«Ինտերնետը հասել է գյուղ, բայց մարդիկ իրենց դեռ չեն զգում աշխարհի մաս»

26.04.2019, vox populi

Գյուղը դատարկվելուց փրկելու համար հավաքել եմ 1500 դոլար և Ամերիկայից եկել իմ ծննդավայր՝ Արծվաբերդ գյուղ:

Հեռավորության վրա խնդիրներն ավելի ցայտուն են երևում և ավելի պարտավորեցնում են, որ դրանք հանրայնացնելու միջոցներ գտնեմ: Գրելն իմը չէ, ռեպորտաժներ անելն իմը չէ, իմը ֆիլմ նկարելն է: Տասնյակ տարիներ եղել եմ թատրոնի բեմում որպես պրոֆեսիոնալ մնջախաղաց ու հասկացել՝ զգացածը տեղ հասցնելու համար մեծ դիտողականության արտադրանք է պետք:

Որոշեցի նկարահանել գեղարվեստական ֆիլմ, որը կլինի տպավորիչ ու գործողության մղող:

«Գերեզմանափորը» մահացող գյուղի մասին ֆիլմ է, որտեղ քահանան փակել է գյուղի եկեղեցին և գերեզմաններ է փորում: Նա շատ խանդավառված է իր գործն անում՝ սպասելով, որ դատարկված գյուղում նորածնի ճիչ կլսի: Հավատ ունի:

Ֆիլմում գյուղը փրկվում է ոչ թե կրոնի, այլ հավատի օգնությամբ: Կրոնը քիչ կապ ունի Աստծո հետ:

Հատուկ եմ այնպես արել, որ ֆիլմում արծվաբերդցիներ նկարահանվեն, որովհետև նրանցից լավ ոչ ոք չէր կարող համոզել, որ գյուղը մեռնում է, քանի որ մարդիկ հետաքրքրություններ չունեն, հեռանկարներ չեն տեսնում:

Նկարահանումների ընթացքը

Ուզում եմ իրականում էլ գյուղը փրկվի և ֆիլմն օգնի գյուղի բնակիչներին արթնանալ, ռեստարտ լինել: Նրանք պետք է հարմարվեն նոր իրողություններին և կապվեն աշխարհի հետ: Ոմանք ինձ սխալ են հասկանում, ես կենցաղ փոխելու մասին չեմ խոսում, թող քնեն 10-ին, արթնանան առավոտյան վաղ, դաշտ գնան, բայց իրենց աշխարհի մաս զգան:

Ինտերնետը հասել է գյուղ, մարդիկ լավ հեռախոսներ ունեն, համակարգիչ, բայց չգիտեն իրենց կարիքների համար դա ինչպես օգտագործել: Երևի խնդիրը օտար լեզուների վատ իմացությունն է: Կուզեի, որ դպրոցում դրան հատուկ ուշադրություն դարձնեին:

Այսօր ինտերնետին կպած հեռախոսն ամեն ինչ է, հաղորդակցություն, հաղորդակցության բազմազանություն, բիզնես սկսելու և ինքնակրթվելու հնարավորություն: Հեռուստաեթերը չի կարող այս հարցերով գյուղացուն պիտանի լինել, այն էլ տեղական հեռուստաարտադրությունը: Ռադիոն էլ այլևս պատից կախ չէ:

Գյուղում ինձ մոտ տպավորություն ստեղծվեց, որ 1970-ականների հնդկական ֆիլմերից հետո տեղեկատվական առումով ոչինչ չի փոխվել:

Ուզում եմ «Գերեզմանափորը» ֆիլմի ցուցադրությանը հետևի մեդիաարշավ դեպի սահմանամերձ գյուղեր: Դիտել եմ մի քանի լրատվական սյուժեներ, որտեղ սահմանամերձ գյուղերը ներկայացվում են հիմնականում հրադադարի խախտման, դժբախտ պատահարների կամ հայրենիքի գովերգման համատեքստում:

Կուզեի, որ լրատվամիջոցներն օգնեն գյուղերին՝ լուծել իրենց խնդիրները: Հաջողված պատմություններ ներկայացնելը լավ է, բայց ոչ բավարար:

Իհարկե, կարող է մի քիչ ռոմանտիկ թվալ, բայց սպասելիքներ ունեմ Ամերիկայի լսարանի արձագանքներից:

Ամերիկացիները քիչ են տեղեկացված աշխարհի մասին, սակայն սարսափելի հետաքրքրասեր են հատկապես իրենց կենցաղից տարբեր կենցաղի հանդեպ, անպայման ուզում են տեսնել, ծանոթանալ: Հետաքրքրասեր են հատկապես սննդի հարցում:

Այնտեղ կնայեն ֆիլմը, կհետաքրքրվեն և կցանկանան գյուղ գալ: Մենք նրանց մեզ հետ պետք է տանենք խաղող քաղելու, չորաթանի թան խմելու և տհալ ուտելու…

Ագրոտուրիզմը, որն այսօր արագ զարգացող զբոսաշրջային ուղղություն է, կարող է օգնել մեր գյուղին, անբնակ շատ տների դռներ կբացվեն, գյուղացին փող կաշխատի, հոգսերը կթեթևանան: Լրատվամիջոցներն այս թեմայով կարող են գրել, ցույց տալ, ոգևորել:

Հիմա մի քիչ ոգևորության մասին: Ֆիլմի նկարահանումների ժամանակ կադրեր էի դնում իմ ֆեյսբուքյան էջին ու բազմաթիվ արծվաբերդցիներ ինձ ընկերության առաջարկ էին ուղարկում: Եթե Ամերիկայում եղած ժամանակ մեր գյուղից երկու ընկեր ունեի, հիմա արդեն 1500 են: Նրանք շատացել են ու ակտիվացել:

Հարցնում են՝ ե՞րբ է լինելու ֆիլմի ցուցադրությունը, ի՞նչի մասին է այն, ե՞րբ է պլանավորվում հաջորդը: Ոգևորությունն իմ անձի շուրջ չէր, այլ ֆիլմի:

Համոզված եմ՝ ոգևորությունը գործողություն է դառնում, երբ այն հնարավորինս շատ է հանրայնացվում:

Արթուր Թումասյան,
Մնջախաղաց, ռեժիսոր

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:

Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
 

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:
Լրացուցիչ տեղեկություններ ?