Հարգելի՛ լրատվամիջոցներ, Facebook-ը նաեւ անձնական տարածք է

23.01.2012, Քննադատ

Լրագրող, հաղորդակցության եւ մշակութային կառավարման
մասնագետ, հիմնական հետաքրքրությունները` տեղեկատվական տեխնոլոգիաներ, սոցիալական մեդիաներ/շարժումներ

Պարզվում է` հայկական լրատվամիջոցների համար սոցիալական մեդիաներն ու դրանցում տեղ գտնող ամեն տեսակ ակտիվությունները ծառայում են ոչ միայն որպես տեղեկատվության աղբյուր, քանի որ պետք եղած դեպքում լրատվամիջոցը պատրաստ է հիմնվել, օրինակ, ֆեյսբուքյան կատակի վրա ու իր սրտի խոսքն ուղղել կոնկրետ հասցեներով: Խոսքը մասնավորապես նախորդ մի քանի օրերի ընթացքում ծագած ու արդեն պաշտոնական մամուլում քննադատության հիմք դարձած մի կատակի մասին է, որի հեղինակն ի վերջո անձամբ ներողություն խնդրեց կատակներ դժվար հասկացող լրատվամիջոցի փոխարեն:

Սա այն դեպքերից է, երբ անուններ տալը պարզապես անհրաժեշտություն է` ասվածը ճիշտ հասկանալու համար, անգամ եթե այդ կերպ կհեղինակազրկվի հումորից ու մասնագիտական էթիկայից հեռու լրագրողը: Ընդամենը 3 օր առաջ հայկական ֆեյսբուքի ակտիվ օգտատերերից Էդգար Բարսեղյանը կամ բլոգոսֆերայում հայտնի alkhimik-ը իր անձնական պատի վրա տեղադրեց մի կատակ, որը ենթադրություն էր այն մասին, թե «լեզվի տեսչությունը վերջապես թարգմանել է «սեքս» բառը որպես  «հաճույքաճխտիկ»»:

Թեման իհարկե վարակիչ կատակի շատ լավ հիմք էր, բայց ով կմտածեր, որ կատակն այդքան մեծ աղմուկ կբարձրացներ եւ ընդամենը մեկ օր հետո շատ հետաքրքիր տեսանկյունից կարծարծվեր հայկական բավական կարդացվող առցանց լրատվամիջոցներից մեկի գլխավոր թեմաներում. շաբաթավերջին Lragir.am կայքի 4 հիմնական թեմաներից մեկը ծովափնյա ինտիմ մի լուսանկարով նյութն էր`«Պետական տեսչությունն ու սեքսը» վերնագրով: Նյութի հեղինակ Եղիշե Մեծարենցը թեւ155 հարկ էր համարել նշել, որ սեքս բառի հայերեն թարգմանությունը քննարկվում է Ֆեյսբուքում եւ որ «լեզվի պետական տեսչության պաշտոնական բացատրություն, հերքում կամ հաստատում կարծես թե դեռ չկա», չէր զլացել առիթն օգտագործել ու «քլնգել» (ինչպես արդարացիորեն նշում է կատակի հեղինակ Էդգար Բարսեղյանը) ոչ միայն տեսչության գործունեությունը, այլեւ հիշել այն ղեկավարող Սերգո Երիցյանի ացնյալն ու նրա տված (կամ գուցե չտված) խոստումները: Կատակը լուրջ ընդունած լրագրողն արդեն երեւակայում է, թե «Լեզվի պետական տեսչությունը թերեւս լրջորեն զբաղված է հայ-սեռական բառարանի ստեղծման կարեւորագույն, ռազմավարական նշանակություն ունեցող գործով» եւ որ պետք է, ըստ նրա, թարգմանել «ասենք էրոտիկա, պոռնոգրաֆիա ու այդ կարգի այլ հասկացություններ»:

Շաբաթավերջի միայն 2 օրերի ընթացքում այս նյութը ֆեյսբուքյան «լայք»-ի էր արժանացրել շուրջ 100 ընթերցող, էլ չնշենք, որ միջազգային տարբեր կազմակերպությունների կողմից ֆինանսավորվող առցանց լրատվամիջոցը ընթերցողների կայուն բանակ ունի, ըստ circle.am-ի` շաբաթական ապահովում է մոտ 100.000 այցելություն:

Ինչ վերաբերում է կատակի հեղինակին, նա իր պարտքը համարեց սեփական բլոգում լրագրողի փոխարեն ներողություն խնդրել «Լեզվի պետական տեսչությունից եւ անձամբ Սերգո Երիցյանից»` նշելով, սակայն, որ ներողությունը կատակի համար չէ, քանի որ դրանում «տեսչությունը կատարել է «հայկական ռադիոյի» դերը»: 

Ինտերնետում շատ են նման արագությամբ տարածվող ու այդքան հեշտությամբ մասսայականացող պատմությունները, որ կոչվում են «մեմ» (meme), բայց շատ դժվար է գտնել այսքան անհիմն ու այսքան լրջացված մեմեր: Այս դեպքում հետաքրքիր է հատկապես լրատվամիջոցի ու սոցիալական ցանցի կամ հատկապես ազատ ու անկաշկանդ մտածող անհատի ու լրագրողի «կապը», որն իրականում որեւէ հատման եզր չունի անգամ առաջացած նյութում: Զարմանալի չի լինի, եթե նոր սկսվող շաբաթում թեման, արդեն ընդունված ավանդույթի համաձայն, պտտվի մի շարք այլ գոնե առցանց լրատվամիջոցներում (որոնք բազմանում են ոչ պակաս արագությամբ) եւ անգամ հասնի ավելի ավանդական մեդիա տեսակների, ինչպիսիք են ռադիոն եւ հեռուստատեսությունը, որոնք սովորություն են դարձրել ուշադրության կենտրոնում պահել սոցցանցերը:

Ընդունենք, որ սեքս բառի հայերեն թարգմանությունն ու ընդհանրապես սեռական կյանքին առնչվող որեւէ  «նորություն» իսկապես լավ առիթ է ինտերնետում «քլիք»-ներ հավաքելու ու կարդացվելու համար, բայց չէ՞ որ ընթերցողն էլ ունի հավաստի տեղեկատվություն ստանալու տարրական իրավունք: Իհարկե Լեզվի տեսչության ավանդապահ դիրքորոշումն ու մի շարք բառերի բավական հետաքրքրաշարժ թարգմանություններ կարող են լրագրողական լուրջ քննադատության նյութ դառնալ, բայց եթե այդ քննադատությունն իսկապես առողջ հիմք եւ ուղղություն ունենա: Չհասկացված կատակի հիմքով ու անհիմն ենթադրությունների շարանով այս դեպքը  լրագրողական էթիկայի խախտում է, երբ լրագրողը ոչ միայն «բարի չի եղել» տեղեկատվությունը ճշտել, այլեւ զլացել է համապատասխան հղում տալ, ինչի շնորհիվ հումորի զգացումը չկորցրած որոշ ընթերցողներ գուցե ժպտալու առիթ ունենային:

Մնում է միայն հուշել լրատվամիջոցներին, որ այո՛, նոր մեդիաների մեր ժամանակներում սոցցանցերը գերիշխող դիրք ունեն տեղեկատվության հուսալի աղբյուր հանդիսանալու գործում, բայց չմոռանանք, որ սոցցանցերը նաեւ անձնական տարածքներ են, որտեղ ցանկացած անհատ կարող է ազատ արտահայտվել, կարծիքներ կիսել եւ անգամ կատակել:

Սեդա Պապոյան

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:

Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
 

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:
Լրացուցիչ տեղեկություններ ?