2020.04.14,

vox populi

#Կորոնամանիպուլյացիա

2019 թվականին մարդկությունը բախվեց մի նոր մարտահրավերի․ ի հայտ եկավ մինչ այդ անհայտ մի նոր վիրուս՝  SARS CoV-2, որը համավարակի պատճառ դարձավ։ Վիրուսը թեև նոր է, բայց պարզ է, որ մինչ դրա հայտնաբերումը մարդկությունը հասցրել է ահռելի գիտական տեղեկություններ ձեռք բերել մարդու օրգանիզմի, շրջակա միջավայրի, դրանց փոխազդեցության, օրինաչափությունների, կորոնավիրուսների և այլնի մասին։ Նոր կորոնավիրուսի տարածման այս մի քանի ամիսների ընթացքում գիտնականներին արդեն հաջողվել է մի շարք կարևոր տեղեկություններ ստանալ նաև այս նոր վիրուսի մասին։

Վերոնշյալ տեղեկությունների հիման վրա էլ մասնագետները փորձում են մոդելավորել, կանխատեսել վարակի ապագա ընթացքի պարամետրերը։ Հրապարակվում են խորհուրդներ՝ ուղղված ինչպես պետությունների բնակչություններին, այնպես էլ՝ պետությունների ղեկավարներին և այլոց։ Ցավալիորեն պետք է նշել, որ այս ամենն ուղեկցվում է քաղաքական, հոգեբանական, գիտական, մեդիա և այլ մանիպուլյացիաներով՝ դրանից բխող անցանկալի հետևանքներով։

Մեկ օրինակի վրա փորձենք ցույց տալ խնդրի ողջ ծավալը։ Համավարակի այս մի քանի ամիսների ընթացքում ընթերցողը ավանդական մեդիայում և սոցցանցերում հանդիպած կլինի ստորև բերված կամ դրա նմանությամբ ինֆոգրաֆիկաների, նույնաբովանդակ կարճ տեսանյութերի, լուրերի կամ թվերի՝ տարբեր լեզուներով։

Պատկերում, ինչպես տեսնում ենք, համեմատված են սեզոնային գրիպն ու COVID-19-ը,  բերված են գիտական հասկացություններ՝ իրենց սահմանումներով (R0 , ինկուբացիոն շրջան, հոսպիտալացում, մահացություն) և համապատասխան թվեր։

Այժմ հերթով անդրադառնանք դրանց։

Basic reproduction number (R0)

Ինֆոգրաֆիկայում R0-ի բացատրությունը կամ սահմանումն այսպիսին է․ «Քանի մարդու միջինում կվարակի մեկ վարակակիրը»։ Նախ սահմանումն ամբողջական չէ և պետք է լիներ «Քանի մարդու միջինում կվարակի մեկ վարակակիրը մարդկային պոպուլյացիայում, որի բոլոր անդամները ենթակա են վարակման», այլ կերպ՝ մարդկային պոպուլյացիայում, որի բոլոր անդամները ո՛չ բնական, ո՛չ էլ վակցինացիոն իմունիտետ չունեն։

Ընդ որում, խոսքը, նկատենք, այնպիսի իրավիճակի մասին է, երբ որևէ պրոֆիլակտիկ միջոցներ ձեռնարկված չեն։ Եվ որ ամենակարևորն է՝ R0- ն ամենևին էլ կենսաբանական հաստատուն չէ և դրա մեծությունը կախված է մի շարք գործոններից՝ մարդկային պոպուլյացիայի խտությունից, շրջակա միջավայրի պայմաններից և այլն։ Այլ կերպ՝ այդ թիվը վիրուսի կենսաբանական հատկանիշը չէ։

Ահա սա է պատճառը, որ, օրինակ, համավարակի ընթացքում ճամփորդության դուրս եկած Diamond Princess զբոսանավում այս կորոնավարակի  R0-ն մի հետազոտությամբ 14,8 էր գնահատվում։ Եթե սրան ավելացնենք այն, որ թիվը հաշվարկվում է մաթեմատիկական մոդելների հիման վրա, իսկ դրանք տարբեր են, և ստացվող արդյունքն էլ ըստ այդմ ու կախված այլ գործոններից տարբեր են, պարզ կդառնա, որ R0-ն ինքնին չի արտահայտում պոպուլյացիայի շրջանում վարակի տարածման արագությունը։ Ուստի ամենևին չարժե պարզ և սխեմատիկ պատկերացնել այդ թվի նշանակությունն ու էությունը, և առհասարակ լավ կլիներ հետագա դատողություններում մի կողմ թողնել այն։

Ինկուբացիոն շրջան

Ուրախությամբ նշենք, որ ինկուբացիոն շրջանի սահմանումն ինֆոգրաֆիկայում ճիշտ է ներկայացված՝ «վարակումից մինչև ախտանշանների արտահայտումն ընկած ժամանակաշրջան»։ COVID-19-ի ինկուբացիոն շրջանի վերաբերյալ այս պահին առկա հետազոտությունները բավական տարբեր են։ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը նշում է 1-14 օր, միջինում` 5 օր:

Վերը բերված ինֆոգրաֆիկան տարածել է ռուսական Дождь-ը՝ նշելով, որ աղբյուրը ամերիկյան Vox-ն է։ Օրիգինալ հրապարակման մեջ ներառված է վեցուկես րոպեանոց մի անգլերեն տեսանյութ, որում զուգահեռվում են Covid-19-ը ու գրիպը։ Տեսանյութում ասվում է․ «COVID-19-ով վարակվելու պահից մինչև ախտանշանների ի հայտ գալը սովորաբար տևում է հինգ օր, բայց կարող է տևել 12 և անգամ 14 օր։ Գիտնականները կարծում են, որ դուք կարող եք վարակիչ լինել [COVID-19-ի] ինկուբացիոն ժամանակաշրջանի մեծ մասի ընթացքում։ Գրիպը, համեմատության համար, ունի ընդամենը երկօրյա ինկուբացիոն ժամանակաշրջան։ Դուք հիվանդանում եք, շատ արագ ձեզ անառողջ եք զգում, և դուք գիտեք, որ վարակիչ եք։ Սա այն է, ինչին մենք սովոր ենք։ Բայց COVID-19-ն այլ է․ դու կարող ես վարակիչ լինել և տարածել վարակը շրջապատում մի քանի օր, ընդհուպ մինչև երկու շաբաթ, մինչև որ գլխի ընկնես, որ անառողջ ես»։

Տեսանյությում չեն հիշատակվում գիտնականները, որոնք կարծում են, թե մարդը կարող է վարակիչ լինել COVID-19-ի ինկուբացիոն շրջանի ընթացքում։ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը, համենայն դեպս, հայտնում է, որ «Ախտանշաններ չունեցող մարդուց COVID-19-ով վարակվելու ռիսկը չափազանց փոքր է»։

Բանն այն է, որ, ինչպես հայտնի է, COVID-19-ը փոխանցվում է շնչառական կաթիլների միջոցով, որոնք հայտնվում են վարակակրի շրջապատում հազալու կամ փռշտալու պատճառով, և եթե վարակակիրը գտնվում է ինկուբացիոն շրջանում և չունի ախտանշաններ՝ չի փռշտում, չի հազում և այլն, վիրուսն էլ իր հերթին բավարար քանակով չի բազմացել վարակակրի օրգանիզմում, այդ ինչպե՞ս պետք է վարակի այլոց։

«Թեև տեղեկություններ կան, որ COVID-19-ով վարակված որոշ հիվանդների մոտ վիրուսի արտազատումը տեղի է ունենում ախտանշանների ի հայտ գալուց 24-48 ժամ առաջ, այժմ ենթադրվում է, որ դա էական նշանակություն չունի վիրուսի տարածման հարցում»,- ասված է ԱՀԿ կայքում։

Ավելին` ուղիղ հակառակը. քանի որ

ա/ գրիպի գեներացիոն շրջանը (մի մարդու և մյուս մարդու վարակվելու միջև ընկած ժամանակահատված) կազմում է 3, իսկ COVID-19-ինը՝ 5-6 ,

բ/ գրիպի ինկուբացիոն շրջանն ավելի կարճ է,

գ/ գրիպի տարածման հիմնական գործոն է վարակի տարածումը հիվանդության առաջին 3-5 օրերին ու նախաախտանշանային հնարավոր տարածումը (վարակի փոխանցումը նախաախտանշային շրջանում), ուստի գրիպը կարող է տարածվել ավելի արագ, քան COVID-19-ը, ինչի մասին պարզ ասված է ԱՀԿ կայքում։

Մահա․․․ տերմինաշփոթ

Ինֆոգրաֆիկաների չորրորդ տողում բախվում ենք անճշտությունների ու շփոթի, որոնք շատ տիպիկ ու հաճախ հանդիպող են այս համավարակի ընթացքում։

Եվ այսպես, նախ հստակեցնենք մի քանի տերմին։

Case fatality rate (CFR) – որոշակի հիվանդությունից մահվան ելքերի տոկոսն ախտորոշված հիվանդների ընդհանուր թվից միավոր ժամանակում,

Infection fatality rate (IFR) – որոշակի հիվանդությունից մահվան ելքերի տոկոսը բոլոր  հիվանդների ընդհանուր թվից միավոր ժամանակում,

Mortality rate – տվյալ համատեքստում՝ որոշակի հիվանդությունից մահվան ելքերի տոկոսը բնակչության թվի համեմատ միավոր ժամանակում։

Թե ինչպես է ավելի ճիշտ թարգմանել այս տերմինները հայերեն կամ ռուսերեն՝ թող հուշեն լեզվաբանները, իսկ մենք փորձենք հասկանալ, թե վերջիվերջո ինչ թվեր են բերված ինֆոգրաֆիկաներում, որտեղից են դրանք ի հայտ եկել։

Ընթացիկ տարվա մարտի 3-ին Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրեն Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսը հայտարարում է, որ «Ամբողջ աշխարհում COVID-19-ի գրանցված դեպքերի  3,4%֊ը մահվան ելքով է։ Համեմատության համար՝ սեզոնային գրիպը սովորաբար սպանում է վարակակիրների 1%֊ից ավելի քիչ թվով մարդկանց»:

Իրոք, սեզոնային գրիպը սովորաբար սպանում է վարակակիրների 1%-ից ավելի քիչ թվով մարդկանց, բայց ԱՀԿ տնօրենն անթույլատրելի զուգահեռ է անցկացրել՝ համեմատելով սեզոնային գրիպի CFR-ը COVID 19-ի CFR-ի հետ։ Ինչո՞ւ անթույլատրելի։ Որովհետև սեզոնային գրիպը մարդկությանը հետապնդում է շատ վաղուց և անընդհատ։ Իրականացվել են բազում հետազոտություններ, և սեզոնային գրիպի CFR-ը հաստատված է այդ հետազոտություններով ու ըստ այդմ համընկնում է IFR-ի հետ։

Իսկ որտեղի՞ց է ԱՀԿ տնօրենը վերցրել COVID-19-ից մահացության 3,4%-ը։ Բանն այն է, որ Գեբրեյեսուսը վերցրել է այդ պահի դրությամբ՝ մարտի 3-ին պետությունների հայտնած՝ հայտնաբերված վարակակիրների թվերի հանրագումարը և հարաբերել է այդ թիվը պետությունների հայտնած՝ գրանցված մահերի թվին, և քանի որ այդ պահին աշխարհում առկա էր 93,016 վարակակիր և գրանցվել էր 3,202 մահ, նա ստացել է չարաբաստիկ 3,4% թիվը։ Այդպիսով, ԱՀԿ տնօրենը համեմատել է անհամեմատելին՝ սեզոնային գրիպի հաստատված CFR-ը համեմատել է COVID-19-ի մարտի 3-ի CFR-ի հետ այն դեպքում, երբ հիվանդությունը նոր է, վարակի գործընթացը՝ դեռևս անավարտ։

Եթե ԱՀԿ տնօրենը COVID-19-ի CFR-ը հաշվեր, օրինակ, ապրիլի 13-ին, երբ աշխարհում առկա էր ախտորոշված 1 միլիոն 872 հազար 916 մարդ և գրանցվել էր 116.038 մահ, ապա կստանար բոլորովին այլ թիվ՝ մոտ 6,2%։ Այնուամենայնիվ, բազմաթիվ լրատվամիջոցներ տարածեցին և շարունակում են տարածել լուրեր այն մասին՝ իբր COVID-19-ի մահաբերությունը կազմում է ընդհուպ մինչև 3,4%:

Թե որքան է կազմում COVID-19-ի IFR-ը՝ կիմանանք պոստֆակտում, բայց մի բան հստակ է՝ քանի որ հիվանդների ճնշող մեծամասնությունն աշխարհում դեռևս գտնվում է հիվանդության ընթացքի մեջ, CFR-ը որևէ դեպքում հիմք վերցնել չարժե։

COVID-19-ի մահաբերության մասին մոտավոր պատկերացում կազմելու համար անհրաժեշտ է յուրաքանչյուր պետության հրապարակած թվերն ուսումնասիրելիս նկատի ունենալ մի շարք հանգամանքներ՝ պետության ժողովրդավարության և թափանցիկության աստիճանը, բնակչության թիվը, խտությունը, իրականացված թեստերի քանակը, առողջացած և մահացած մարդկանց թվերի հարաբերակցությունը, COVID-19֊ի դեմ պայքարի որդեգրած ռազմավարությունը և այլն։

Արևմտաեվրոպական պետությունների թվերի հպանցիկ ուսումնասիրությունը (նկատի ունեցած կարանտինային յուրահատկությունները), ինչպես նաև վերոնգրյալ տեղեկատվությունը հիմքեր են տալիս մտածելու, որ COVID-19-ի մահաբերությունը էապես փոքր է 3,4%-ից։

Արթուր Մինասյան
Կրթությամբ բժիշկ, մասնագիտությամբ՝ լրագրող

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *