2020.03.31,

Նյուսրում

COVID-19․ ԱԺ-ն երկրորդ փորձից թույլ տվեց հեռախոսների օգնությամբ վերահսկել մարդկանց տեղաշարժը

author_posts/gayane-asryan
Գայանե Ասրյան

Լրագրող

Ազգային ժողովը երկրորդ փորձից ընդունեց կորոնավիրուսի տարածումը կանխարգելելու նպատակով հեռախոսների միջոցով մարդկանց տեղաշարժին հետևող օրենքի նախագիծը:

Հայաստանի խորհրդարանում մեծամասնություն կազմող՝ «Իմ քայլը» խմբակցության 71 պատգամավոր կողմ քվեարկեց, դեմ և ձեռնպահ ձայներ չգրանցվեցին: Ընդդիմությունը՝ «Բարգավաճ Հայաստան» ու «Լուսավոր Հայաստան» կուսակցությունները նիստին չէին մասնակցում։

Մարտի 31-ին այս օրինագծի երկրորդ քննարկումն էր։ Առաջին փորձը տապալվել էր։ Կառավարությունը, հաշվի առնելով նախագծի կարևորությունն ու առանձնահատկությունը, օրվա մեջ երկրորդ անգամ էր այն ներկայացրել ԱԺ՝ քննարկելու և քվեարկելու արտակարգ ռեժիմով:

«Իմ քայլը» հաստատեց, որ COVID-19 համավարակով պայմանավորված Արտակարգ դրության պայմաններում Կառավարությունն ու Պարետատունը այս գործիքի օգտագործման կարիքն ունեն: Օրինագիծը թույլ է տալիս հավաքագրել, մշակել և անհրաժեշտության դեպքում օգտագործել բոլոր տվյալները, որոնք թույլ կտան որոշել քաղաքացիների հեռախոսային խոսակցության տեղը, ամսաթիվը, սկիզբը։

Պարետ Տիգրան Ավինյանը ևս մեկ անգամ ԱԺ ամբիոնից հայտնեց, որ իրենց նպատակն է ավելի արդյունավետ աշխատել և ամեն պահ նոր տեխնոլոգիական գործիքներ ներդնել համավարակը կանխարգելելու համար:

«Ստացված տվյալների հիման վրա Արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակիցը զանգահարելու է քաղաքացուն և հայտնի, որ տվյալ անձն ամենայն հավանականությամբ շփվել է վարակակրի հետ և խնդրելու են նրան ինքնամեկուսանալ: Տվյալներ ստանալու են ավտոմատ, առանց մարդկային միջամտության», – ասաց Տիգրան Ավինյանը:

Ըստ Ավինյանի՝ կառավարությունն ուզում է առավել վերահսկելի դարձնել իրավիճակը և նվազեցնել  վարակի տարածման գործակիցը, ու եթե անգամ այս օրինագծի ընդունման արդյունքում մեկ մարդու կյանք է փրկվելու, ուրեմն քայլն արդարցված է:

Օրինագիծը առաջինից երկրորդ ընթերցում փոփոխությունների էր ենթարկվել ու համապատասխանեցվել ԱԺ պատգամավորների մի քանի առաջարկներին։

Ընդունված օրինագիծը չի նախատեսում օպերատորների կողմից հեռախոսազանգի ավարտի մասին տեղեկատվության տրամադրումը: Բավարար է միայն ֆիքսել, որ տեղի է ունեցել զանգ:

Հստակեցվել է, որ անհրաժեշտության դեպքում օգտագործվելու է ոչ միայն կորոնավիրուսով վարակվածի, այլև նրա հետ շփված շրջանակի հետ շփում ունեցող այլ կոնտակտավորների, այդ թվում՝ բժշկական գաղտնիք համարվող տվյալների տրամադրումը:

Օրինագծի համաձայն՝ հավաքված տվյալները ապաանձնավորվում են, իսկ անձնավորված տվյալները ոչնչացվում արտակարգ դրությունից հետո։ Հավաքագրված բոլոր տվյալները պետք է ոչնչացվեն արտակարգ դրության ավարտից հետո մեկամսյա ժամկետում:

Նախագիծը արգելում է պահպանել և օգտագործել ապաանձնավորված վիճակագրական տվյալները:

Տվյալների գաղտնիության պահանջը գործում է ոչ միայն տվյալ փոխանցողի և բազայի հետ աշխատողների համար, այլև երրորդ անձանց համար՝ վարակակիր, հիվանդության ախտանշաններ ունեցող, հիվանդացած, բուժվող և նրանց հետ շփում ունեցած (կոնտակտավոր) անձանց:

Արտակարգ դրության օրերին հավաքագրված տվյալների ոչնչացման համար կառավարության որոշմամբ նախատեսվում է ստեղծել հանձնաժողով։ Հանձնաժողովի կազմում կարող են լինել նաև խորհրդարանական ուժերի ներկայացուցիչներ և փորձագետներ:

Չնայած այս փոփոխություններին, Հայաստանի քաղաքացիական հասարակությանը թվային տեխնոլոգիաների ու կիբերանվտանգության հարցերում աջակցող  Cyberhub-ի համահիմնադիր Արթուր Պապյանը համարում է, որ օրինագիծը իրավաչափ չէ ստեղծված իրավիճակին:

«3 մլն քաղաքացու տվյալներ են հավաքագրելու, մոդելավորելու ու օպերացիաներ իրականացնելու: Չեն ներկայացնում, թե ինչպես են օգտագործելու և ինչ արդյունքների են հասնելու այս ճանապարհով, ի վերջո, մարդու իրավունքների ոլորտի հետ գործ ունեն», – ասում է Պապյանը:

Ըստ նրա, չկան երաշխիքներ, որ հեռահաղորդակցության երեք օպերատորներից ստացված տվյալները հետագայում այլ նպատակով չեն օգտագործվելու, օրինակ, զանգվածային հավաքների և այլ միջոցառումների ժամանակ.

«Ստեղծվում են օրենսդրական բազա և տեխնիկական կարողություններ հանրային վերահսկողության համար: Հետագայում հնարավոր է առաջանա օգտագործման գայթակղություն»:

Գայանե Ասրյան


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *