2012.03.30,

Քննադատ

Գլխացավից մինչեւ գլխացավանք ընդամենը մեկ տառ է

author_posts/nune-hakhverdyan
Նունե Հախվերդյան
twiter

Լրագրող, արվեստի քննադատ

Դիտելով Հանրային հեռուստաընկերության «Առավոտ լուսո»  տեղեկատվական-զվարճալի ծրագիրը՝ եզրակացնում ես, որ հանրային շահերը սպասարկող ալիքը հանդիսատեսին ավելի ու ավելի է սուզում խավարամտության մեջ: Խավարածին, մշուշոտ ու ի վերջո՝ վնասակար մտքերը հաստատ կծնվեին յուրաքանչյուր դիտողի մոտ, եթե նա ուժ գտներ ու  սկզբից մինչեւ վերջ դիտեր մարտի 27-ին հեռարձակած լուսավոր առավոտ ձեւավորելու նպատակ ունեցող հաղորդումը:

Այն բովանդակությունը, հյուրերն ու հաղորդումը վարելու ձեւը, որը օգտագործված էր հատկապես այդ օրվա ծրագրի մեջ, պարզապես շշմեցնող էր: Ավելի ճիշտ նման էր բանականությանը հասցված անդառնալի շոկի: Կարծես ողջ խավարը խտացել էր սպիտակ գույներով ձեւավորված այդ գեղեցիկ տաղավարում, ու նրբորեն շպարված, կոկիկ հագած-կապած երիտասարդ գլամուրային դեմքերի ամեն հայացքով ու բառով սպառնում էր կաթվածահար անել հանդիսատեսին:

Ընդհանրապես առավոտը թողարկվող հաղորդումները մեծամասամբ նույն ֆորմատն ունեն (ամեն ինչից քիչ-քիչ, արագ-արագ ու անբռնազբոս), սակայն «Հ1»-ը առաջարկում է[[wysiwyg_imageupload:231:]] առավոտվա հաղորդման այնպիսի բանաձեւ, որը պարզապես դուրս է հեռուստատեսային ոլորտից: Այդ բանաձեւն ավելի շուտ
անթրոպոլոգիայի, անգամ՝ գենետիկայի հետ է առնչվում:

Մի կողմ դնենք հաղորդման առաջարկած սուրճ ըմպելու երկար ու ձիգ պրոցեդուրան («Գուգո ես քեզ համար իմ ձեռքով սուրճ եմ պատրաստել, էդ ո՞նց է, որ չես ուզում խմել: Պիտի խմես», – սիրունատես հաղորդավարուհու հորդորով), անտեսենք նաեւ ճաշ եփելու ու միաժամանակ երեք հաղորդավարների հետ շփվելու գործընթացը: Անցնենք բուն նյութին: Այսինքն՝ հյուրերի միջոցով ի հայտ եկող բովանդակությանը: «Առավոտ լուսո» ծրագրի հյուրերն էին մերսողն ու էքստրասենսը: Եվ երկուսին էլ տրամադրված էր բավականին մեծ ժամանակահատված՝ իրենց յուրահատուկ, մարգինալ մտքերը հանրայնացնելու համար: Մերսողը կադրում մերսում էր՝ մեկնաբանելով իր մատների շարժումներն ու խորհուրդներ տալով համ մերսել դեմքը, համ էլ զգույշ լինել՝ սխալ կետերը չսեղմելու համար: Մի խոսքով՝ մերսումը թողնել մասնագետներին: Այսինքն՝ իրեն:

[[wysiwyg_imageupload:232:]]Էքստրասենսը խոսում էր իր «նվաճումների» մասին ու ապացուցում, որ ամենակարող բժիշկը պետք է մոգ լինի՝ «կարդալով» մարդու օրգանիզմը առանց հավելյալ սարքերի, միայն մտքի ուժով: Հանրային ալիքի այդ հյուրը ավստրալացի մի աղջկա աղիներն էր բուժել, այն պարագայում, երբ ավանդական բժշկությունն արդեն խաչ էր քաշել նրա առողջության վրա:

Եվ ուշագրավն այն է, որ թելապատիկ ունակություններն ու ժամանակի եւ տարածության միջով ուղերձների փոխանցումը (որոնք ի դեպ՝ վավերացվել էին անհասկանալի ծագում ունեցող ակադեմիաների ու միությունների կողմից) գովաբանող այդ անձի յուրաքանչյուր մտքի փայլատակումը միանգամից երեք հաղորդավարները լսում էին բաց բերանով ու հիացական մեկնաբանություններ անելով: Հաղորդավարները (երկու օրիորդ ու մի երիտասարդ) չէին զլանում ու մեզ՝ հանդիսատեսիս ցուցադրում էին  ավստարալական թերթերի հոդվածների խոշոր պլանները, նշելով, որ հրաշագործության մասին նաեւ տեսանյութ կա: Մի խոսքով՝ կես ժամից ավելի փառափանվում էր հրաշագործության արարումը: Որպես օրիգինալ ավարտ բոլոր երեք հաղորդավարները հիշեցին, որ նրանցից մեկի գլուխը առավոտը ցավում էր ու խորհուրդ հարցրեցին հյուրից: Նա հրամայեց օրիորդին աչքերը փակել, մտովի նրան ուղերձներ ուղարկեց ու հարցրեց՝ եվ ի՞նչ: Եվ աղջիկը հլու-հնազանդ պատասխանեց՝ գլխացավն անցավ:

Տեսաք, ինչ լավ ուղերձներ է ուղարկում իր հանդիսատեսին Հանրային հեռուստատեսությունը: Այդ հաղորդումը զառանցանքին հարող խավարամիտ մեսիջ ուղարկեց, որը մոտավորապես այսպես է վերծանվում. «Տեսաք, ինչպես է պետք բուժել ու բուժվել, տեսաք, ինչպես խոհեմ ու ճակատային է պետք PR անել»:


Վերադառնալով գենետիկայի թեմային՝ կարելի է հիշել, որ մոգական միջամտությունը որպես կանոն միշտ խախտել է բնական ընթացքն ու մուտացիաների սկիզբ դարձել: Հին ժամանակներում զայրացած աստվածները երկնքից կամ ջրի հատակից դուրս էին գալիս հողի մակերես ու վրեժ լուծում գերբնական էակների գործին միջամտողներից, ինչի հետեւանքով էլ մահկանացուները դառնում էին հնազանդ ու այլեւս չէին ընդվզում:

Եվ երբ հանրային շահի ներքո խոսքը (տաղավարը, հիացած վարողները, տեխնիական սպասարկումը) տրվում է խավարը տարածող անձանց, հանդիսատեսի մոտ փոխվում է գենետիակորեն ձեռք բերված մտածելու, տրամաբանելու ունակությունը (գենի մի քանի հանգույց է ծռմռվում): Հանդիսատեսը դառնում է կամ ցինիկ, կամ էլ հիստերիկ: Առաջին դեպքում՝ լուռ նայում ու այլեւս չի էլ արձագանքում, իսկ երկրորդ դեպքում՝ ողջ ուժերը թափում է էքստրասենս գտնելու, բուժվելու ու երջանկանալու համար: Այլ ուղի չկա:

Գլխացավ ունես՝ մութ ու անորսալի ուժերի օգնությանը դիմիր, չես ուզում՝ հեռուստատեսությունը կդառնա գլխացավանք:

Նունե Հախվերդյան

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *