Լրագրողական կազմակերպությունները ՀՀ նախագահի աշխատակազմից ներողություն են ակնկալում

10.09.2012, Նյուսրում

Հայաստանի լրագրողական կազմակերպությունները հայտարարություն են տարածել Գյումրիում տեղական լրագրողների եւ  ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության աշխատակիցների միջեւ միջադեպի կապակցությամբ:

Սեպտեմբերի 4-ին  «Գյումրի-Ասպարեզ» օրաթերթի, «Հինգշաբթի» շաբաթաթերթի, «Ցայգ» և «ԳԱԼԱ» հեռուստաընկերությունների լրագրողներին, Շիրակի մարզում «Ազատություն» ռադիոկայանի եւ «Առավոտ» օրաթերթի տեղական թղթակիցներին հնարավորություն չտվեցին մասնակցելու ՀՀ նախագահի ճեպազրույցին:

«ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից ակնկալում ենք ներողության հայցում այն բոլոր հավատարմագրված լրագրողներից, ովքեր հնարավորություն չստացան կատարելու մասնագիտական պարտքն իրենց համաքաղաքացիների նկատմամբ»,- ասվում է Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի, Երեւանի մամուլի ակումբի, Մամուլի աջակցության Ինտերնյուս ՀԿ-ի,  Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի, Բազմակողմանի տեղեկատվության ինստիտուտ-Հայաստանի եւ Լրագրողներ հանուն ապագայի ՀԿ-ի տարածած հայտարարությունում:

Հայտարարության հեղինակները նշում են, որ երբեմն Հայաստանում պետական մարմինների գործելակերպը լրագրողների համար ստեղծում է անարդար մրցակցային  պայմաններ, խոչընդոտում է տեղեկություններ ստանալու ու տարածելու իրավունքի ապահովմանը եւ ուստի կոչ ենք անում վերանայել այն։

«Առհասարակ, նկատելի է, որ իշխանական վերնախավում չգրված մի կարգ է գործում,  ըստ որի` տեղեկատվության միջոցների հետ հարաբերվելիս նախապատվություն է տրվում արտասահմանյան ԶԼՄ-ներին, հետո` երեւանյան եւ համերկրային սփռում ունեցող մի քանի «ընտրյալ» հեռուստաընկերություններին, վերջում միայն՝ մարզային լրատվամիջոցների ներկայացուցիչներին»,- ասվում է հայտարարության մեջ։

Գյումրիում միջադեպի օրը հայտարարություն էր տարածել Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբը՝  ՀՀ Ոստիկանապետից  պահանջելով քրեական գործ հարուցել Լրագրողի մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելու հատկանիշներով:

ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից «Ասպարեզ»-ի հայտարարությանը պատասխանել էին  Panorama.am կայքում:

«Ճեպազրույցը տեղի է ունեցել Գյումրու մոր եւ մանկան ավստրիական հիվանդանոցի փոքրիկ նախասրահում, հետեւաբար՝ բուժվողներին հնարավորին քիչ անհանգստացնելու նպատակով եւ տարածքի սահմանափակության պատճառով մի քանի կարճ հարցեր տալու հնարավորություն են ունեցել միայն հանրապետական հեռարձակում ունեցող մի քանի հեռուստաընկերությունների լրագրողներ»,- ասվում էր պարզաբանման մեջ:

«Ասպարեզ»-ը ՀՀ նախագահի աշխատակազմի բացատրությունները համարել էին ոչ պատշաճ: Իսկ լրագրողական կազմակերպությունների տարածած հայտարարության մեջ ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության պարզաբանումները որակվում են ոչ համոզիչ։ «Դրանից կարելի է եզրակացնել, որ վարչությունն առանձնացնում է լրատվամիջոցների մի դաս, որի եթերում կամ էջերում ՀՀ նախագահի գործունեության լուսաբանումն ավելի ցանկալի է, քան մյուսների»,- ասվում է հայտարարության մեջ։

Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
 

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:
Լրացուցիչ տեղեկություններ ?