2020.04.15,

Քննադատ

Արսեն Թորոսյանի խոսքի տարբեր երանգները մեդիայում

author_posts/gayane-asryan
Գայանե Ասրյան
facebook

Լրագրող

Վերջին շաբաթների ընթացքում Հայաստանի Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը դարձել է գլխավոր նյուսմեյքերը, քանի որ ի պաշտոնե հաճախ է խոսում համավարակի մասին: Նրա ասածները հիմք են շատ լրատվամիջոցների համար՝ սեփական լրահոսը կազմելիս: 

Բայց միշտ չէ, որ նախարարի խոսքը լսարանին է հասնում ուղիղ մեջբերումներով, ճիշտ ազդակներով և առանց կոնտեքստից կտրվելու: Երբեմն նրա խոսքերը գլխիվայր շրջվում են, աշխատանքը՝ ներկայացվում որպես անարդյունավետ գործ կամ տապալում, իսկ մտահոգությունները՝ անտեղի ուռճացված վտանգ:

Հաշվի առնելով, որ արտակարգ դրության օրերին քաղաքացիների մեծ մասը տանն է և կախված տեղեկատվական հոսքերից, առաղջապահությունը դառնում է այն գլխավոր թեման, որը ազդում է մարդկանց թե՛ վարքագծի, թե՛ մտքերի վրա:

Մարդկանց վարքագիծը կարող է կտրուկ փոխվել, դիմադրություն առաջանալ այն գործողությունների դեմ, որն այս պահին ձեռնարկում է Պարետատունը՝ կանխելու կորոնավիրուսի տարածումը:

Նախարարն ասել է, որ կորոնավիրուսն այդքան էլ վտանգավոր հիվանդություն չէ

Փետրվարի վերջին լրագրողների հետ ճեպազրույցում նախարարն ասաց, որ կորոնավիրուսը շատ վտանգավոր վիրուս չէ և առողջապահական հատուկ միջոցառումներ ձեռնարկելու կարիք չկա: Բացատրեց, որ հատուկ թիրախում են ծերերը, խրոնիկ հիվանդություններ ունեցող անձինք: Շատ լրատվամիջոցներ «Կորոնավիրուսը վտանգավոր վիրուս չէ» վերնագրով նյութեր տարածեցին:

Հետագայում Թորոսյանը ստիպված եղավ պարզաբանել իր ասածը, որ լրագրողները համատեքստից կտրել են իր միտքը: 

«Կորոնավիրուսը առավել վտանգավոր վարակների շարքում չէ, ինչպիսիք են ժանտախտը, էբոլան, խոլերան: Այն համարվում է շնչառական նոր վիրուս, որը փոքր-ինչ տարբերվում է նախկինում հայտնի, բայց միևնույն ժամանակ նման է հայտնի շնչառական վիրուսներին»,- պարզաբանեց նա:

Եղան լրատվամիջոցներ, որոնք խմբագրեցին նախկինում իրենց գրածը կամ օգտագործեցին ասուլիսից այլ հատվածներ՝ առանց այս թեմային անդրադառնալու:

Լավագույն դեպքում լրատվականները Թորոսյանի ասածը համադրեցին համավարակի միջազգային զարգացման հետ: 

Միաժամանակ եղան այսպիսի անդրադարձեր.  ԵՊՀ բանասիրական ֆակուլտետի 4-րդ կուրսի ուսանողը yerkir.am-ի համար հոդված գրեց՝ անելով հետևությունները․ «Մի կողմից ականատես ենք լինում աշխարհում կորոնավիրուսի տարածման ահագնացող չափերին և ձեռնարկվող գլոբալ միջոցառումներին, մյուս կողմից ՀՀ իշխանությունների՝ «արսենթորոսյանական» հանգստությանն ու այն տպավորությանը, որ կորոնավիրուսի կանխարգելման խնդիրը բնավ օրակարգի առաջնային հարց չէ»: 

Սա այն դեպքերից մեկն էր, երբ փորձ արվեց նախարարին ներկայացնել որպես ոլորտից ոչ գիտակ մարդ, որը չի տիրապետում իրավիճակին: Արհամարհական երանգը նմանատիպ նյութերում անպակաս է:

Նախարարն ասել է, դիմակ կրելը չի պաշտպանում վարակից

Մի քանի առիթներով նախարարն իսկապես ասել է, որ դեղատներում վաճառվող դիմակները չեն կարող մարդկանց պաշտպանել նոր ի հայտ եկած և դեռ լավ չուսումնասիրված կորանավիրուսից:  Թորոսյանը նման հայտարարության համար հիմք էր ընդունել Առողջապահության համաշխարահային կազմակերպության (ԱՀԿ) ցուցումը, որն այժմ փոխվել է:

Հետագայում նախարարն ԱԺ-ում հայտնեց, որ դիմակների ու ձեռնոցների առօրյայում կրելու նպատակը ինքնապաշտպանությունն է, քանի որ ձեռքով հաճախ ենք դիպչում դեմքին՝ քթին, բերանին, այտերին: 

Նա նաև խորհուրդ տվեց դիմակ կրել մարդաշատ վայրերում, երբ շրջապատված ենք հնարավոր վարակակիր առարկաներով: Սա նույնպես ԱՀԿ-ի խորհուրդն էր:

ԱՀԿ-ն ժամանակ առ ժամանակ թարմացնում է կորոնավիրուսի թեմայով տեղեկությունները՝ վարակի տարածման, կանխարգելիչ միջոցառումների, անձնական պաշտպանության և այլ խորհուրդների ու հորդորակների տեսքով: Բնականաբար, այդ կառույցը խմբագրում է ինքն իրեն՝ երբեմն անգամ հակասելով:

Նույնը անում է Հայաստանի Առողջապահության նախարարը: Այս դեպքում խմբագրումները արվում են մեզ ոչ թե միտումնավոր մոլորեցնելու, այլ ներկա իրավիճակի թելադրանքից ելնելով:

Բայց քանի որ լրատվական դաշտում ընդունված է պաշտոնյաներին, և ընդհանրապես ազդեցություն ունեցող մարդկանց, խոշորացույցով զննել ու  մեղադրել նրանց անփութության և ոչ պրոֆեսիոնալիզմի համար, դիմակների թեման շահարկվեց շատ երկար ժամանակ:

Օրինակ, Պարետատան վերջին ասուլիսի ժամանակ նախարարին հարց ուղղեցին, թե արդյո՞ք նա չի պատրաստվում ներողություն խնդրել դիմակների հետ կապված տեղեկատվության համար:

Նախարարն ասել է, որ վիրուսը Հայաստանում անվերահսկելի է

Նույն ասուլիսի ժամանակ նախարարն ասաց, որ վարակի տարածման օջախները Հայաստանում շատացել են և այս իմաստով վերահսկելի չեն: Նախկինում մի քանի օջախ կար, և այնտեղից դեպքեր հայտնաբերելը հեշտ էր, հիմա հայտնաբերվում են իրար հետ ոչ փոխկապակցված տարբեր օջախներ:

Վրաստանյան «Ռուսթավի-2»-ը, օգտագործելով նախարարի այս հայտարարությունը, գրեց, որ կորոնավիրուսը Հայաստանում այլևս վերահսկելի չէ: 

Նախարարի մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը հայ-վրացական մեդիա հարթակով պարզաբանեց, որ նախարարի խոսքն աղավաղվել է․ 

«Վիրուսի շրջանառությունը որպես այդպիսին դուրս է եկել վերահսկողությունից» ասածը կապված է ոչ թե դեպքերի ու աղբյուրների հետ, այլ այն բանի, որ եթե նախկինում ունեինք առանձնակի օջախներ, ապա այժմ գրանցվում են առանձին այլ դեպքեր։ Ուստի, նշել, թե «Մենք այլևս չենք կարող վերահսկել վիրուսի դեպքերի տարածումը» չի համապատասխանում իրականությանը»:

Թորոսյանի հայտարարություններն, իհարկե, կարող են ներկայացվել տարբեր տեսանկյուններից թեկուզ այն պատճառով, որ նա հաճախ է խոսում, իսկ համավարակի ու ինքնամեկուսացման իրավիճակում բոլորս սպասում ենք հեղինակավոր կարծիքի և վստահում ենք առաջին հերթին պաշտոնական տեղեկատվությանը:

Եվ եթե նախարարն ինքն է պարզաբանում իր նախորդ ասածն ու շտկումներ անում անընդհատ փոփոխվող իրավիճակում, դա ևս ապացույց է, որ շտկումները անհրաժեշտ են բոլորիս:

Թերևս պատասխանատու լրատվամիջոցը դա գիտե: Իսկ ոչ այնքան պատասխանատու լրատվամիջոցին միևնույն է, թե ինչ է հաղորդում: Կարևորը, որ լինի հեշտությամբ կառուցված սկանդալային մեղադրանք, թե իրավիճակը վերահսկելի չէ, իսկ նախարարը՝ սխալական: 

Մյուս կողմից՝ անձամբ Արսեն Թորոսյանն ու իր հանրային կապերով զբաղվող թիմը, իհարկե, տեղյակ են, որ հատկապես այս շրջանում նախարարի ասածները մանրադիտակով զննելու ու կոնտեքստից դուրս ներկայացնելու վտանգներ կան։ 

Հետևաբար հանրային խոսքի նկատմամբ առավել ուշադիր լինելն ու լրագրողների բոլոր հարցումներին մանրամասն, սպառիչ ու համբերատար պատասխանելը կօգներ ու կօգնի հեռու մնալ տարընթերցումներից ու ոչ այնքան հիմնավոր մեղադրանքներից։ 

Գայանե Ասրյան

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *