Խորհրդարանական ընտրությունները օնլայն հարթակներում. հետազոտություն

18.05.2017, Նյուսրում

Լրագրող

Հայաստանի բնակչության 1/3-ից ավելին, շուրջ մեկ միլիոն մարդ գրանցված է Ֆեյսբուք սոցիալական ցանցում:  

«Հայաստանի օնլայն մեդիան և ֆեյսբուքյան հարթակները 2017 թ. խորհրդարանական ընտրություններում» հետազոտությամբ «Ռեգիոն» կենտրոնը պարզել է օնլայն տարածքում ընտրական գործընթացների առանձնահատկությունները:

Հետազոտության համար ընտրվել են 7 օնլայն հասարակական-քաղաքական ուղղվածության լրատվամիջոց (1in.am, News.am, Tert.am, Aravot.am,168.am, Lragir.am, Armlur.am), որոնք ռեյտինգային են և ունեն մեծ լսարան։ Համաձայն հետազոտության այդ լրատվական կայքերի  ամսական հաճախումների քանակը ընտրական փուլի նախօրեին տատանվում էր 770 000-ի (Lragir.am) և 10 մլն-ի տիրույթում (News.am)։

Կենտրոնը պարզել է, որ պաշտոնական ընտրարշավի ընթացքում հրապարակված նյութերում թեմաների ռեյտինգը մեծ փոփոխություններ չի կրել: Առաջին անգամ հայաստանյան ընտրական գործընթացների պատմության մեջ ղարաբաղյան հակամարտության թեման գրավել է 1-3-րդ հորիզոնականները։ Փոխարենը քիչ է խոսվել Սփյուռքի, բնապահպանության, առողջապահության, մշակույթի/տուրիզմի մասին։

Ընտրարշավի վիզուալիզացումը օնլայն մեդիայում

Օնլայն լրատվամիջոցներից մի քանիսը ընտարարշավը լուսաբանել են տեսանյութերի էական չափաբաժնով` ներկայացնելով ընտրողների հետ տարբեր բնակավայրերում ուժերի հանդիպումները, հարցազրույցները, նրանց մասնակցությամբ քննարկումները:  

«Թերևս ոչ մի անգամ օնլայն մեդիայում չեն երևացել սովորական քաղաքացիների այդքան դեմքեր ու չի հնչել այդքան ուղիղ խոսք, որքան այս անգամվա ընտրարշավի ընթացքում»,- փաստում են հետազոտողները։

Ընտրարշավի վիզուալիզացման շնորհիվ կարելի էր տեսնել տարբեր բնակավայրերի քաղաքացիների տրամադրվածությունն ընտրությունների, որպես քաղաքական գործընթացի և նրա մասնակից այս կամ այն ուժի նկատմամբ։

Լրատվամիջոցներում մրցակից ուժերին հատկացված ուշադրության չափը

Հետազոտված լրատվամիջոցներում բոլորից շատ գրվել և խոսվել է ՀՀԿ-ի մասին, ընդ որում`ամենաբացասական հիշատակումները նույնպես այդ կուսակցության մասին էին: Երկրորդ տեղում էր «Կոնգրես-ՀԺԿ» դաշինքը:

Ի դեպ, բացասական հիշատակումների հեղինակները հիմնականում մրցակից քաղաքական ուժերն էին:  

Հատկանշական է նաև այն, որ ընտրական գործընթացների պատմության մեջ առաջին անգամ օնլայն մեդիան ստացավ վճարովի գովազդ։ Գրեթե բոլոր ԶԼՄ-ներում վճարովի գովազդ ունեին ՀՀԿ-ն և ՀՅԴ-ն։

Հետազոտությունը պարզել է, որ ՀՀԿ-ն ամենից շատ բացասական վերաբերմունք է ցուցադրել «Ելք», «Ծառուկյան», «ՕՐՕ» և «Կոնգրես- ՀԺԿ» դաշինքների հանդեպ։ ՀՅԴ-ի քննադատական և հակաքարոզչական հիմնական թիրախը «Կոնգրես- ՀԺԿ» դաշինքն էր։ «Հայկական վերածնունդ» կուսակցության, «Ազատ դեմոկրատներ», «Ծառուկյան» և «Կոնգրես-ՀԺԿ» դաշինքների քննադատության թիրախը ՀՀԿ-ն էր: Ելքը իր ելույթներում քննադատում էր բոլորին, բայց ամենից շատը` ՀՀԿ-ին, «Ծառուկյան» և «Կոնգրես-ՀԺԿ» դաշինքներին։ Ամենալոյալը Կոմկուսն էր, որը այլ ուժերի մասին բացասական գնահատականներ է հնչեցրել ընդամենը մի քանի անգամ:

Մրցակից բոլոր 9 քաղաքական ուժերը ակտիվ քարոզչություն էին իրականացնում  նաև սոցցանցերում, հիմնականում` Ֆեյսբուքում, որտեղ ընտրարշավը առաջ էր մղվում ոչ միայն թեկնածուների ֆեյսբուքյան հարթակներում, այլև պաշտոնական էջերով:  

Նախընտրական քարոզչությունը Ֆեյսբուքում առանձնանում էր առատ վճարովի գովազդով։ Սկսեցին գործածվել սոցցանցային նոր գործիքներ, օրինակ՝ ուղիղ հեռարձակումներ, սուրդոթարգմանությունններ: Ֆեյսբուքը եղավ այն առաջին հարթակը, որտեղ հնչեցին տարբեր ուժերի դիմումներն ու կոչերը՝ ուղղված մրցակից ուժերին։

Ընտրարշավի վիզուալիզացումը Ֆեյսբուքում

Ֆեյսբուքյան հարթակներում ընտրական թեմաներով տեսանյութերն ու ֆոտոները գերազանցել են տեքստային կոնտենտներին: Հենց այս նյութերն էլ արժանացել են օգտատերերի առավելագույն արձագանքներին:

Առաջին անգամ քարոզչական գործընթացում կիրառվեց երգերի հոլովակների միջոցով նախընտրական ուղերձներ տարածելու ձևը։ Այս տեսանյութերը նույնպես շատ դիտումներ ունեցան։

Օրինակ` ՀՀԿ-ի էջում քարոզարշավի ավարտական միջոցառման մասին տեսանյութն ունեցել է 85,000 դիտում, իսկ «Կոնգրես-ՀԺԿ» դաշինքի առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանի հարցազրույցը Կենտրոն հեռուստաընկերությանը` 288,000 դիտում:  

ՀՀԿ-ի «Փոխենք աշխարհը հոլովակը» մի քանի օրվա ընթացքում ունեցավ 140,000 ավելի դիտում, «Ազատ դեմոկրատներ»-ի  «Մենք կարող ենք, մենք ազատ ենք» ռեփ երգի տեսահոլովակը` 143,000։

«Կոնգրես-ՀԺԿ» դաշինքի հատուկ քարոզարշավի համար պատրաստված և «Խաղաղության օրհներգն» ունեցավ 101,000 դիտում։

Ըստ «Ռեգիոն»-ի, այս անգամ սոցցանցային հակաքարոզչությունը ծավալուն երևույթ չէր: Քաղաքական գործիչների ու ուժերի ծաղրանկարներ, դեմոտիվատորներ, մեմեր գրեթե չեն եղել։ Չեն եղել նաև սոցցանցային հակընդդեմ ֆլեշմոբեր և այլն։

Ընդգծված հակաքարոզչական բովանդակությամբ միակ տարածված էջը Ֆեյսբուքում «Դեմ եմ հանրապետականին» էջն էր։

Անահիտ Դանիելյան

Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
 

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:
Լրացուցիչ տեղեկություններ ?