Վիրավորանքներ չհրապարակելը գրաքննությո՞ւն է

20.12.2011, Քննադատ

Առցանց «Առավոտի» խմբագիր

Ամեն տեսակ վեճերը , թե արդյո՞ք մեկնաբանությունների մոդերացիան յուրօրինակ գրաքննություն չէ՝ քաղաքական աննպատակահարմարության դրդապատճառով, կարծում եմ, կդադարեին, եթե, չմտածելով այն մարդկանց զգացումների մասին, որոնց վերաբերում են դրանք, հրապարակեի գոնե մի մասն առցանց «Առավոտի» չհրապարակած մեկնաբանություններից:

Որքա՞ն քաղաքականություն կա, ասենք, հետեւյալ դատողության մեջ. «Վատ չէր լինի, եթե այդ անասունի համապատասխան օրգանները կտրեին եւ եփեին, հետո տային տիրոջը, որ լափեր։ Որքան գիտեմ, նմաններին գցում են աքլորների կամեր, որտեղ նրանք արդարացիորեն բավարարում են իրենց պահանջները։ Ափսոս, որ այդ մարդանմանների համար կախաղան չկա»: Իսկ այս մեկո՞ւմ. «Սեռական սանձարձակի մեկն է, գնացեք Նովոսիբիրսկ եւ հարցրեք, թե ինչպես հայտնի գիտնականի կնոջ բռնաբարության համար ձերբակալվել է»: Այս ամենը չհրապարակելն ազատ խոսքի սահմանափակո՞ւմ է: Ես դեռ ընտրել եմ հնարավորինս մեղմ օրինակներ, թեեւ կան նաեւ այնպիսիք, որոնք ենթադրել են տալիս, թե, անանուն մնալով, կայքերում մեկնաբանություններ գրելը որոշների համար սուբլիմացիայի մի ձեւ է:

Չէ, իհարկե, կան նաեւ հատուկենտ մեկնաբանություններ, որոնց տեղեկատվական առիթը քաղաքական է: Բայց ինչպե՞ս են այդ մարդիկ արտահայտում իրենց սերը կամ ատելությունը տվյալ ուժի հանդեպ: Մենք հրապարակել եւ հրապարակելու ենք քննադատություն քաղաքական ասպարեզի անխտիր բոլոր դերակատարների հասցեին: Սակայն արդյոք պե՞տք է հրապարակել ընդդիմադիր մի ուժի հասցեին «ազգային դավաճանների խմբակ» կամ իշխանական մի ուժի հասցեին՝ «պատեհապաշտների միավորում» որակումները:

 Ի՞նչ, ուզում եք համոզել, թե փաստերի սով է, ու հնարավո՞ր չէ քննադատել առանց վիրավորելու եւ հայհոյելու: Եվ հեղինակին քո անհամաձայնությունը հայտնելիս անպայման պե՞տք է գրել. «Եթե այնպես է մտածում, ինչպես գրում է, նա սովորական կոմֆորմիստ է եւ մորթապաշտ, եթե մտածում է այլ կերպ, բայց գրում է այլ բան, ապա նա սովորական երեսպաշտ է»:

  Օգտագործեմ նաեւ մեկ այլ օրինակ, որը հիշատակել էի Համբարձում Համբարձումյանին խորհելու նյութ տված իմ «Համացանցը զուգարանի պատ չէ, որտեղ ինչ ասես կարելի է գրել» հոդվածում: Մարդը լրագրողին պատասխանելու, թերեւս, այլ փաստարկ չունի, եթե նրա սեռային պատկանելությունն է շեշտում. «Այսպիսի թունոտ վրեժխնդրությամբ միայն թունդ սիրահարված կինը կարող է գրել, «անմատչելի» սիրո օբյեկտի մասին»: Իսկ երբ այդ մեկնաբանությունը չի հրապարակվում, եւ բացատրվում է պատճառը՝ հետեւում է ասվածն այլ «սոուսի» ներքո մատուցելու փորձ. «Մեկնաբանությունը պարզ փոխաբերություն է, եւ խոսքը գնում է ընդամենը չիրագործված մասնագիտական հավակնությունների, եթե կուզեք` «մասնագիտական ֆրուստրացիայի» մասին»:

Էլի եմ շեշտում՝ մենք հրապարակել ենք բազմաթիվ ու շատ սուր քննադատական դիտողություններ նաեւ մեր լրատվամիջոցի եւ թղթակիցների հասցեին: Սակայն դրանք առնվազն շարադրված են եղել բարեկրթորեն: Համաձայնեք՝ առնվազն մազոխիստ պիտի լինես կամ չհարգես գործընկերոջդ՝ նրա հասցեին այսպիսի մեկնաբանության հրապարակումը հաստատելու համար. «Մարդ կա՝ Ծերեթելիում է վաճառվում, մարդ կա՝ լրատվամիջոցի էջերում»:

Այսուհանդերձ, անկեղծորեն ուրախ եմ բանավեճը շարունակելու հնարավորության համար, քանի որ կարծում եմ՝ սա դեռ բավական հում նյութ է: Այս կապակցությամբ ոչ միայն օրենսդրական կարգավորման, այլ գուցե նաեւ արտերկրում նման խնդիրների լուծումներին ավելի լավատեղյակության հարցեր կան:

Իսկ առայժմ բազմաթիվ հարցականներ կան համացանցում մեկնաբանություններ հրապարակելու առնչությամբ, եւ դրանցից մեկն էլ հաստատ նաեւ այն է, թե արդյոք մեկնաբանությունների մոդերացիան չի՞ վերածվի  յուրօրինակ գրաքննության: Սակայն նման մեղադրանք կամ թեկուզ մեղադրանքի ակնարկ ինչ-որ մեկին ներկայացնելուց առաջ լավ կլիներ գոնե մեկ օրինակ ունենալ՝ հիմնավորելու, թե այ այս մեկնաբանությունը տվյալ լրատվամիջոցը չի հրապարակել ոչ թե էթիկական, ոչ թե իր կողմից ի սկզբանե հռչակած կանոնների պատճառով, թե վիրավորանքներ չի տարածելու, այլ բացառապես քաղաքական կամ գաղափարական աննպատակահարմարության պատճառով:

Իսկ նման փորձ անգամ, կարծում եմ, որեւէ ԶԼՄ, որը հռչակել է, թե հարթակ է տրամադրելու բոլորին՝ անկախ իրենց քաղաքական ուղղվածությունից, իրեն այլեւս թույլ չի կարող տալ, քանի որ պիտի վստահ լինի՝ այդ մեկնաբանությունն անմիջապես կհայտնվի այլ ԶԼՄ-ում՝ պարզաբանմամբ, որը զրոյի կհավասարեցնի չեզոք ու հավասարակշիռ երեւալու ամեն մի փորձ:

Հիմքեր ունեմ պնդելու, որ ընթերցողները հենց այդպես էլ կվարվեն: Մեկը մեր կայքում մեկնաբանություն էր գրել պատգամավոր կնոջ հասցեին՝ նրան ոչխար անվանելով: Երեք անգամ գրեց, երեք անգամ էլ չհրապարակեցինք, եւ չորրորդ անգամ նա գրեց. «Այստեղից ջնջում եք իմ գրած մեկնաբանությունը, բայց ոչինչ՝ դա կհայտնվի մամուլներում, խոստանում եմ»: Վստահ եմ, նա թերեւս հաջողի էլ, այն պայմաններում, երբ ոմանց համար խոսքի ազատության չափանիշը մարդու հասցեին «ոչխար» ու նման բառեր հրապարակելն է:

Աննա Իսրայելյան

Հ. Գ. Համբարձում Համբարձումյանը մեր կայքի առնչությամբ նկատել էր. «Լրագրողներն ունեն իրենց անհատական տարածքները` բլոգները, որտեղ գրառում են իրենց խոհերը, հիշողությունները, մոտեցումները, պատկերացումները, սակայն նշված չէ, թե ինչ օրենքներ են գործում այդ բլոգերում արված մեկնաբանությունները մոդերացնելիս»: Պարզաբանեմ՝ մեր հրապարակման կանոնները միասնական են կայքի բոլոր հատվածների համար

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:

Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
 

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:
Լրացուցիչ տեղեկություններ ?