2020.05.12,

Նյուսրում

Ցանցում ազատ լինելու և խմբագրությանը չվնասելու ճանապարհը

author_posts/gayane-asryan
Գայանե Ասրյան
facebook

Լրագրող

Սոցիալական ցանցում լրագրողը կարո՞ղ է լինել բացարձակ ազատ։ Շատ դեպքերում նա ինքն է որոշում` ինչպես իրեն դիրքավորել և ներկայացնել ցանցերում, ինչ քննարկումներ վարել, ինչ բովանդակություն տարածել, ինչ ուժերի սատարել և ինչ հայացքներ ունենալ որպես անհատ:

Խմբագրության հեղինակությունը կասկածի տակ չդնելու, լրագրողների հետ խնդիրներից խուսափելու համար շատ լրատվամիջոցներ մշակում են սոցիալական մեդիայի քաղաքականություն:

Այն հիմնականում առանձին փաստաթուղթ է, երբեմն աշխատանքային պայմանագրի մի մաս կամ հավելված: Լրագրողներն աշխատանքի անցնելիս ծանոթանում են այդ դրույթներին, հետագայում ընդհանուր խաղի կանոններն օգնում են խուսափել խնդիրներից:

Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը (ՄՆԿ) խրախուսում է իր աշխատակիցների ներգրավվածությունը և բալանսավորված գործողությունները առցանց տիրույթում:  

Այս նպատակով վերջերս մշակել է սոցիալական ցանցերի վարքականոն-ուղեցույց և կոչ արել աշխատակիցներին հետևել կանոններին՝ կազմակերպության կերպարի ձևավորմանը, արժեքների տարածմանը և իր աշխատակիցների հնարավոր խնդիրներից ու թյուրիմացություններից խուսափելու համար: 

Հայաստանում քիչ խմբագրություններ են գնում այս ճանապարհով: Վերջերս դատարանը 1in.am-ի լրագրողին Ֆեյսբուքում քաղաքական գրառման համար տուգանեց և պարտավորեցրեց հերքող գրառում անել: 

Լրագրողը միայնակ էր իր իրավունքները պաշտպանում դատարանում, որովհետև այն լրատվամիջոցը, որտեղ նա աշխատում է, կարծում է, որ Սոնան սոցիալական ցանցի իր էջում ազատ է և կարող է տարբեր տեսակետներ արտահայտել:

Սիվիլնեթը Հայաստանում լրագրողների սոցիալական ցանցերի ուղեցույց ունեցող քիչ թվով խմբագրություններից մեկն է: 

Գլխավոր խմբագիր Կարեն Հարությունյանը նկատում է, որ կարգավորման հիմնական նպատակը լրատվամիջոցի անաչառությունը պահպանելն է, քանի որ աշխատակիցների վարքագիծը հանրային տարածքում կարող է վնասել այն։

«Սակայն այս կանոնները սևագիր են, աշխատակիցները որևէ փաստաթուղթ չեն ստորագրում դրանց գործնականում հետևելու համար։ Ավելի շատ ապավինում ենք լրագրողների առողջ դատողությանն ու զսպվածությանը»,-ասում է նա։

Ըստ նրա, քանի որ հատուկ պարտադրանք չկա, հետևապես լրագրողները սոցիալական ցանցերում իրենց կաշկանդված չեն զգում։

«Ընդհանրապես, այս հարցում հակադրություն կա, մի կողմից խրախուսելի է, որ լրագրողներն ունենան քաղաքացիական գիտակցություն, մյուս կողմից՝ չափազանց կարևոր է, որ նրանք իրենց վարքագծով չնսեմացնեն ու չթուլացնեն բուն լրագրողական աշխատանքի արդյունքը»։

Հարությունյանը կարծում է, լրագրողներին պետք է ոչ թե արգելել իրենց էջերում քննարկումներ վարել, այլ խրախուսել, եթե դա հանրային կարևոր հնչեղություն ունեցող հարցի շուրջ է և ավելի մեծ լսարանի շրջանակում:

«Ամփոփ» մեդիան իր աշխատակիցների համար ունի վարքականոն, որի մեջ 3-4 կետեր վերաբերում են համացանցում և սոցիալական ցանցերում նրանց տեղեկատվական ակտիվությանը: Աշխատանքի անցնելիս բոլորը ծանոթանում են փաստաթղթին:

Գլխավոր խմբագիր Սուրեն Դեհերյանն ասում է, գործունեության  հենց սկզբից իրենք կարգավորել են այդ հարցը։ Ինչքան էլ, որ դրանք լրագրողների անձնական էջեր են, այնուամենայնիվ, ասոցացվում են այն լրատվամիջոցի հետ, որտեղ աշխատում են:

«Գործունեության հենց սկզբից մենք հասկանում էինք, որ եթե մեր լրատվամիջոցն ունի դիրքորոշում, քաղաքականություն և լրատվական դաշտում աշխատելու ռազմավարություն, ուրեմն աշխատակիցները պետք է պահպանեն այդ կարևոր արժեքները»,-ասում է նա։

Ըստ նրա, այդպես յուրաքանչյուր աշխատող տեղյակ է լինում այն ուղղություններից, որոնք սկզբունքային և կարևոր են կազմակերպության համար: 

«Հստակ կետ ունենք, որով չի կարելի հայտնել այնպիսի դիրքորոշում, որը կարող է վնասել այլ անձանց պատիվն ու արժանապատվությունը: Մենք բոլորս գայթակղություն ունենք՝ ինչ գալիս է մտքներիս, արագ արտահայտել, բայց ես կողմ եմ, որ այն բարոյական նորմերը, որոնց հետևում ենք և պահպանում ոչ վիրտուալ կյանքում, տեղափոխենք վիրտուալ տարածք»,-նշում է Դեհերյանը:

Նա ասում է, որ այսօր սոցիալական ցանցերում ամեն ինչ խառնվել է իրար, մարդիկ տանը հողաթափերով նստած իրենց բազմոցին մտնում են հանրային տարածք և իրենց պահում ոչ կոռեկտ, առանց անձի մասին տեղեկություններ ունենալու՝ վիրավորում նրան, պիտակավորում:

«Եվ կարևոր է, որ ոչ միայն լրատվական կազմակերպություններն ունենան նման կարգավորում, այլ բոլոր կազմակերպությունները, որովհետև, երբ նման վարքագիծ դրսևորվում է աշխատավայրում, անձը կորցնում է աշխատանք, իսկ ահա տան իր բազմոցից, ոչ աշխատանքային ժամերին կարող է մտքին եղածը ասել»,-հավելում է նա:

Հանրային հեռուստատեսությունը ևս ունի սոցիալական ցանցերի ուղեցույց: Հասարակայնության հետ կապերի բաժնից ասում են, որ սոցիալական էջերի վարման վարքականոնը չի սահմանափակում աշխատակիցների խոսքի ազատության իրավունքը։ 

Աշխատանքային պայմանագիր ստորագրելիս հեռուստաընկերության աշխատակիցները ծանոթանում են սոցիալական էջերում իրենց ակտիվության մասին դրույթներին։ Հիմնական պահանջներն են՝ հրապարակումների արդյունքում չվնասել հեռուստաընկերության համբավը, վիրավորական, ապատեղեկատվություն պարունակող հայտարարություններ չտարածել և նման մեկնաբանություններ չանել։

Կարևոր է, որ Հանրայինի աշխատակիցները հեռուստաընկերության անունից հայտարարություններ անելու դեպքում դրանք համաձայնեցնեն հասարակայնության և արտաքին կապերի տնօրինության հետ։

Bloomberg-ի հայաստանյան թղթակից Սառա Խոջոյանն ասում է, որ խմբագրությունն ունի վարքականոն: Ըստ որի, նա չի կարող անել այնպիսի գրառումներ, որոնք լրատվամիջոցի անաչառությունը կարող են կասկածի տակ դնել:

«Մնացած սահմաններն իր համար գծում է լրագրողը: Օրինակ, չենք կարող քաղաքական որևէ ուժի պաշտպանել օնլայն հարթակներում, նշել, թե ընտրությունների ժամանակ ում ենք ընտրել որպես քաղաքացի։ Ակնհայտ քաղաքական մեսիջ ունեցող թեստեր և նյութեր ևս չենք կարող տարածել»,-ասում է նա։

Բոլոր այն տեղական հարցերը, որոնք միջազգային հետաքրքրություն ունեն, ըստ նրա, լրագրողից պահանջում են չեզոքություն, օրինակ Ամուլսարի խնդիրը․ «Դա կարող է պոտենցիալ թեմա լինել նյութի համար, դրա համար կարծիք հայտնել, հանրայնորեն սատարել բնապահպաններին ցանկալի չէ»։

Սառան ասում է, որ իր սոցիալական էջում միայն վստահելի աղբյուրների նյութեր կարող է տարածել, որն էլ վարքականոնի կարգավորումներից մեկն է։ 

«Լրագրողը ցանցում պետք է ցույց տա իր անաչառությունը, որպեսզի տարբեր քաղաքական ուժերը, խմբեր իմանան, որ ինքը որպես Bloomberg-ի թղթակից, անաչառ է լինելու իրենց մասին գրելիս»,-ասում է նա։

Օրինակ, BBC-ի սոցիալական մեդիայի քաղաքականության մեջ նշված է, որ աշխատակիցները չեն կարող ցանցի իրենց էջում հրապարակել, թե ինչպես են քվեարկել կամ ինչ քաղաքական ուժի են սատարում, չեն կարող ընթացող քաղաքականության շուրջ քննարկումների ժամանակ կողմ կամ դեմ տեսակետ արտահայտել, քաղաքական, տնտեսական վիճահարույց թեմաների ժամանակ հատուկ դիրքորոշում ունենալ։ Ինչպես նաև BBC-ի մասին հրապարակային խոսել կամ գրել առանց ղեկավարության հետ համաձայնեցման:

«Կարծիքի արտահայտումը սոցիալական մեդիայում կարող է տարբեր դրսևորումներ ունենալ՝ պարզ թվիթներից ու թարմացումներից, բովանդակության տարածումից ու հավանումից մինչև որոշ հաշիվների հետևելն ու քարոզչական և քաղաքական հեշթեգերի օգտագործումը»,-ասվում է կարգավորման մեջ:

Reuters-ը հիշեցնում է իր լրագրողներին, որ «իրենց աղբյուրները, գործընկերները, մրցակիցները և նույնիսկ ապագա գործատուները կարող են հետևել և նայել իրենց ցանցային ակտիվությանը»:

Լրատվամիջոցը կոչ է անում իր աշխատակիցներին դիմադրել բարկությունն արտահայտելու գայթակղությանը:

«Մտածեք այն մասին, թե ինչպես կզգաք, եթե ձեր ասածը մեջբերվի որևէ առաջատար թերթի, կայքի կամ բլոգի առաջին էջում, որպես որևէ հարցի վերաբերյալ Reuters-ի մեկնաբանություն»,-ասվում է փաստաթղթում:

Նորություններ հավաքելու և մասնագիտական համայնքների գործունեության համար Reuters-ը խորհուրդ է տալիս առանձին լրագրողական էջեր ունենալ«Սոցիալական ցանցը խրախուսում է ձեզ կիսվել անձնական մանրամասներով, պետք չէ ծանրաբեռնել ձեր մասնագիտական ցանցը անձնական բովանդակությամբ»:

Գայանե Ասրյան


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *