Տարբեր թվեր ծիրանի արտահանման մասին

13.07.2018, Ստուգված է

Սննդի անվտանգության պետական ծառայության (ՍԱՊԾ) տվյալներով, 2013-2017թթ-ին Հայաստանից արտահանվել է  մոտ 94,344 տոննա թարմ ծիրան, այնինչ ըստ վիճակագրական կոմիտեի, նույն ժամանակահատվածում արտահանվել է ընդամենը՝ 45,826 տոննա ծիրան: Այլ կերպ ասած, տարբերությունն ավելի քան 2 անգամ է (Պետական եկամուտների կոմիտեն (ՊԵԿ) այդքան քիչ է ֆիքսում և տրամադրում վիճակագրական կոմիտեին, որն էլ հրապարակում է ցուցանիշները)։

Դիտարկենք թարմ ծիրանի արտահանման ժամանակային շարքերն առավել մանրամասն, ինչպես երևում է բոլոր տարիներին ՍԱՊԾ-ի արձանագրած քանակը միշտ էլ գերազանցել է ՊԵԿ-ի տվյալները։ Պետք է նշել, որ ՍԱՊԾ-ի հաշվառման մեջ ներառված են 5կգ-ից ավել բոլոր բեռները, որոնց համար տրվում է բուսասանիտարական հավաստագիր, իսկ ՊԵԿ-ի մոտ թերևս այլ մոտեցում է գործում։ Ինֆոգրաֆիկայից երևում է, որ 2015թ-ից սկսած տարբերությունը ՍԱՊԾ-ի և ՎԿ-ի տվյալների միջև ավելի է խորանում՝ 2017թ-ին հասնելով ավելի քան 7 անգամի։

Ինչևէ, ունենք այն ինչ ունենք։ Քանի որ 2016-2017թթ-ին այդ տարբերությունը շատ մեծ ծավալների է հասել, փորձենք գնահատել, թե դա ինչ ազդեցություն կարող էր ունենալ արտահանման դրամային ծավալների վրա՝ հիմք ընդունելով արտահանման միջին տարեկան գինը կիլոգրամի հաշվով։

Ըստ այդմ, 2016թ-ին այն կազմել է 61 ցենտ, իսկ 2017թ-ին՝ 40 ցենտ։ Չվիճարկելով հայտարարագրված գների հավաստիությունը՝ ենթադրենք ՍԱՊԾ-ի հաշվառած արտահանման գոնե 95%-ը պետք է ՊԵԿ-ի դեպքում հաշվառվեր։ Այդ դեպքում դրամային արտահայտությամբ արտահանումը 2016թ-ի 1.92 մլն դոլարի փոխարեն պետք է լիներ 11.3 մլն դոլար, իսկ 2017թ-ին՝ 1.57 մլն դոլարի փոխարեն` 10.9 մլն  դոլար։

Ինչպես տեսնում եք տարբերությունը (թերհայտարարագրումը) կազմում է համապատասխանաբար 9.37 և 9.31 մլն դոլար։ Համեմատության համար, 2016թ-ին ամբողջ արտահանումը կազմել է 1․792 մլրդ դոլար, իսկ 2017թ-ին՝ 2․15 մլրդ դոլար։

Ինչ վերաբերում է 2018թ-ին, ապա ՍԱՊԾ տվյալներով, հուլիսի 11-ի դրությամբ Հայաստանից արդեն իսկ արտահանվել է 44,131 տոննա ծիրան` գրեթե 1.55 անգամ ավելի շատ, քան նախորդ տարվա նույն ժամանակահատվածում։ Սակայն Վիճակագրական կոմիտեն արտահանման բացվածքը ըստ ապրանքային անվանացանկի դեռևս չի հրապարակել և չենք կարող փաստել ինչքանն է ֆիքսվել ՊԵԿ կողմից և ներառվել արտահանման պաշտոնական ցուցանիշի մեջ, ինչքանը՝ ոչ։

 

                                                                                          Տնտեսագետ Հայկազ Ֆանյան

Պարզաբանում

«Թարմ ծիրանի» հաշվառումը վարվում է արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկի 080910 ծածկագրով։

Տվյալների համար հիմք ենք ընդունել UN Comtrade տվյալների բազան, որին տեղեկատվությունը փոխանցում է վիճակագրական կոմիտեն, հնարավոր են չնչին շեղումներ վիճակագրական կոմիտեի վերջնական հրապարակած ցուցանիշների հետ։

 

Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
 

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:
Լրացուցիչ տեղեկություններ ?