2020.03.31,

Տեսակետ

«Տագնապը ցրելու մոտեցումը ռացիոնալ չէ, որովհետև չի տանում դեպի լուծում»

author_posts/nune-hakhverdyan
Նունե Հախվերդյան

Լրագրող, արվեստի քննադատ

Արտակարգ դրության ու մեկուսացման պայմաններում առաջնային է դառնում ոչ միայն սոցիալական պատասխանատվության զգացումը, այլև համակերպումը ամենօրյա ռեժիմի կտրուկ փոփոխությունների հետ: 

Առաջ են գալիս հոգեբանական խնդիրներ թե՛ կենցաղում, թե՛ աշխատանքի կազմակերպման փուլում, թե՛ ապագայի մասին մտորումներում:

Հոգեբան, հոգեթերապևտ Արման Բեգոյանի կարծիքով՝ հոգեբանական աջակցությունը անհրաժեշտ քայլերից է, քանի որ հիմա վախը, անհանգստությունը, խուճապը հաղթահարելու պահանջ ունեն շատերը:

Հատկապես, եթե չգիտենք, թե երբ է ավարտվելու անհասկանալին ու չենք կարող ազդել դրա վրա:

Հայաստանի հոգեբանների տարբեր միավորումներ կարող են հիմա մեծ դեր խաղալ՝ համակարգելով աջակցությունը: Միգուցե նաև՝ պարբերաբար արձագանքելով իրավիճակին այն տեսանկյուններից, որոնք հաճախ վրիպում են պետական մարմինների տեսադաշտից:

Խնդիրները երեխաների ու ծնողների հարաբերություններն են, ինֆորմացիոն հեղեղի ազդեցությունը, ֆինանսական աղբյուրների կայունությունը և շատ այլ անհանգստություններ, որոնք շփոթված վարքագծի առիթ են ու լուրջ հարված՝ հոգեկան առողջությանը:

Արման Բեգոյանն ասում է, որ մարդկանց համաճարակն անհանգստացնում է նույնիսկ ոչ այնքան առողջական, որքան տնտեսական տեսակետից, քանի որ ոչ բոլորը կարող են իրենց ապագային նայել առանց տագնապի: 

Ինչպե՞ս է ազդում ամենօրյա լրահոսին հետևելը մարդու ինքնազգացողության վրա: Լուրերը հիմնականում ահազանգող են ու սարսափեցնող: Դա խորացնու՞մ է տագնապը:

Կոնկրետ թեմայի շուրջ անընդհատ ինֆորմացիա որոնելն ու ամեն վայրկյան կարդալը բնորոշ է մարդուն, որը տագնապային վիճակում է և ունի վախեր:

Իսկ հնարավո՞ր է, որ մարդը որպես պրոֆիլակտիկ միջոց ընտրի մեկուսացումը ինֆորմացիայից:

Մարդուն հնարավոր չէ լիովին մեկուսացնել տեղեկատվությունից, քանի որ դա իռացիոնալ է նույնքան, որքան ամեն վայրկյան տեղեկացված լինելու ցանկությունը:

Նշանակություն չունի, թե ինչ ծավալով ես ստանում ինֆորմացիան, անհրաժեշտ է, որ կարողանաս այն վերլուծել:

Կան մի քանի սկզբունքներ, որոնք կարելի է կիրառել:

Դրանցից մեկը քննադատական մտածողության մոտեցումն է, երբ ցանկացած բան, որը կարդում, տեսնում կամ լսում ենք, անպայման անցնի այս հարցի ֆիլտրով՝ ի՞նչ հիմքեր ունեմ մտածելու, որ ստացված ինֆորմացիան ճիշտ է, և իրականությունն այնպիսի՞ն է, ինչպիսին ներկայացվում է ինձ:

Անգլերեն դրան ասում են evidence gathering, ապացույցների հավաքագրում և գնահատում:

Քննադատական մտածողության տեսանկյունից նայելը օգնում է չընդունել ցանկացած ինֆորմացիա որպես վերջին ճշմարտություն («հալած յուղի պես»):

Դա վերաբերում է ցանկացած ինֆորմացիայի, որը կարդում ենք լրատվամիջոցներում, ստանում սոցիալական մեդիայով կամ լսում մեր հարևանի ընկերուհու սկեսուրից, որը ինչ-որ տեղ է աշխատում ու հստակ գիտի, որ իր ասածը հիմնավոր է:

Եվ, իհարկե, կարևորվում է աղբյուրի վստահելիությունը, կոմպետենտությունը:

Այս խնդիրը ի հայտ է եկել ոչ հիմա, այն միշտ կար, հատկապես այն մարդկանց մոտ, որոնք հոգեկան առողջության խնդիրներ ունեն՝ տագնապային բնույթի:

Նրանց բնորոշ է տարբեր ֆորումներում անընդհատ նորություններ որոնել, կարդալ ամեն մի գրառում, հարցուփորձ անել, այլընտրանքային բացատրություններ և մեկնաբանություններ փնտրել:

Իսկ դա մեր այսօրվա արտակարգ դրության պայմաններում միմիայն վնասում է:

Ընդհանրապես, տագնապը բնական ռեակցիա է, այդպես ենք պաշտպանվում, երբ կա իրական վտանգ:

Բայց պետք է փորձել հավասարակշռել հակազդումներն ու փաստարկները:

Գրեթե ողջ մոլորակն է արտակարգ դրության մեջ: Կարծես, միայնակ չենք: Այդ զգացումը, որ միայնակ չենք, մեղմու՞մ է տագնապը:

Նկատի ունեք այն իրավիճակը, երբ «ընկերովի մահը հարսանի՞ք է»:

Իրականում, դա անհատական ընկալման հարց է:

Այնպես չէ, որ միայնության զգացումը մարդկանց մոտ առաջացավ կամ բխեց համաճարակի ու ինքնամեկուսացման պատճառով:

Կարելի է օրական շփվել տասնյակ ու հարյուրավոր մարդկանց հետ, բայց զգալ միայնություն: Եվ ընդհակառակը՝ շատ հարմարավետ ապրել ինքնամփոփ ռեժիմով՝ չզգալով միայնակ:

Ամեն ինչ անհատական է:

Մարդիկ որոնում են նաև զվարճանք ու ուրախության առիթներ: Հիմա, երբ սահմանափակվել է տեղաշարժը՝ զբոսանքից մինչև մարդաշատ հավաքույթներ, դա կարո՞ղ է դառնալ դեպրեսիայի սկիզբ: Թե՞ ուրախության ձգտումը պիտի լինի բոլոր պայմաններում: Թեկուզ սոցիալական մեդիայում այդ մասին հայտնելով:

Կարծում եմ, հիմա այդ հարցադրումն անում եք՝ ելնելով այն ենթադրությունից, որ ուրախություն որոնելը բացարձակ ճշմարտություն է: Այսինքն, որ մարդիկ այս պահին ուզում են ինչ-որ կերպ ուրախանալ:

Իրականում, դա այդպես չէ:

Եվ եթե մարդն այդպես է ձգտում խուսափել իրավիճակի լրջությունից, իրավիճակի անորոշությունից, այդ անորոշության մեջ պարունակվող հնարավոր վտանգներից, ապա, պիտի ընդունի նաև, որ տագնապը ցրելու կամ «ցրվելու» մոտեցումը ռացիոնալ չէ, որովհետև դա չի տանում դեպի լուծում:

Խնդիրն այն չէ, որ մարդն ուզում է ուրախանալ, այլ այն, թե ինչ դրդապատճառներով է մարդն ուզում ուրախանալ:

Եթե ուզում է ցրել անհանգիստ, տագնապային մտքերը կամ դիմադրում է անորոշ, բայց անխուսափելի ապագայի մասին մտավախություններին, ապա պիտի գիտակցի, որ դա ցանկալի չէ, որովհետև հեռացնում է խնդրի լուծումը:

Այդ մոտեցումը կարող է կա՛մ հենց ընթացքում, կա՛մ ավելի ուշ դառնալ լուրջ հիասթափությունների պատճառ:

Այսինքն, խնդրի հետ առերեսվելու փոխարեն, խնդիրը «քշում» ենք մեզանից կամ այն չտեսնելու ենք տալիս:

Մոտավորապես նույն պատճառով էլ համաճարակի սկզբի օրերին, երբ վարակվածների թիվը սկսեց աճել, մարդկանց մի հատված շատ էր բարկանում նրանց վրա, ովքեր հաճախում էին հանրային վայրեր ու չէին դրսևորում սոցիալական պատասխանատու վարք:

Թեև այդ բարկությունը կարելի էր հասկանալ (համատեքստից դուրս), բայց դա նաև հետևանք էր հենց չհիմնավորված, իռացիոնալ պատկերացման, թե հնարավոր է կորոնավիրուսը անցնի Հայաստանի կողքով:

Այն տրամաբանությա՞մբ, որ հարևանին կկպնի, իսկ ինձ՝ ոչ:

Երբ մի բան շատ ես ուզում, ինչ էլ լինի, հավատալու ես, որ քո ուզածը կլինի:

Բայց որ հանկարծ քո ուզածով չի լինում, է՛լ ավելի ես հիասթափվում:

Մինչդեռ եթե հենց սկզբից մոտեցումը լիներ ռացիոնալ (չեմ ասում՝ հոռետեսական), մեր հուզական վիճակը առնվազն համարժեք կլիներ իրականությանն ու գնահատականներին:

Հիմա քննարկվում է նոր օրինագիծ, որով նախատեսվում է հեռախոսներով հավաքագրել տեղաշարժի, զրույցների մասին տվյալները: Երևի այդ խնդրահարույց օրինագիծը նույնպես վախ կառաջացնի, քանի որ անհայտ է, թե ինչ նպատակով, ում կողմից և ինչպես դրանք կարող են օգտագործվել հետագայում:

Դեռ տեղյակ չեմ, թե օրինագիծը ինչ է ենթադրում: Բայց անձնական տվյալների պաշտպանությունը (հիմնարար ազատություններից մեկը) ընդհանրապես շատ կարևոր է:

Եվ բնական է, որ մարդկանց անհանգստացնում է, թե ինչպես են օգտագործվելու իրենց անձնական տվյալները:

Բոլոր մարդիկ էլ ունեն այս կամ այն չափի գաղտնիքներ, անգամ, ոչ գաղտնիքներ, պարզապես ինֆորմացիա, որը կուզեին չհանրայնացնել:

Կան բաներ, որոնք չենք ուզում, որ որևէ մեկն իմանա: Եվ դա բնորոշ է բոլորիս:

Այո, այս թեմայով կարող են լինել նաև ոչ լիարժեք, հիպերբոլիզացված, աղետի աստիճանի հասցված վախեր ու խուճապային մտքեր:

Երբ խոսում ենք անձնական տվյալների մասին, երբեմն այն նմանեցնում ենք մերկ մարմնի հետ:

Իհարկե, հիմա դա ասում են մեծ վերապահումով, բայց երբ քո անձնական տվյալների տերը չես, քեզ զգում ես խոցելի, մերկ:

Հարցազրույցը Նունե Հախվերդյանի


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *