուսաբանել մի դեպք, որը չի տեղավորվում սովորական քարոզչության շրջանակում (կամ էլ իրենց դեռ չէին ասել լուսաբանման թույլատրելի սահմանների մասին), այդ պատճառով էլ որոշել էին լռել ու շարունակել ցուցադրել քարոզչական հոլովակներն ու անիմաստ սերիալները: Եվ դա այն դեպքում, երբ Երևանում իսկական խուճապ էր...

«Հ1»-ը, «Արմնյուզը» «Արմենիան» իրենց հիմնական լրատվական թողարկումներում հպանցիկ նշեցին պատահարի մասին (առանց վիդեոհատվածի կամ էլ «Արմնյուզի» դեպքում`կարճ տեսաանդրադարձով), իսկ  հիմնական շեշտը դրեցին հիվանդանոց այցելած ու տուժածներին տեսած ՀՀ նախագահի կադրերի վրա: Դրանով կարծես ավարտվեց իրենց առաքելությունը: Իսկ ամենաանհեթեթը (հաշվի առնելով ցինիզմի աստիճանը) «Շանթի» «Հորիզոնն» էր:

Նախ լուրերի վարողը, պատկառելի տարիք ու վաստակ ունեցող անձը, պարզունակ ու խրոխտ ձայնով (կարծես ոչ մի արտառոց բան տեղի չի ունեցել) ուղղակի հայտնեց, որ փուչիկներ են բռնկվել, իսկ արդեն հաջորդ նյութում խոսվեց այն մասին, որ չնայած դժբախտ պատահարի` համերգ-հանրահավաքը շարունակվել է, մարդիկ էլ ոգևորությամբ երգեր են լսել ու ուրախացել:

Եվ այդ աբսուրդի հասնող ցինիզմի ֆոնին միակ աշխատող (այլ ոչ թե անհոդաբաշխ կմկմացող) ալիքը «Երկի մեդիան» էր, որն առավել մանրամասն ցուցադրեց պատահարի կադրերը, հրապարակեց տուժածների անունները, նրանց գտնվելու վայրն ու բժիշկների տեսակետները, ինչպես նաև`պատահարի վարկածները, իշխանությունների կողմից ձեռնարկած արտակարգ քայլերի ցուցակն ու թեժ գծի հեռախոսահամարը:

«Երկի մեդիան» ընդհատեց իր հաղորդումը հատուկ թողարկման համար, հետո նույնը արեցին «Հ1»-ն ու «Արմնյուզը», սակայն ինֆորմացիայի հրատապության ու կարևորության առումով մեր Հանրային հեռուստատեսությունը միևնույն է մի քանի քայլ ետ էր մնում:

Եվ դա այն դեպքում, երբ հեռուստաընկերության աշխատակիցներից շատերը գտնվում էին չարաբաստիկ հանրահավաքում ու հաստատ նկարահած են եղել և պատահարը, և բեմում կատարվածը:

Ի դեպ` հեռուտառեպոռտաժները դիտելով` այդպես էլ հնարավոր չէր հասկանալ արդյոք հրդեհից հետո համերգն ու քաղաքական ճառերը ընդհատվե՞լ են, թե՞ ոչ:

«Արմնյուզը» փորձեց ինչ-որ բան ասել, բայց մենք չհասկացանք: Չհասկացանք նաև, թե անմիջապես պատահարից հետո ինչ ասաց  բեմ բարձրացած ՀՀ նախագահը:

Հասկանալու համար պետք էր ինտերնետ մտնել ու տեսնել թե ինչպես են պլուսային ֆոնոգրամման ու շոումենների ձայնը հնչում այն պահին, երբ մարդիկ գետնին պառկած գալարվում էին:

Իհարկե, բոլորս էլ լավ հասկանում ենք, թե ինչու է մեր հեռուստատեսությունը դարձել դեկորատիվ մի տիրույթ, որի միակ ֆունկցիան ոչ թե կյանքը արտացոլելն է, այլ կյանքը զարդարելը: Հեռուստատեսությունը մեկ կենտրոնից է վերահսկվում, ու մինչ այդ կենտրոնը չի կողմորոշվել թե ինչպես կարելի է «զարդարել» աղետալի լուրը, էկրանը լռելու է: Իսկ հետո ասելու է միայն այն, ինչը հաճո է կենտրոնին:

Պարզապես զարմանալի է, թե ինչու այս իրավիճակը ինքն իրեն ոչ մի կերպ չի սպառում: Ոչ ոք լրագրողի լեզվի վրա կապանք չի դրել. նույնիսկ եթե լուրը հնարավոր չէ ամբողջական ներկայացնել, կարելի է այդ մասին խորիմաստ և ցուցադրաբար լռել (եթե ասենք, չհնազանդվելու խիզախություն չունեն), բայց ռեպորտաժը կառուցել միայն այն փաստի վրա, որ տուժածներին այցելեցին վարչապետն ու նախագահը, ոչ միայն անբարոյական է, այլև ծիծաղելի:

Եվ առաջին հերթին ծիծաղելի են դառնում հենց վարչապետն ու նախագահը, որոնք (այդպես է ստացվում) այցելում են հիվանդանոցները, բայց չեն էլ զրուցում անկողնում պառկածների հետ:

Իսկ հանդիսատեսի ուղեղի մեջ անընդհատ հարցեր են առաջանում`ինչո՞ւ են այդ մարդիկ հիվանդանոցներում հայտնվել, քանի՞սն են նրանք, ինչո՞ւ են վնասվել հիմնականում ընտրելու իրավունք չունեցող դեռահասները և վերջիվերջո, տուժածները անուն ունե՞ն թե՞ ոչ:

Մարդը (վնասված, այրված, վախեցած, չհասկացող ու չհասկացված) մեր հեռուստատեսության համար գոյություն չունի: Նա ընդամենը ֆոն է, որի անանուն լինելով է պայմանավորված մեր հայրենական հեռուստատեսության բարգավաճումը:

և հանրահավաքներում, և հիվանդանոցներում մարդիկ ընդամենը ստատիստներ են, որոնք  վայրենի բեմադրությունների են մասնակցում: Շատ դեպքերում` ոչ իրենց կամքով:

Նունե Հախվերդյան

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:

Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
 

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:
Լրացուցիչ տեղեկություններ ?