Ֆեյսբուքն ու վարորդների իրավունքների պաշտպանությունը

19.05.2017, Նյուսրում

Լրագրող

Չորս տարի առաջ Ֆեյսբուքում ստեղծված «Ճանապարհային Ոստիկանություն և Կարմիր գծեր» խումբը դարձել է վարորդների իրավունքների պաշտպանության ամենամեծ սոցիալական հարթակը Հայաստանում:

Խումբը վարորդների իրավունքների շահերի պաշտպանության շուրջ միավորել է վարորդներին ու իրավաբաններին: Յուրաքանչյուր օր մի քանի տասնյակ վարորդներ Ճանապարհային ոստիկանության կամ քաղաքապետարանի կողմից կազմված վարչական վարույթներ են քննարկում խմբում:

Վարույթների մի մասը բողոքարկվում է խումբը համակարգող իրավաբանների աջակցությամբ:

«Ճանապարհային ոստիկանություն և կարմիր գծեր» խումբը հիմնադրել է բնապահպան-փորձագետ Արման Վերմիշյանը: Առաջին անգամ կարմիր գծերի ներսում կայանել-չվճարելու համար վարչական վարույթի մասին ծանուցում ստանալով, Վերմիշյանն ուսումնասիրել է օրենսդրությունը, բողոքարկել որոշումը, բողոքարկման նիստն ամբողջությամբ տեսագրել: Հաղթած բողոքարկումից հետո ստեղծել է ֆեյսբուքյան խումբը՝ օրենքին հակասող վարույթները բողոքարկելու հարցում այլ վարորդների նույնպես օգնելու նպատակով:

«Խմբի նպատակն առաջին հերթին այն է, որ վարորդները կիսվեն իրենց փորձով: Որպեսզի հնարավոր լինի ոստիկանության և քաղաքապետարանի սխալ ակտերը բողոքարկել: Այս պարզ բանն էր ֆեյսբուքյան խմբի ստեղծման հիմքում»,- պատմում է Արման Վերմիշյանը:

Խմբի անդամների թվի մեծանալուց հետո բողոքարկումների ժամանակ պետական մարմինների հետ նամակագրությանը պաշտոնական բնույթ տալու նպատակով ստեղծվել է «Վարորդի ընկեր» հասարակակն կազմակերպությունը,:

«Վարորդի ընկեր» գրասենյակն անվճար օգնում է կարգապահ վարորդներին իմանալ պարտականությունները, ձեռք բերել անարդար տուգանքների դեմ գրագետ կազմած բողոքարկման ձևեր, ծանոթանալ երթևեկության փոփոխություններին և այլն։ Հնարավարության դեպքում փաստաբանական ներկայություն է ապահովվում դատական նիստերին:

Բողոքները՝ սկսած խախտումների քննարկումից, անօրինական արձանագրություններից, սկսվում է ֆեյսբուքյան քննարկումներից:

Դժվար է հաշվել, թե ֆեյսբուքյան այս մեկ խմբի միջոցով վարորդները քանի անհիմն վարչական վարույթ են բեկանել, խնայելով առնվազն մի քանի տասնյակ միլիոն դրամ:

Այսօր արդեն, «Ճանապարհային ոստիկանություն և կամրմիր գծեր» խմբի կազմում կա ավելի քան 17 հազար բաժանորդ, որոնց մի մասը, ըստ Արման Վերմիշյանի, բացահայտ կամ ծածուկ ոստիկանության և քաղաքապետարանի աշխատակիցներ են, որոնք հետևում են խմբի գրառումներին, հասկանալու համար իրենց իսկ համակարգի խնդիրները: Ստացվում է՝ «Ճանապարհային ոստիկանություն և կարմիր գծեր» խումբը որոշակի առումով նաև քաղաքականություն է թելադրում:

«Որակ է փոխվել: Համակարգը կարծես թե հասկացել է, որ սխալ ակտերը, մեկ է, բողոքարկվելու են: Փոխվել է նաև տեսուչների պահվածքը: Ամեն տեսակի անտրամաբանական ակտեր չեն կազմում, որովհետև բողոքարկումներից հետո նկատողություններ են ստացել վերադասից»,- ասում է Վերմիշյանը:

Գոյություն ունի կազմակերպությանն անդամակցելու հնարավորություն:

Արմանի խոսքով՝ ֆեյսբուքյան խմբում ներգրավված ավելի քան 17 հազար անդամների մեծ մասը կազմակերպությանն անդամագրված չեն: Իսկ անդամագրվելն անհրաժեշտ է առաջին հերթին վարորդներին, քանի որ այդ դեպքում կազմակերպությունը պատասխանատվություն է ստանձնում իրացնել վարորդների ընդդատյա կամ արտադատական պաշտպանությունը:

Իսկ անդամավճարների շնորհիվ՝ ինքնաֆինանսավորմամբ գործող կազմակերպությունը ֆինանսական կայունություն է ապահովում:

«Վարորդի ընկեր» կազմակերպության նախագահը Տիգրան Քեյանն է: Նա ասում է, որ վերջին մեկ տարվա ընթացքում միջինը 1500 որոշում է բողոքարկվել դատարանում: 300 որոշման գործով կազմակերպությունը հասել է հաղթանակի, մոտ 150՝ արագաչափերի գործով, պարտվել է, մնացած ավելի քան 1000 հայցադիմումը դեռևս դատաքննության փուլում է: Իսկ կարմիր գծերի բողոքարկումների 95 տոկոսը վերադասության կարգով բեկանվել են:

Նախաձեռնող խմբի առաջ նպատակ է դրված մի քանի տարուց ունենալ գրեթե առանց խախտումների երթևեկություն, քանի որ վարորդներն օրեցօր, խմբի քննարկումների արդյունքում, կոնկրետ օրինակների հիման վրա, ավելի լավ են սովորում իրենց իրավունքներն ու պարտականությունները:

Կազմակերպությունն ունի պաշտոնական կայք՝ Tuganq.am, որտեղից հնարավոր է ներբեռնել ակտերի բողոքարկման ձևաթղթեր, ընթերցել խորհուրդներ, դիմել իրավաբաններին, ստանալ պաշտպանություն:

 

Գագիկ Աղբալյան

Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
 

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:
Լրացուցիչ տեղեկություններ ?