2013.09.11,

Քննադատ

Լրագրողը նաեւ զինվոր է

author_posts/nune-hakhverdyan
Նունե Հախվերդյան
twiter

Լրագրող, արվեստի քննադատ

Երբ հայտնի դարձավ, որ ՀՀ նախագահը Մոսկվայում Մաքսային միություն մտնելու ցանկություն ու պատրաստակամություն է ցուցաբերել, հեռուստատեսությունը սկզբում զգուշավոր, իսկ հետո ակտիվորեն լծվեց այդ ցանկությունը հիմնավորելու ու որպես խոհեմ եւ հեռատես ուղի ներկայացնելու գործին: Իսկ դա ամենից լավ արվում է ոչ միայն պաշտոնյաների, այլեւ հստակ ուղղվածություն ունեցող փորձագետների օգնությամբ, որոնք ոգեւորությամբ խոսում են խոհեմության, հեռատեսության ու կամքի մասին այն պահերին, երբ դա իրենցից պահանջում է պատմական պահը:

Հեռուստաեթերը ռազմավարական տարածք է, որը թեեւ կորցնում է իր լսարանը, սակայն շնորհիվ այն բանի, որ միշտ առաջ է տանում նույն գիծը (առանց երկընտրանքի, բանավիճային ու վերլուծական ֆորմատների), շարունակում է մոնոլիտ ու ամուր տարածքի պատրանք ստեղծել: Եվ ուրեմն, փորձագետների տիպարներն էլ պետք է նույնը լինեն՝ հստակ տարբերակելով պոզիտիվը (որոշակի տեսակետից) ու նեգատիվը (մնացած այլ տեսակետներից):

Մաքսային միությանը միանալու միտքը որպես պոզիտիվ որոշում ներկայացնելու ջանքերը այնքան շատ են մեր եթերում, որ սպառնում են սասանել ամուր պատնեշված տիրույթի համբավ ունեցող մեր հեռուստատեսությունը:

Նույնիսկ այն մարդու մոտ, ում ինֆորմացիայի միակ աղբյուրը հեռուստատեսությունն է, հարցեր կառաջանան եթերից հնչող ռեպորտաժների վերաբերյալ, քանի որ եթերում հիմնականում խոսվում է Մաքսային միությանը միանալու տնտեսական, քաղաքական, հումանիտար շահավետության (նաեւ ազգային շահի) մասին, սակայն այդպես էլ ռացիոնալ չի ներկայացվում, թե որն է այդ շահը:

Իհարկե, վտանգների, ծուղակների ու կորուստների մասին ներկայիս մեր հեռուստատեսությունը չի բարձրաձայնի (դա լավ անում է ցանցային մամուլը), բայց «շահ» կոչվածը գոնե պետք է խելքին մոտ ներկայացվի: Ինչը, համաձայնեք, բարդ է:

Խոշոր միջպետական պայմանագիր ստորագրելու որոշումն առնվազն ավելի տրամաբանական (ոչ պոպուլիստական) կարելի է ներկայացնել, քան ասենք այս ռեպորտաժը, որն սկսվում է մի պնդումից, թե Մաքսային միությանը միանալով՝ Հայաստանը կարող է էժան գազ ստանալ: Լրագրողն առանց կասկածի ասում է, որ դա ռուս տնտեսագետների կարծիքն է, սակայն մեջբերում է մեկին եւ ոչ հայտնիին, իսկ հետո պատմում, որ սպասվելիք գազի էժանացումից հետո կնվազեն ապրանքատեսակների գները, ֆինանսները կհոսեն Հայաստան, նոր հորիզոններ կբացվեն, եւ այլ ուրախ բաներ տեղի կունենան: Իսկ որպես ռեպորտաժի կիզակետ՝ մեջբերվում է կարծիք, որ այս ամենից հետո ավելի արդյունավետ կդառնա մենաշնորհների դեմ պայքարը: Մի խոսքով՝ դրախտ կսկսվի:

Դրախտային ուղղվածություն ունեն նաեւ «Արմենիա» հեռուստաընկերության լուրերը: «Ժամ»-ի թողարկման առաջին ռեպորտաժում, օրինակ, լրագրողն ուրախությամբ հայտնում է մարդկանց ու ապրանքների մոտալուտ ազատ շրջանառության մասին եւ մեջբերում փորձագետներին (այս դեպքում մեկը քիչ ծանոթ հայախոս, մյուսը՝ քաջ ծանոթ ռուսախոս քաղաքագետների): Մեկը «անվտանգային հարցերից ելնելով» է դիտարկում Մաքսային միությանը անդամակցելու որոշումը՝ կրկին խոսելով գազի գնի նվազեցման, դրական ազդակների մասին: Իսկ մյուսը հայտնում է, որ այդպես էլ պետք է լիներ: Ռեպորտաժն ավարտվում է զվարթ նոտայով. վտանգներ չկան, եվրոպական պատուհանը չի փակվել: Կրկին՝ դրախտային իրավիճակ…

Ինչպես հայտնի է, դրախտ գնում են հաճույքով ու կամովի… Էլ ի՞նչ ստիպելու մասին է խոսքը:

Հանրային հեռուստաընկերությունը Մաքսային միությանը ճարահատյալ ու ճնշումների տակ մտնելու վարկածը հակակշռում է եվրոպական ճնշումների ակնարկով (կրկին մեջբերվում են նրանք, ովքեր էքսպերտի կարգավիճակ ունեն ու ճիշտ պահին մամուլի ասուլիսներ են հրավիրում):

«Հ1»-ը փորձում է համոզել, /3-9 րոպեներ/ որ ոչ մի ճակատագրական ընտրություն չի էլ եղել, եւ Մաքսային միության կազմում Հայաստանի ապագան տեսնելը հերթական առօրյա որոշում է եւ ոչ թե եվրոպական համագործակցությունից հրաժարում: Կոչ է արվում «թեւաթափ չլինել», «չհուսահատվել», «նիհիլիզմի գիրկը չընկնել» ու հավատալ եվրոպական ու եվրասիական ուղիների համատեղմանը: «Ընդամենը պետք է լրացուցիչ ջանքեր գործադրել»,- եզրակացնում է հեռուստալրագրողը:

Չհուսահատվելու, հավատալու կոչին ի սրտե արձագանքողն անգամ էլ չի փարատի այն կասկածները, որ Մաքսային միությունն ավելի շատ խնդիրներ, քան խնդիրների լուծումներ է իր հետ բերելու: Իսկ խնդիրներից շատերն անգամ ձեւակերպված էլ չեն:
Մեր հեռուստալրագրությունը, արժանահավատ փաստերի պակասն անվերջ փոխարինելով զվարթ ու վստահ հնչերանգներով, իմաստուն կոչերով ու ապագա կառուցելու խոստումներով, զարմանալի արխաիզմ է դիտվում: Սովետական միության խաղի կանոնները (իմաստուն ղեկավարին ու իշխող կուսակցությանը փառաբանելը, լուսավոր վաղվան ապավինելը, ջանասիրաբար հավատալը) մի թիզ անգամ չեն փոխվել, միայն նոր որակ ու գույն են ստացել:

Հիմա, թերեւս, այն պահն է, երբ մեր իրականությունն ու հեռուստալրագրությունը լրիվ համապատասխանում են իրար: Երկուսն էլ գնում են դեպի Մաքսային միություն՝ չկարողանալով հիմնավորել, թե ինչու:

Եվ պատահական չէ, որ ռեպրեսիվ, գաղափարախոսական կայսրության մեջ համատեղ ապրելու փորձ ունեցող մարդիկ Մաքսային միությունը ասացիացնում են ԽՍՀՄ-ի հետ, որտեղ լրատվական դաշտում աշխատողներին անվանում էին «գաղափարախոսական ռազմաճակատի զինվորներ»:

Սովետական լրագրողից առաջին հերթին պահանջվում էր իշխանական գծի անշեղ տարածում, քանի որ ընդունված էր համարել, որ ռազմի դաշտն ամենուր է, իսկ թշնամիները միշտ զգոն ու հակահարված հասցնելու մոլուցքով լցված:

Եվ հիմա, երբ Հայաստանն արդեն 20 տարվա անկախության ու ինքնիշխանության փորձ ունի, իսկ ինֆորմացիայի խողովակը միակը չէ, կարելի է նկատել, որ զինվոր-լրագրողները ոչ մի տեղ էլ չեն կորել, գաղափարախոսկան սովետական գենը դեռ կենդանի է: Անգամ եթե հեռուստալրագրողը անկախ Հայաստանի հասակակիցն է ու Սովետ չի տեսել, նա վճռականությամբ ու ավյունով է անում զինվորի գործը, այն է՝ պաշտպանում է գիծը: Միակ գիծը:

Նունե Հախվերդյան

Հ. Գ. Տարիներ առաջ, երբ աշխատում էի ռադիոյում, մարդիկ հաճախ զանգահարում էին ու դժգոհում, որ հաղորդումներում երկու կամ ավելի կարծիք է հնչում: Նրանք պահանջում էին, որ տարբեր դիրոքորոշումներ ներկայացնելու փորձերին վերջ տրվի ու կրկին, ինչպես սովետական տարիներին, հնչի միայն մեկը: Հիմնական պատճառաբանությունն այն էր, որ ճիշտը մի հատ է: Եվ այս պնդումը կարծես շուտով նորից կտարածվի Հայաստանի Հանրապետությունով, իսկ մենք կմտնենք Մաքսային միություն:

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *