2020.02.21,

Խաչմերուկ

Փաստ + արվեստ = միտք

author_posts/nune-hakhverdyan
Նունե Հախվերդյան

Լրագրող, արվեստի քննադատ

«Հետևանքը՝ արտեֆակտ» (Consequence: Artefact) բազմաբնագավառ արվեստի նախագիծը, որը ներկայացվեց Երևանում 2020-ի սկզբին (իսկ Արցախում ավելի վաղ), այն նախագծերից է, որը հանդգնել է դիպչել պատերազմի, կորստի ու շարունակվող կյանքի մշտական բախմանը:

Այսինքն, ծայրահեղ էմոցիոնալ ու Հայաստանի դեպքում դեռևս չսպիացած հուշերի դաշտում կատարել իմաստային պեղումներ: Դա բավականին հանդուգն քայլ է, որը հեղինակները լարախաղացների պես փորձում են հավասարակշռել փաստի (վավերագրականի) ու սրտի (պաթոսի) միջակայքում՝ մերթ ընդգծելով, մերթ մեղմելով էմոցիաները:

Պատերազմը միշտ ունի կողմեր, զոհեր, արդարացումներ և հաղթողներ, բայց այն ունի նաև հետքեր, որոնք ամեն տեղ նույնն են: Այդ հետքերը երեք ստեղծագործողներ (Էդիկ Պողոսյան, Արեգ Բալայան, Հրայր Սարգսյան) միահյուսել են արվեստով։

«Հետևանքը՝ արտեֆակտ»-ը ներառում է ծավալային օբյեկտներ, ֆոտոպատմություններ և վավերագրական ֆիլմ, որը ստեղծագործական պրոցեսի արձանագրումն է ու մի քիչ էլ ավելի: Ֆիլմում ստեղծագործողները խոսում են իրենց զգացմունքների մասին, որոնք ցուցահանդեսում արդեն ընդգծված սակավաբառ են:

Արվեստագետ, դիզայներ Էդիկ Պողոսյանը Արցախի դաշտերից, լեռներից ու գյուղերից հավաքել է ժանգոտած մետաղյա ջարդոնները, վնասված կառույցների բեկորներ և դարձրել դրանք արվեստի օբյեկտներ: Այն ամենին, ինչը անպետք է կիրառական տեսակետից, հեղինակը ավելացրել է կախարդանքի չափաբաժինն ու տեղադրել ներկայի մեջ՝ որպես արվեստի գործ ու հետևանքի սիմվոլ:

Քանդակները դրված են ցուցասրահում այնպես, որ ոչինչ չի հիշեցնում դրանց նախնական նշանակության ու տեսքի մասին (ասենք՝ վառարան, օրորոց, կաթսա, մեքենայի թափք և այլն): Հիմա մետաղը նոր մի բան է, արտեֆակտ՝ մարդու գործունեության արդյունք, որը մեծ իմաստով անիմաստ է, բայց ունի մոգական նշանակություն:

«Հետևանքը՝ արտեֆակտ»-ում շատ ցայտուն է այդ հակադրությունը՝ պետքն ու անպետքը, շոշափելին ու հուշը, անցյալն ու անընդհատ անցյալին հանդիպելը ներկայում:

Պատերազմի հետքերն են, որոնք թե՛ բնապատկերում, թե՛ մարդկանց մարմիններում անընդհատ ստիպում են մտորել նյութի փխրունության ու նյութի դիմադրելու ունակության մասին: Հողն ու հիշողությունը, մարմինն ու մետաղը…

Նշանակություն չունի, թե ինչ նյութ է և որքան ժամանակ է նրան պետք փտելու, կորչելու, անէանալու համար: Կարևոր է, որ այն ձևախեղվել է ոչ իր կամքով:

Լուսանկարիչ-վավերագրող Արեգ Բալայանը ստեղծել է դիմանկարների շարք, որտեղ մեզ են նայում պատերազմի հետքերն իրենց մեջ կրող մարդիկ: Մարդիկ լուսանկարված են հենց այն վերացական օբյեկտների հետ, որոնք ոչ մի դեր չեն խաղում, բացի սիմվոլ լինելուց:

Կոնկրետ մարդիկ են կոնկրետ ճակատագրերով, անցած ուղով, տարբեր կորուստներով: Նրանց մասին տեղեկություն ստանում ենք ոչ թե երկար նախապատմություններից, այլ ծանոթանում ենք հպանցիկ, մի քանի շտրիխներով, մի քանի փաստային բեկորներով:

Արեգ Բալայանը առաջարկում է նայել իր հերոսներին վայրեկանական, հենց այս պահին գոյություն ունեցող դիմանկարների միջոցով: Անկրկնելի անհատն է ու աբստրակտ մետաղական իրը, որը չունի շանս կրկնվելու…

Սուբյեկտն ու օբյեկտը հայտնվում են մի մակերեսում, որն անչափ գեղեցիկ է:

Վերացական մետաղական կոնստրուկցիաները և չափազանց կոնկրետ մարդկային ճակատագրերը այս նախագծում կանգնում են կողք կողքի՝ փոխլրացնելով միմյանց ու լուռ հարցեր կախում դիտողի առջև: Շատ բարդ հարցեր, որոնք դուրս են պատեհապաշտությունից և պարունակում են ներգրավման մեծ լիցք:

Այդ հարցերից է, օրինակ, հենց պատերազմի գեղեցկությունը, գրավչությունը: Կամ՝ միտքը, որ կա ուժ, որը ստիպում է ամեն օր անթարթ նայել ապագային, երբ անցյալը ավերակ է, որը միշտ քեզ հետ է և որը չի անհետանա մի ակնթարթում: Փոխարենը ամեն վայրկյան կհիշեցնի՝ եղել է «մինչ» և «հետո»: Եվ դու դատապարտված ես այդպես ապրել: Մինչ աղետն ու աղետից հետո:

Մինչ կորուստն ու կորստից հետո:

Դու ինքդ ես հետևանքը՝ առանց ձեռքի, ոտքի, սրտի մեջ բեկորով, կուրությամբ կամ ջարդված մարմնով: Եվ մտքերով:

«Մենք չենք ուզում պատերազմ, բայց մեր ուշքը գնում է պատերազմի համար»,- Արեգ Բալայանի այս միտքը, որը նա ասում է նախագծի մաս կազմող ֆիլմում, ծայրահեղ իրավիճակ վերապրած մարդու խոսք է: Արցախյան հակամարտության տարբեր հետևանքներ նրա մեջ են: Դա թե՛ ֆիզիկական, թե՛ հոգեբանական այն փորձառությունն է, որը թույլ է տալիս նրան կառուցել «գեղեցիկ» պատերազմի մասին պատմություններ:

Եվ հենց դրա շնորհիվ է, որ նա չի փորձում դիտողին «վաճառել» իր հերոսներին՝ որպես ցնցող ու դրամատիկ պատմությունների հոմանիշ: Ընդհակառակը՝ էմոցիոնալ լարումը միտումնավոր մեղմանում է, երբ մեկ մարդը նույնանում է վերացական օբյեկտի հետ:

Ֆիզիկական մարմինը պատերազմի հետևանքների քարտեզ է (մարմնի մեջ ականի բեկոր է, կորսված  է աչքը, արհեստական է վերջույթը, սպիացած է մաշկը): Նման քարտեզ են նաև մետաղական կառույցները:

Լուսանկարները փոխանցում են բառերի մեջ չտեղավորվող ասելիքը, ինչպես օրինակ «Երեք եղբայր» լուսանկարը, որտեղ կադրում երկու տղա են:

«Հետևանքը՝ արտեֆակտ» նախագծում կա ճանապարհ դեպի խտացված հուզական դաշտ, հետո դրանից դանդաղ ազատագրում:

Շատ բան կախված է, թե երբ լսարանը կդիտի վավերագրական ֆիլմը, որի հեղինակ Հրայր Սարգսյանը պատմել է Արեգի ու Էդիկի ստեղծագործական պրոցեսի մասին՝ զուգահեռաբար մի քիչ ավելի ինֆորմացիա տալով լուսանկարների հերոսների մասին, քան դա կարող ենք ստանալ լակոնիկ ցուցահանդեսից:

Ֆիլմում մենք տեսնում ենք, թե ինչպես են աշխատում ստեղծագործողները, ընտրում, հրաժարվում ու համադրում իրականության շերտերը: Տեսնում ենք վիրավոր տարածքներն ու այդ տարածքում արվեստի նախագծի ծնունդը:

Եվ հաստատ չարժե, որ ֆիլմը դիտվի անջատ նախագծից, քանի որ կստացվի, որ կանցնենք հեղինակաների գծած ճանապարհի ընդամենը մի հատվածը: Ու չենք ազատագրվի էմոցիաներից քչախոս ցուցահանդեսային ֆորմատով:

Ֆիլմում լսում ենք էմոցիոնալ մտքեր, որ հետո դրանք սեղմենք, խտացնենք լուսանկարների մեջ ու վերջում՝ բաց թողնենք մաքուր ֆորմա դարձած քանդակներում:

«Հետևանքը՝ արտեֆակտ» նախագիծը բառերից ու նկարագրությունների ազատվելու մասին է նաև:

Ի վերջո, պատերազմը ձևափոխում է թե՛ կարծր մետաղյա իրերը, թե՛ մարդ էակի փխրուն մարմինը, թե՛ առավել փխրուն ու անորսալի մտքերը:

Մտքերի հոսքի հունը երբեմն պիտի փոխվի, որ զրոյանալը համարվի առաջխաղացում:

Պարզունակ պաթոսից ու աղետի շահարկումից զուրկ այս նախագիծը ուշադրություն է հրավիրում այն զգուշավորի ու արժեքավորի վրա, որը միշտ լուսանցքում է։

Այն հաճախ անհնար է արտահայտել տեքստով, բայց հնարավոր է արտահայտել արվեստով: Պատերազմի ձգողականությունն, օրինակ:

Շատ ինտիմ զգացում է, որը զննելը հետաքրքիր է:

Զոհ չես (չես ուզում լինել), զինվոր չես (արդեն չես ուզում լինել), պարզապես մարդ ես, որի մարմինն ու միտքը պատերազմում են ամեն օր, որ ստացվի քայլել, ուրախանալ, երազել:

«Հետևանքը արտեֆակտ»-ը դասական իմաստով վավերագրություն չէ, վավերագրությունը, փաստը ընդամենը մեկնարկ է ավելի բարդ խոսակցության:

Հեղինակները թույլ չեն տվել, որ փաստերն ու պատերազմի մեջ ներգրավված մարդիկ խոսեն իրենց անունից ու պատերազմի համատեքստը կառուցվի ինքնաբերաբար: Նրանք իրենք են կառուցում համատեքստը՝ բացատրելով իրենց արածն ու զգացածը հուզառատ մտորումներով: Ու տալիս բանալի, թե ինչպես հասնել հավասարակշռության՝ բաց թողնելով հույզերի կծիկները:

Արցախյան հակամարտության վկաները չեն պատմում, բացատրում ու նկարագրում:

Սա նախագիծ է, որի արժեքը խոսքից դեպի լռություն ընկած ճանապարհն է: Խոսելուց ազատվելը: Տեսնելը:

Ոչ թե վերամբարձ թմբկահարելը պայքարի ու հերոսների մասին, այլ զգուշորեն զննելը Արցախյան հակամարտության թողած հետքերը թե՛ բնության մեջ, թե՛ մարդկանց մարմիններում ու հուշերում:

Պատերազմի սարսափները միշտ ավելի սարսափելի են, եթե դրանք գեղեցիկ են:

Օրինակ, ինչպես ականներից վնասված մեքենայի տանիքը, որը  պահպանելով պայթյունի ստացած անցքերն ու ճեղքերը՝ դարձել է սեղան, որին կարող ես մոտենալ, նստել շուրջը, մի կտոր հաց ուտել:

Իհարկե, պարզ ու զգացմունքային տրասֆորմացիա է: Բայց այն շատ լավն է, քանի որ սեղանն է լավը: Սեղանը ֆիզիկապես այնքան գրավիչ ու գեղեցիկ է, որ ուզում ես այն լինի պարզ:

Եվ քանի որ «Հետևանքը՝ արտեֆակտ»-ը դարձել է տարբեր քննարկումների ու շարունակական զրույցների առիթներ, ուրեմն այն երկար կյանք կունենա:

Նունե Հախվերդյան


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *