ԵՄԱ-ն՝ հեռուստատեսային քարոզարշավի երկու խնդրի մասին

14.04.2017, Նյուսրում

Լրագրող

Երևանի մամուլի ակումբն (ԵՄԱ) առանձնացրել է 2017թ. ԱԺ ընտրությունների քարոզարշավի լուսաբանման երկու խնդիր: Առաջինը՝ ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի տարածքային թեկնածուների եթերաժամանակի խնդիրը, երկրորդը՝ քաղաքական եթերում երեխաների օգտագործման հարցը:

Ինչպես լուծել տարածքային թեկնածուների լուսաբանման հարցը

Քարոզարշավին տարածքային ցուցակով առաջադրված թեկնածուները հավասար լուսաբանման հնարավորություն չեն ունեցել: «ՀՀ Ազգային ժողովի 2017թ. ընտրությունների լուսաբանումը Հայաստանի ԶԼՄ-ներում» թեմայով կոնֆերանսի ժամանակ ԵՄԱ նախագահ Բորիս Նավասարդյանը նշեց, որ մինչև հաջորդ ընտրությունները օրենքում պետք է կարգավորումներ անել: Հակառակ դեպքում, եթերում այս թեկնածուները չեն կարող հանդես գալ որպես անհատ թեկնածուներ և խոսել իրենց ծրագրերի մասին:

«Հեռուստաընկերությունների կողմից եթերաժամանակի սղությունը  պատճառաբանություն չէ, որ այս խնդիրը մնա առանց կարգավորման»,-ասում է Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը՝ ամփոփելով քարոզչական շրջանի հեռուստատեսային լուսաբանումը:

ԵՄԱ-ն առաջարկում է, որ տարածքային թեկնածուները եթերում հանդես գան միայն կուսակցության անունից և խոսեն կուսակցության կամ դաշինքի անելիքներից: Նրանց էլ եթեր գործուղի քաղաքական ուժը:

«Որոշ անհատ թեկնածուներ այնուամենայնիվ եթեր ունեցան՝ մնացած թեկնածուների հանդեպ առավելության հասնելով: Հանրային հեռուստաընկերության լրատվականում ներկայացվեց տեսանյութ 3 բժիշկների մասին, ովքեր առաջադրված էին տարածքային ցուցակով: Թեև լրագրողն ասում էր, որ նրանք ՀՅԴ-ից են, սակայն տեսանյութում վերջիններս խոսում էին ընտրվելու դեպքում իրենց անելիքների մասին»:

Նավասարդյանի խոսքով, անցած ընտրությունների արդյունքներից դատելով ոչ թե կուսակցություններն ազդեցին տարածքային թեկնածուների վարկանիշի վրա, այլ թեկնածուները նպաստեցին իրենց կուսակցությունների հաջողությանը:

70 հեռուստանյութում օգտագործվել են երեխաներ

Հեռուստաընկերությունները քարոզչության մեջ օգտագործել են երեխաների պատկերներ: Ակումբն իր դիտարկած հինգ ալիքներում առանձնացրել է 70 հեռուստանյութ:

«Տեսանյութերում երեխաները ծաղիկներ են նվիրում, պաստառներ են պահում և գրկախառնվում: Իհարկե դա քարոզարշավի կազմակերպիչների մեղավորությունն է, սակայն առանձին հեռուստաընկերությունների մոտ նկատել ենք, որ նույն միջոցառման ժամանակ երեխաների հատվածը բացակայում է՝ մոնտաժված է»,- նշում է ակումբի նախագահը:

Ըստ Բորիս Նավասարդյանի այս խնդիրը ևս պետք է ուշադրության կենտրոնում պահել, քանի որ քարոզարշավի ժամանակ երեխաների օգտագործում օրենքի խախտում է. «Հիմնականում դա արվում է միտումնավոր, քաղաքական ուժերի կամ անհատ թեկնածուների հանդեպ վերաբերմունք ձևավորելու համար»:

Գայանե Ասրյան

Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
 

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:
Լրացուցիչ տեղեկություններ ?