Լրատվական գիշակերության մասին. Մանդելայի դեպքը

Մանդելայի «մահը» երեկ դարձել էր համացանցի ուրվականը: Ոչ ոք ձեռքի տակ փաստ չունի, բայց բոլորը «սպանում» են նրան:

Հունիսի 27-ին, 22:55-ին հայկական համացանցում Մանդելայի մահը գուժում է tert.am-ը: Հղում է անում The Guardian-ին: Բացում ես The Guardian-ի պաշտոնական կայքը: Այնտեղ գրում են, որ ՀԱՀ-ի նախկին նախագահի առողջական վիճակը որոշ դրական տեղաշարժ է արձանագրել:

CNN-ը նույնպես ոչինչ չի գրում Մանդելայի հետ տեղի ունեցածի մասին: Ավելի ճիշտ գրում է եւ ահա թե ինչ. «ՀԱՀ նախագահ Զումա՝ Մանդելայի վիճակը լավանում է, դրությունը ծայրահեղ է, բայց կայուն»:

Ռուսական կայքերից Риа Новости-ն նույնիսկ այդ մասին չի գրում: Հունիսի 27-ի մթնշաղի դրությամբ ռուսական ամենահեղինակավոր տեղեկատվական կայքը Մանդելայի մասին ոչ մի, բացարձակապես ոչ մի նորություն չունի:

Մինչ այդ, սակայն ռուսական առաջատար լրատվական կայքերն արդեն մեջբերել էին Մանդելայի դստեր խոսքերը՝ իմ հայրը կարող է մահանալ ցանկացած պահի:

Մինչ The Guardian-ի պաշտոնական կայքը շարունակում է դրական տեղաշարժեր նկատել Մանդելայի առողջական վիճակում, tert.am-ը կայքից հեռացնում է Մանդելայի մահվան մասին լուրը:

Այդ նույն ժամին՝ 22:55-ին, երբ կայքը գուժել էր խաղաղության Նոբելյան մրցանակակրի մահը, հիմա այլ լուր է տեղ գտնում՝ «Տեւես. Հայտնեցի Պելեգրինիին, որ ուզում եմ հեռանալ»: Ինքնասպանության վճռի նման է հնչում՝ ուզում եմ հեռանալ: Բայց մեր դեպքում թեման մեկի մահն է, որը փաստ չէ:

galatv.am-ի լուրը (ձախից), հեռացված լուրը (աջից)Մանդելայի մահվան խայծը կուլ է տալիս նաեւ galatv.am կայքը: Շտապել էր Ֆեյսբուքի միջոցով տարածել փաստը: Կրկին վկայակոչելով The Guardian-ին: Պարզ երեւում է, որ ոչ ոք իր աչքով չի տեսել լուրը: Որովհետեւ քիչ հետո իր կայքից Մանդելայի մահվան մասին լուրը հեռացնում է նաեւ Galatv.am-ը:

Մինչ tert.am-ը եւ galatv.am-ը սրբագրում են տեղի չունեցածը, ապարտեիդի դեմ պայքարող մարտիկի մահվան մասին գրում է Ilur.am-ը վկայակոչելով The Guardian Express-ին (այս կայքը կապ չունի The Guardian-ի հետ, տարբեր լրատվամիջոցներ են): Ilur.am-ն այս տեղեկությունը գտել է ռուսական utro.ru-ում: Utro.ru-ն, իսկապես, տեղեկացնում է, որ Մանդելայի հարազատները համաձայնվել են անջատել 94-ամյա քաղաքական գործչի կենսական սնուցման ապարատը: Հիմա արդեն պարզ է, թե ինչ The Guardian-ի մասին է խոսքը: Խոսքը The Guardian Express-ի մասին է, որը Մանդելայի մահվան լուրը տեղադրելուց որոշ ժամանակ հետո «անջատվում» է ինտերնետից (կայքը խափանումներով էր աշխատում):

Հայաստանի կայքերի սխալների աղբյուրները՝ The Guardian Express եւ utro.ru

Այդ ընթացքում The Guardian Express-ի հույժ գույժին որեւէ կերպ չեն արձագանքում Վիկիպեդիայի անգլերեն էջը, նաեւ The Times-ը, որի հիմնական էջում Մանդելայի մասին «մահից» երկու ժամ հետո միայն մեկ լուր կա՝ Օբաման ասել է, որ Մանդելան կմնա սերունդների հիշողության մեջ: Պարզ երեւում է, որ հեռացող, գրեթե այն աշխարհում գտնվող մարդու մասին է խոսքը, բայց ոչ՝ հեռացած:

Չորս ժամ հետո The Guardian Express-ը թարմացնում է իր իսկ տեղեկությունը արդեն հարցականով՝ մահացե՞լ է: Բայց սա դեռ ոչինչ, որ The Guardian Express-ը նոր վերնագիր է դնում հին լուրի վրա:

Կայքերից ոչ մեկը չի նկատել, որ այս կայքը սրբագրում է մեկ օր առաջվա լուրի վերնագիրը: Լուրը թողարկվել է հունիսի 26-ին: Utro.ru-ն, մինչդեռ, առանց դա նկատելու, լուրը վերցնում եւ դնում է իր կայքում միայն հաջորդ օրը: Դրանից հետո արդեն՝ մնացած կայքերը Հայաստանում, որոնք ռուսական utro.ru-ի միջոցով տեղեկանում են տեղի չունեցածի մասին:

The Guardian Express-ի ընթերցողները հենց Մանդելայի կյանքի եւ մահվան մասին հսկա վերլուծականի մեկնաբանությունների բաժնում հարցնում են. «The Guardian Express – maybe a bit too express? The Guardian Express, ինչ-որ շատ չես շտապու՞մ»: Մեկ ուրիշը հարցնում է՝ դուք կարծես թե շատ անհավանական (incredible) աղբյուրներ ունեք, կամ շատ անպատասխանատու եք (highly irresponsible) նման տեղեկության համար:

Ի դեպ, այս առթիվ, Մանդելայի դուստրը լրագրողներին անվանել է «գիշակեր», որոնք սպասում են, թե երբ «առյուծը կուտի ցուլին, որպեսզի հարձակվեն մսի մնացորդների վրա»:

Մհեր Արշակյան

Հ.Գ. Կեղծ լուրի խայծը կուլ է տվել նաեւ «Հայկական Ժամանակ»-ը: Թերթի հունիսի 28-ի համարում  «Մանդելան մահացավ» վերնագրով լուր է հրապարակվել, դարձյալ The Guardian-ին հղումով:

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *