2018.10.10,

Քննադատ

ARTsakh Fest. Հորինել հանդիսատեսին, որ հետո հանդիսատեսը դառնա իրական

author_posts/nune-hakhverdyan
Նունե Հախվերդյան
twiter

Լրագրող, արվեստի քննադատ

Լքված շենքերն ու տարածքները գրավիչ հարթակ են ժամանակակից արվեստի նախագծերի ներկայացման համար, քանի որ մի կողմից կա հուշ (շենքը պատմություն ու անցյալ ունի), իսկ մյուս կողմից՝ կա այն անհրաժեշտ դատարկությունը (շենքում ներկայում ոչինչ չի կատարվում), որը թույլ է տալիս, հարմարվելով եղածին, հորինել մի նոր իրականություն:

Հոկտեմբերի 5-7-ը Ստեփանակերտում անցկացված «Արցախ ֆեսթ» փառատոնը հուշի ու դատարկի հատման վայր էր դարձրել Վահրամ Փափազյանի անվան դրամատիկական թատրոնի շենքը, որտեղ յոթ տարի ոչինչ չէր կատարվում, վթարային վիճակ էր ու մի քանի շերտանի աղբի տակ թաքնված գտածոներ:

Ստեփանակերտի թատրոնի շենքը դանդաղորեն քանդվում է

Թատրոնն ընդհանրապես երկակի վիճակում է, այն ունի տնօրեն, թատերախումբ, խաղացանկ ու հյուրախաղերի գրաֆիկ, բայց ներկայացումները խաղում է մշակույթի պալատում, որը հարմարավետ ու հրապուրիչ չէ, իսկ պատմամշակութային հուշարձան համարվող շենքն իր ողջ հմայքով ու հիանալի ակուստիկ հնարավորություններով զրկված է որևէ մարդկային ներկայությունից ու հոգատարությունից:

Շենքի տանիքը վնասված է, և որպես դրա հետևանք՝ ցանկացած տեղումների ժամանակ ներսի պատերին, կահավորանքի բեկորներին ու թատերական բուտաֆորիային ավելանում են նոր սպիներ ու կորուստներ: Բացակայում է նաև եզակի կլոր բեմը, որի տախտակները հանվել են թատրոնի շենքից՝ մերկացնելով նկուղային հատվածը:

Ինչպես մարդն է թորշնում առանց սիրո, այնպես այս շենքն է դանդաղորեն կործանվում առանց հոգատարության:

Թատերական աֆիշ՝ արխիվից

Արվեստի համադրող Աննա Կամայը որոշեց քայլ անել ու նախաձեռնել թատրոնի շենքի վերագործարկումը՝ արվեստի մարդկանց, ստեփանակերտցիների ու Արցախի կառավարության մասնակցությամբ:

Աննա Կամայն ու Երևանի ժամանակակից արվեստի ինստիտուտի (ԺԱԻ) հիմնադիր, արվեստաբան Նազարեթ Կարոյանը նպատակ ունեին «Արցախ Ֆեսթի» միջոցով կարևորել թե՛ վայրը (շենքը), թե՛ միջավայրը (հարակից պուրակներն ու այգին), թե՛ հանդիսատեսին, որը կարող է միաժամանակ սպառող ու արարող լինել:

Փառատոնը ընտրել էր մի ձևաչափ, որը արվեստագետների ներկայությունը դարձրել էր առավելապես նրբանկատ ու զգուշավոր՝ առանց շոկային ակցիաների ու կտրուկ միջամտությունների: Հուշարձան-շենքի տարածքը նախևառաջ մաքրվել էր, դասավորվել ու լուսավորվել: Ու հետո լցվել բազմաժանր ինֆորմատիվ նախագծերով, որոնցից շատերը ունեին ցանցային տրամաբանություն: Այսինքն, վարպետության դասեր էին՝ պարի, նկարչության, լուսանկարչության, որոնք ենթադրում էին շարունակականություն:

Բայց առանցքայինը լույսն էր: Արտաքին ու ներքին լուսավորություն ունեցող շենքն արդեն իսկ հայտ է, որ այն անտեր չէ, իսկ որակյալ, դետալները շեշտադրող լուսավորությունը այդ հայտը դարձնում է ավելի հաստատուն՝ ընդգծելով, որ շենքը ոչ միայն անտեր չէ, այլև ինքաբավ արժեք է:

Իրականում փառատոնի գաղափարը հենց շենքի վերահանձնումն էր ստեփանակերտցիներին, որոնք պիտի նորից իրենց զգան սեփական թատրոնի տերը ու հոգ տանեն հետագայի համար:

Թատրոնի պուրակի դիմակների քանդակախումբը՝ աղբյուրով, որտեղ ջուր չկա

 

Մուտքի տոմս, որը պատճենում է թատրոնի խորհրդանիշը

Զուտ նյութական առումով՝ ավելի հիմնովին վերակառուցման մասին դեռ խոսք չկա, քանի որ ծախսերն են շատ, բայց եթե վերանորոգվի տանիքն ու փորձասրահը (որի նորոգումը պատրաստ է ստանձնել ԺԱԻ-ն), մնացած հարցերը կարող են կարգավորվել ժամանակի ընթացքում:

Եվ այս գեղեցիկ ու եզակի շենքը, որը վերջին անգամ վերակառուցվել է 1952 թվականին ու ղարաբաղյան պատերազմի տարիներին լրջորեն «վիրավորվել»՝ ծառայելով որպես ռմբապաստարան, կարող է նորից ապրել: Պարզապես պետք է, որ մարդիկ ելումուտ անեն, օգտագործեն տարածքն ու այնտեղ իրենց հարմարավետ զգան՝ զբաղեցնելով որոշակի տեղ:

Թատրոնի այս դահլիճը ԺԱԻ-ին պատրաստ է վերանորոգել

Հենց այդպես «Զբաղեցրու քո տեղը» կոչվող նախագիծ արեցին արվեստագետներ Սուսաննա Առաքելյանը (Հայաստան) ու Մարսել Մայերը (Շվեյցարիա), որոնք դահլիճի մուտքի մոտ ֆեյք տոմսեր էին տալիս ու հրավիրում գոյություն չունեցող ներկայացում դիտելու: Այցելուն սկզբից դառնում էր լուսանկար, հետո սոսնձվում բռնակին ու տեղ գտնում դահլիճում որպես գոյություն չունեցող միավոր: Ֆեյք հանդիսատեսը կարող էր նաև տեղաշարժվել, զբոսնել թատրոնով, տեղը փոխել:

Սուսաննա Առաքելյանը պարբերաբար թարմացնում էր հանդիսատեսի նմանականերին, որոնք օրվա վերջում շատանում էին:

Տեղը գտնելու ու զբաղեցնելու հրավեր

 

Սուսաննա Առաքելյանի նախագիծը

Հանդիսատեսին հորինելու արարողությունը շարունակել էր արվեստագետ ու ռեժիսոր Վահրամ Գալստյանը, որը թատրոնի պարտերում ստեղծել էր «383 հոգին» ինստալյացիան: Յուրաքանչյուր նստարանին ամրացնելով մեկական լամպ՝ նա ստացել էր պարզ ու ազդեցիկ արդյունք. քանի դեռ վառվում է լույսը (հանդիսատեսը դիտում է), գոյություն ունի նաև թատրոնը:

Թատրոնը՝ լինելով սինթետիկ արվեստ, հանգիստ կարող է գոյություն ունենալ առանց բեմի, դերասանների, ռեժիսորների, անգամ տեքստի, միակ բանը, առանց որի չի կարող, հանդիսատեսն է:

Եվ «Արցախ ֆեսթը» առաջին պլան է մղում հանդիսատես (համայնք, լսարան, մարդ) ունենալու անհրաժեշտությունը:

Ալի Անսարիի վարպետության դասը

Թատրոնի շքամուտքում Քենդի Չանի «Խոստովանություններ» ինտերակտիվ նախագիծն է: Մարդիկ մտնում են ընտրախցիկներն ու գրում իրենց գաղտնի մտքերը (հարցերը, ոգու ճիչերը, բողոքները և այլն), որոնք հետո գեղեցիկ կարմիր ժապավեններով ամրացվում են գրատախտակներին: Տագնապներն ու իղձերը մնում են անանուն, բայց դառնում են հանրային հայտարարություն:

Խոստովանելու վայրը Քենդի Չանի նախագծում

Խոստովանելու ու կապ հաստատելու պրակտիկան օրիգինալ կերպով շարունակել էր ամերիկացի ակտիվիստ ու արվեստագետ Լորա Արենան, որը փառատոնի օրերին համբերատար հավաքում էր մարդկանց նամակները՝ ուղղված իրենց նախնիներին, որպեսզի հետո դրանք թղթե ինքնաթիռների վերածի ու կապ հաստատի անցյալի հետ` «Սովորենք թռչել» նախագծում: Ինքնության որոնումները Լորա Արենայի հետազոտական մեթոդի հիմքում են, մանավանդ, որ ինքը սակավաթիվ հնդկացիների ցեղից է ու ուսումնասիրում է փոքր ազգերի դիմադրության սահմանները:

Լորա Արենան ու Արեգ Բալայանը հավաքագրում էին ուղերձները

Իրանցի Ալի Անսարին, որը նկարազարդել էր շենքի ներսի պատերը, վարպետության դաս արեց երիտասարդների համար, թե ինչպես է պետք պատկերն ու տեքստը ներկայացնել տարբեր մեդիաներում:

Թատրոնի արխիվի հետազոտություն է արել Էմմա Հարությունյանը, չնայած, որ շատ քիչ բան է պահպանվել (արկի պայթյունի հետևանքով թատրոնի արխիվի մեծ մասը վերացել է): Պահոցներից հանվել են ներկայացումների պաստառները, թատերական զգեստներն ու լուսանկարները ու դասավորվել շենքի տարբեր հատվածներում որպես անցյալի փոքր բեկորներ, դրվագներ, որոնք նոստալգիկ հուշեր են արթնացնում այցելուների մոտ:

Թատրոնի բուֆետը

Թատրոնը վերակենդանացնելու հետաքրքիր փորձեր էին հետկուլիսային սենյակների՝ գրիմանոցների, կարի արտադրամասի, պահակի սենյակի, տարբեր մանր ու ոլորապտույտ տարածքների ներկայացումը որպես ցուցանմուշ:

Շենքը միաժամանակ թանգարան էր ու կենդանի տարածք, որը բացվում էր լաբիրինթոսի նման, որտեղ լիքը ուրվականներ, կիսատ մնացած պատմություններ կան:

Եվ շատ երաժշտություն: «Արցախ ֆեսթը» հագեցած երաժշտական ծրագիր ուներ, տարբեր լսարանի համար ու տարբեր տեղերում:

Եթե պետք է ասել՝ իսկ ի՞նչ է արտադրում այս փառատոնը, ապա պատասխանը կարող է լինել մոտավորապես այսպիսին՝ այն արտադրում է մտահոգվելու ու խնամելու հաճույքը:

 

Նունե Հախվերդյան

 

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *