2020.05.23,

Քննադատ

Լրագրության անցյալից. հերթը հասավ «Թերթին»

author_posts/vasak-darbinyan
Վասակ Դարբինյան

լրագրող, խմբագիր

ՀՀ կառավարության կառուցվածքում 90-ականների կեսին ստեղծվեց ու մի կարճ ժամանակ գործեց Տեղեկատվության նախարարությունը: «02»-ից հեռանալուց, ավելի ճիշտ՝ հեռացվելուց հետո նոր լրատվամիջոց հիմնելու առաջարկ ստացա Տեղեկատվության նախարար Հրաչյա Թամրազյանից:

Մինչ այդ Հրաչի հետ մտերմությունը հասել էր գրեթե եղբայրական փոխհարաբերությունների մակարդակի: Շատերի նման նա ևս տպավորված էր «Վարկածից», նաև գիտեր իրական պատճառն ու մանրամասները, թե ինչու եմ ազատվել աշխատանքից: «Գունագեղ, սիրուն, ինտելեկտուալ թերթ կտպենք»,- ասաց, ըստ երևույթին այդ կերպ փորձելով մխիթարել ու ոգևորել ինձ և իրեն հատուկ սրտացավությամբ ու նրբանկատությամբ փոխհատուցել բարոյական վնասը, որը հասցրել էին ինձ հին ընկերներս, նաև ակնարկելով, որ դա կարող է լինել «Վարկածի» յուրօրինակ շարունակությունն ու «իրավահաջորդը»:

Խմբագրության համար նախարարը սենյակ հատկացրեց ռադիոկոմիտեի շենքում:

Նոր թերթը անվանակոչեցի «Թերթ»: Առաջին համարը լույս տեսավ 96-ի հունվարի 9-ին: Տպագրվեց 2000 օրինակ, գունավոր: Տպարանից խմբագրություն բերեցի 20-30 օրինակ, բաժանեցի ընկերներիս՝ կանխավայելելով գալիք առավոտը, երբ այն կտարածվի կրպակներում:

Առավոտյան, սակայն, «Թերթ» անունով թերթ կրպակներում չկար… Ինչո՞ւ՝ հասկանալի չէր: Ըստ երևույթին կրպակներ չէին էլ տարել: Կամ գուցե տարել էին, բայց շատ արագ էլ հավաքել: Փորձեցի պարզել՝ ինչ է կատարվում: «Հայմամուլից» պատասխանեցին՝ վաճառվել է: Ես, բնականաբար, չէի հավատում, թե ընթերցասեր հասարակությունը վաղ առավոտից քնահարամ կրպակների մոտ «Թերթի» համար հերթ էր կանգնել ու ակնթարթորեն թռցրել ամբողջ տպաքանակը…  Տեղեկատվության նախարարը խորհրդավոր լռում էր, մյուս ընկերներս տարատեսակ ենթադրություններ էին անում:

«Հայմամուլի» այն ժամանակվա տնօրեն Արարատ Զուրաբյանը իմ համառ հարցապնդմանն ի պատասխան՝ շարունակ հավաստիացնում էր, թե ամբողջ տպաքանակը վաճառվել է: Գերման Ավագյանը, որի ձևավորմամբ էր լույս տեսել «Վարկածն» ու նաև «Թերթը», հուշեց, որ «Հայմամուլից» պահանջեմ վաճառված տպաքանակի գումարը: Այս կազմակերպությունն էլ էր, փաստորեն, Տեղեկատվության նախարարության կառուցվածքում, և Արարատ Զուրաբյանը հաճույքով համաձայնեց այս տարբերակով հարցի լուծմանը. վճարեց:

(Կանցնի ժամանակ, և ես դառը ժպիտով կտեղեկանամ, որ «Թերթի» այդ համարը ամենևին էլ չի վաճառվել. ցուրտ ձմռանն այն որպես կպչան է ծառայել մի տարեց ու աշխատասեր մարդու՝ ընկերոջս հոր վառարանի համար… Պատճառը «Թերթի» այդ համարի առաջին էջում Գերմանի «բեմադրած» լուսանկարն էր. մեր աշխատակցուհին՝ Ռուզան Սաֆարյանը, որի դեմքը չէր երևում, խորասուզված «Վարկած» էր կարդում, և լուսանկարում պարզորոշ տեսանելի էր նույն այդ «Վարկածի» առաջին էջը):

Ավելի քան մեկամսյա ընդմիջումից հետո (տեխնիկական խոչընդոտների ու դժվարությունների պակաս չկար) լույս տեսավ «Թերթի» երկրորդ համարը, մեկ շաբաթ անց՝ երրորդը…

Կարծես հունի մեջ էինք ընկնում, և 4-րդ համարի համար Հրաչյա Թամրազյանն առաջարկեց մեկ էջ նվիրել Հայաստանի Գրողների միությանը, որտեղ, գրեթե ինչպես միշտ,  մտահոգիչ մթնոլորտ էր տիրում: Սիրով համաձայնեցի: Հրաչը ցանկություն հայտնեց մինչև տպագրությունը կարդալ այդ էջը: Հեռախոսային երկար և ապարդյուն զրույցից հետո (Հրաչը կարողանում էր բացառապես իրեն հատուկ մեղմությամբ չեզոքացնել ցանկացած անխոցելի փաստարկ ու հավասարեցնել այն հողին) տարա էջերը: Կարդաց և մռայլվեց: Ես չէի պատկերացնում, որ սա կդառնար հերթական խոշոր կոնֆլիկտը ընկերներիս հետ և հերթական «ապտակը» խոսքի ազատությանը:

Չորրորդ համարը չտպագրվեց:

Առհասարակ «Թերթն» այլևս չտպագրվեց:

Փորձեցի հասկանալ պատճառը, քանի որ, իմ կարծիքով, ոչ մի սարսափելի բան չկար այդ չարաբաստիկ էջում: Էջը պատրաստել էր լրագրող Լուսինե Մարգարյանը: Գրել էր մի նախաբան ԳՄ իր այցի, այնտեղ հանդիպած գրողների, չստացված հարցազրույցների մասին, ի վերջո զրուցել ԳՄ քարտուղար Աբգար Ափինյանի (այս մեկն, ի դեպ, Հրաչի խնդրանքով), բանաստեղծներ Արմեն Դավթյանի և Վահագն Աթաբեկյանի հետ:

«Մարդուն փչացնելու ամենաարդյունավետ միջոցը նրա ասած հիմարությունները նույնությամբ ներկայացնելն է, նրան իր իսկ խոսքերով վարկաբեկելը».- ահա սա էր Հրաչի բացատրությունը, թե ինչու, այնուամենայնիվ, չի ուզում, որ տպագրվի իր առաջարկությամբ պատրաստված այդ էջը: Նա ասաց, որ իրեն դուր չի եկել Աբգար Ափինյանի խոսքը, որի սղագրությունն, ի դեպ, նաև Աբգարն էր կարդացել ու իր ստորագրությամբ հաստատել, որ համաձայն է տպագրությանը: «Ի՞նչ անեի, նենգափոխեի՞ իր խոսքը»,- շվարեցի ես:

Ապարդյուն անցավ նաև զրույցը Հրաչի տեղակալի և նրա որոշման վրա ազդեցության լծակ չունեցող ընկերոջս՝ Այդին Մորիկյանի հետ: Ասենք՝ մեր փոխհարաբերություններում ազդեցության միակ լծակը կարող էր լինել փոխըմբռնումը բարոյականության դաշտում, բայց ոչ երբեք տրամաբանությունն ու փաստարկը, քանի որ նրբանկատության ու մեղմության տիպար Հրաչից ավելի աննահանջ մարդ դժվար էր գտնել:

Ինձ թերևս այլ բան չէր մնում, քան ազդարարել՝ «Մեզ միայն գրաքննությունն էր պակաս, այդ էլ եղավ»: Այս վերնագրով Արամ Զաքարյանի՝ ինձ հետ հարցազրույցի ձեռագիր օրինակը առ այսօր իմ արխիվում է: Ես խնդրեցի Արամին, որ կարդամ ու որոշ շտկումներ անեմ տպագրվելուց առաջ… Բայց ոչ մի շտկում էլ չարեցի. Արամից ներողություն խնդրեցի և ասացի, որ ավելի լավ է չտպագրվի:

…Ինձ համար ելակետի կամ նշանաբանի պես մի բան դարձավ այս դիրքորոշումը. որքան էլ ընկերներդ քեզ դառնություն պատճառեն՝ նրանց մասին հրապարակավ բացասական ոչինչ չասես:

Այս բանաձևի շնորհիվ որոշակի ընդմիջումից հետո ես պահպանեցի ընկերությունն ու հոգևոր մտերմությունը Հրաչի ու Այդինի հետ մինչև իրենց օրերի վերջը:

Վասակ Դարբինյան
շարունակելի

Հոդվածաշարի նախորդ մասը:

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *